Պոլիտեխնիկը հիմնադրում է բնագիտական, տեղեկատվական տեխնոլոգիաների և ինժեներական ուղղվածությամբ դպրոց 1-9 դասարանների աշակերտների համար, տեղեկանում ենք բուհի ֆեյսբուքյան էջից:
Հիմնական դպրոց հիմնելու նախագիծը փետրվարի 27-ին հաստատվել է ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստում:
Հիմնական դպրոցը գործելու է Երևան քաղաքի Վրացական 22 հասցեում գտնվող ՀԱՊՀ-ի 8-րդ մասնաշենքում:
«Այն հագեցած կլինի միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից լաբորատորիաներով, դասասենյակներով, սպորտային համալիրով և մրցունակ կրթության համար անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներով:
Ժամանակակից նոր կրթական միջավայրում կիրականացվի խորացված տեխնոլոգիական և բնագիտական կրթություն:
Պոլիտեխնիկը Հայաստանի Հանրապետությունում այն եզակի հաստատությունն է, որտեղ կրթությունը սկսվում է նախակրթարանից, շարունակվում ավագ դպրոց, միջին մասնագիտական կրթություն, այնուհետև բարձրագույն կրթություն՝ իր երեք մակարդակներով»,-նշված է հաղորդագրության մեջ։