Երևանի թիվ 180 դպրոցն այսուհետ կրելու է 20-րդ դարի գրող, հրապարակախոս, գրականագետ, ազգային-հասարակական գործիչ Զապել Եսայանի անունըհայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
«Խորհրդանշական է, որ անվանակոչությունը տեղի է ունենում ի պատիվ մեր պատմության ուժեղ կանանցից մեկի՝ Զապել Եսայանի: Նա բազմաթիվ առումներով կարող է օրինակ ծառայել մեր կանանց ու աղջիկներին՝ առաջ գնալու և հաջողություններ գրանցելու համար: Զապել Եսայանի կերպարն ուսանելի է նաև տղաների համար՝ տեսնելու, թե ինչպիսի կանայք կան իրենց կողքին և ինչպես կարող են միասին այդ ուժն օգտագործելով՝ հզորանալ ու նաև զորեղացնել մեր երկիրը»,- շնորհավորական խոսքում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Որևէ գործչի անունով դպրոցների անվանակոչությունը նախարարը համարել է պատասխանատվություն այդ մարդկանց ճանաչելու, նրանց պատմական դերը, փորձն ու ժառանգությունը, գիտելիքը, թողած արժեքները շարունակաբար նորացնելու և առաջ տանելու համար:
Միջոցառման շրջանակում «Նաիրյան» վոկալ անսամբլը դպրոցի սաների հետ հանդես է եկել «100 տարի անց» բեմականացմամբ:

