ԳլխավորԼուր

Ինչու է ծխախոտի իրացումը կազմակերպվել դպրոցների շենքերում. Արցախի ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը

Սախարովի անվան համար 8 միջնակարգ դպրոցը Ստեփանակերտում, Արցախ

Արցախի լիակատար շրջափակմամբ պայմանավորված՝ հաճախ է առաջանում սուղ քանակ ունեցող այս կամ այն ապրանքը քաղաքացիներին տրամադրելու կամ իրացնելու անհրաժեշտություն, հայտնում են Արցախի ԿԳՄՍ նախարարությունից:

«Նման աշխատանքները հնարավորինս արագ և արդյունավետ կազմակերպելու, միևնույն անձի կողմից մի քանի իրացման կետից նույն ապրանքը ստանալու հնարավորությունը բացառելու համար կազմվել է համակարգչային հատուկ ծրագիր։ Ծրագիրը գործարկելու և Ստեփանակերտ քաղաքում սփռվածությունն ապահովելու համար կահավորվել են դպրոցների դահլիճները, որոնք ապահովված են հատուկ ու անվտանգ կապով և համակարգիչների որոշակի քանակությամբ: Այդ պայմաններն ամեն անգամ այլ շենքում կամ շինությունում ապահովելը նպատակահարմար չէ և հավելյալ ծախսեր է առաջացնում: Այդ պատճառով ծխախոտի իրացումը երեկ ևս կազմակերպվել է դպրոցների շենքերում:

Այդ հանգամանքը ֆեյսբուքյան հարթակում «հայրենասիրություն» և «բարոյականություն» քարոզողների կողմից սկսել է շահարկվել ու օգտագործվել որպես քննադատության նյութ:

Կոչ ենք անում ստեղծված իրավիճակում զերծ մնալ անհարկի խոսակցություններից, անհիմն քննադատություններից և հանրային լարված տրամադրությունները հավելյալ ցնցումների ենթարկելու փորձերից»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։

Սննդամթերքների որոշ տեսակներ վաճառվում են կտրոնով։ Առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքներ պարզապես չկան, հումանիտար ճգնաժամն օրեցօր ավելի է խորանում։