ԳլխավորԼուր

ԿԳՄՍ նախարարն ընդունել է Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի ներկայացուցիչներին. քննարկվել է միավորման հարցը

Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի մանկավարժական կազմի ներկայացուցիչներին՝ դպրոցի տնօրեն Անի Քալաշյանի գլխավորությամբ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Հանրակրթության վարչության պետի պարտականությունները կատարող Սուսաննա Ազատյանը, Իրավաբանական վարչության պետ Հովհաննես Գևորգյանը:

Քննարկման առանցքում Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցը Արմավիրի Ռ. Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցին միացման ձևով վերակազմակերպելու ՀՀ կառավարության որոշման նախագիծն էր:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախագիծը կրթության ոլորտում պետական բարեփոխումների համատեքստում և անդրադարձել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին, որն իրագործելու համար ուսումնասիրվել են թե՛ գյուղական, թե՛ քաղաքային դպրոցները:

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի մանկավարժներին
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի մանկավարժներին

«Նախկինում, երբ ավագ դպրոցները նոր էին կազմավորվում, դրանց համար հատկացվել են համեմատաբար ավելի մեծ և ոչ բարվոք վիճակում գտնվող դպրոցներ: Սրանով պայմանավորված՝ այսօր հիմնական դպրոցներում խնդիր ունենք: Այդ դպրոցները, որտեղ սովորում են ավելի մեծ թվով աշակերտներ (1-ից 9-րդ դասարան), զգալիորեն ծանրաբեռնված են, իսկ ավագ դպրոցները, որոնք և՛ ավելի տարողունակ են, և՛ ավելի քիչ թվով աշակերտների են սպասարկում (10-12-րդ դասարան), թերբեռնված են: Ստացվում է, օրինակ, Արմավիրում ունենք 2 ավագ դպրոց, որոնք չեն օգտագործվում ամբողջությամբ: Մեր խնդիրն է այդ 2 դպրոցների ռեսուրսների կիրառմամբ ունենալ 1 ուժեղ ավագ դպրոց»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա նաև ավելացրել է, որ այս համատեքստում դիտարկվում է նաև վերամիավորման արդյունքում ազատվող դպրոցի տարածքը կրթական այլ նպատակով օգտագործելու հարցը: Արմավիրում գործող Բժշկական քոլեջը չունի սեփական շենք. այն վարձակալած է, որի համար պետությունը հավելյալ գումար է վճարում: Գործընթացի ավարտից հետո ավագ դպրոցի շենքը դարձյալ ծառայելու է կրթական նպատակի, այս անգամ՝ քոլեջի ուսանողների համար:

«Յուրաքանչյուրս պատասխանատվություն ունենք մեկ քայլ առաջ մտածելու՝ համակարգային ճիշտ որոշում կայացնելու համար»,- ասել է նախարարը:

Նա անդրադարձել է նաև դպրոցի ուսուցչական և ուսումնաօժանդակ անձնակազմի՝ հետագա գործունեության խնդրին:

Նախարարի ընդգծմամբ՝ այն աշխատակիցներին, որոնք հնարավորություն չեն ունենա աշխատելու կազմավորված նոր դպրոցում, Արմավիր քաղաքի տարածքում կառաջարկվի աշխատանք իրենց մասնագիտությամբ:

«Դպրոցներում մշտապես առկա է մասնագետների կարիք, և մենք յուրաքանչյուր աշխատակցի համար փորձելու ենք առաջարկել համապատասխան աշխատանք՝ անկախ հանգամանքներից»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի մանկավարժները ներկայացրել են իրենց մտահոգությունները, այս համատեքստում անդրադառնալով նաև դպրոցի տեղակայման հարցին:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հանրային քննարկման դրված նախագիծը մինչ վերջնական հաստատման ներկայացնելը` կարող է որոշակի լրամշակումների ենթարկվել` հաշվի առնելով ներկայացված դիտարկումներն ու առաջարկությունները: Ըստ նախարարի` կարվեն հնարավոր բոլոր քայլերը, որ առաջարկվող իրավական գործընթացներում մանկավարժների հետագա գործունեության ապահովումը երաշխավորված լինի:

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի մանկավարժներին
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի մանկավարժներին