Գրեթե 5-ամսյա դադարից հետո մոտ 2 մլն դպրոցական օգոստոսի 12-ին եւ 13-ին սկսեցին հաճախել դպրոց գերմանական ամենախոշոր՝ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալյան դաշնային երկրամասում, տեղեկացնում է «Դոյչե Վելլեն»։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով երեխաները մարտից հեռավար էին սովորում, ապա սկսեցին շաբաթական 1-2 օր ոչ մեծ խմբերով դպրոց գնալ, մինչեւ սկսվեցին ամառային արձակուրդները, որոնք արդեն ավարտվել են։
Իհարկե ասել, թե նորմալ ուսումնական տարի է սկսվել, հնարավոր չէ. քանի որ կրթության բնագավառը երկրամասերի տնօրինության տակ է, այդ պատճառով տարբեր երկրամասերում դպրոց գնալու ժամկետներն ու կանոնները տարբեր են։
Հյուսիսային Հռենոս-Վեստֆալյան երկրամասում, որտեղ կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելի շատ է, քան մյուս տեղերում, այդ կանոններն ամենախիստն են։ Օրինակ՝ դասերի ժամանակ ու դասամիջոցներին դիմակ դնելը պարտադիր է 5-րդ դասարանից սկսած։
Դիմակները կարող են հանել միայն ուսուցիչները, այն էլ կարճ ժամանակով, երբ գրատախտակի մոտից դիմում են աշակերտներին, այսինքն՝ զգալի հեռավորության վրա։ Ի դեպ, երեխաներին գրատախտակի մոտ չեն կանչում, նրանք պատասխանում են տեղից։
Գերմանիայում այս օրերին բավականին շոգ եղանակ է՝ ավելի քան 30 աստիճան, եւ բավական դժվար է 5-6 ժամ դիմակ դնել ու պահպանել կանոնները, չնայած դասասենյակները շատ հաճախ օդափոխվում են։ Բայց դպրոցականների, ուսուցիչների ու ծնողների մեծ մասը կարծում է, որ ավելի լավ է դիմակներով առկա ուսուցում, քան հեռավար Homeschooling-ը։
Շլեզվիգ-Հոլշտեյն երկրամասում, որտեղ վարակման դեպքերը համեմատաբար քիչ են, որոշել են դպրոցներում ընդհանրապես չպարտադրել դիմակ դնել։ Չնայած կրթության նախարարությունը խորհուրդ է տալիս, բայց չի պարտադրում։ Իսկ վերը նշված Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում պահանջներն ավելի խիստ են, ընդհուպ դպրոցից հեռացում՝ առավել չարամիտ կարգազանցության դեպքում։
Գերմանիայի տարբեր շրջաններում ուսումնական տարին տարբեր օրերի է սկսվում։ Բեռլինում, Բրադենբուրգում, Համբուրգում, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում, Շլեզվիգ-Հոլշտեյնում, այժմ արդեն՝ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում երեխաներն արդեն դպրոց են գնում։ Ընդհանուր առմամբ վերաբացված դպրոցների թիվն ավելի քան 10 հազար է, որոնցից միայն 10-ն են փակվել, քանի որ աշակերտներից կամ ուսուցիչներից որեւէ մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այդ դպրոցներում ուսումնական տարին կսկսվի երկրորդ անգամ՝ արդեն 2 շաբաթ հետո։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։