Արարատի մարզպետի աշխատակազմը խորապես մտահոգված է Մխչյանի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած միջադեպով, հայտնում են աշխատակազմից։
«Խստորեն դատապարտում ենք կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը և հայտարարում, որ դեպքը կմնա մշտական վերահսկողության ներքո, կանենք հնարավորը՝ կանխելու նման իրավիճակների կրկնությունը: Մեզ համար շոկային և ցավալի է նման միջադեպերի գոյությունը հատկապես դպրոցում՝ այն վայրում, որտեղ երեխաները պետք է լինեն առավելագույն պաշտպանված:
Մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները պարբերաբար այցելում են դպրոց՝ տեղում իրավիճակն ամբողջությամբ գնահատելու և լուծումներ գտնելու նպատակով:
Իրավապահ մարմիններն արդեն իսկ նախաձեռնել են քրեական վարույթ։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ երեխաներին սպիտակ փոշիանման զանգված փոխանցելու դեպքով 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, իսկ մեկ անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում»,-նշված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԶԼՄ-նեը գրել էին, որ Մխչյանի դպրոցում բարձր դասարանցիները 4-րդ դասարանցիներին ստիպողաբար թմրանյութ են տվել և կախվածության մեջ գցել՝ հանցագործության դրդելով։ Հարուցվել է քրեական գործ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews