ԳլխավորԼուրԿրթություն

Պարետատունը հաստատել է ուսումնական գործընթացի կազմակերպման ուղեցույցը

Պարետատունը հաստատել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը:

Սահմանվել է, որ համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին մեկ անձի ուղեկցությամբ: Ուսումնական տարվա 1-ին կիսամյակը պարունակում է 13 շաբաթ:

Ուսումնակրթական գործընթացը իրականացվում է ուղեցույցով սահմանված կանոնների պահպանմամբ, որը պարտադիր է բոլոր հաստատությունների համար՝ անկախ իրավակազմակերպական ձևից: Առողջ և անվտանգ աշխատանքային ու կրթական միջավայր ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հանրակրթական հաստատության տնօրենը։ Պահանջների կատարումը պարտադիր է դպրոցի բոլոր աշխատակիցների, ծնողների և աշակերտների համար:

Դպրոցները

• ապահովվում են դիմակների, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների՝ առնվազն 1 շաբաթվա պահուստով,

• օրվա ընթացքում անձնակազմը և աշակերտներն ապահովվում են անհրաժեշտ դիմակներով և ախտահանիչ նյութերով, հեռավար օգտագործման ջերմաչափով՝ առնվազն դպրոցի մուտքերի թվով։

• դասարանները բաժանում են առավելագույնը 20 սովորող ունեցող խմբերի: Եթե դասասենյակի մակերեսը հնարավորություն չի տալիս ապահովել սոցիալական հեռավորություն 20 սովորողի համար՝ դասարանը բաժանում են 10-հոգանոց խմբերի:

• դասագրքերի բաշխումը իրականացնում են օգոստոսի 20-ից սեպտեմբերի 10-ը՝ պահպանելով անվտանգության կանոնները:

Դասացուցակ

Դպրոցներում սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ, ըստ անհրաժեշտության կարող է սահմանվել երկհերթ ռեժիմ։
• Մինչև 20 սովորող ունեցող դասարանները դպրոց են հաճախում շաբաթվա վեց օրը՝ ըստ դասացուցակի:
• Երկու խմբի բաժանված դասարանի խմբերից յուրաքանչյուրը դպրոց է հաճախում շաբաթական երեք օր:
• Խմբերի դասացուցակը կազմվում է իրար հաջորդող դասերի և ինքնուրույն աշխատանքի օրերի համար:
• Ինքնուրույն աշխատանքի օրերին սովորողները ուսուցչի հանձնարարած աշխատանքը կատարում են տանը։

ՈւշադրությունԴպրոցներում բուֆետների և ճաշարանների աշխատանքը արգելվում է։

Ռիսկային խմբի սովորողը

• Այն սովորողները, ովքեր ունեն ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված կորոնավիրուսի ռիսկային խմբի հիվանդություններից որևէ մեկը, չեն հաճախում դպրոց: Նրանց ուսուցումը կազմակերպվում է հեռավար կամ տնային ուսուցման եղանակով:

Այդ հիվանդություններն են.

• արյան բարձր ճնշում
• շաքարային դիաբետ,
• սրտի հիվանդություն,
• սրտի կամ գլխուղեղի կաթված (ինսուլտ),
• քրոնիկ շնչառական հիվանդություն,
• քաղցկեղ։

Դպրոց գալուց առաջ

• Դպրոց գալուց առաջ ծնողները կամ օրինական ներկայացուցիչները կատարում են երեխայի ջերմաչափում։ 37 և բարձր ջերմություն ունենալու դեպքում դիմում են բնակավայրի բուժհաստատություն և տեղեկացնում դպրոցին՝ երեխայի դպրոց չհաճախելու մասին:

• Եթե տանն առկա է կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներով կասկածելի կամ հաստատված հիվանդ, ապա բացառվում է երեխայի հաճախումը դպրոց:

• Սովորողի մուտքը դպրոց առանց դիմակի արգելվում է: Դիմակ չունեցող սովորողներին դպրոցը մուտքի մոտ կտրամադրի մեկանգամյա օգտագործման դիմակ:

• Ծնողները իրականացնում են ծնող-ուսուցիչ համակարգված հաղորդակցություն և աջակցում, որ ունենանք «Առողջ և ապահով դպրոց»։

Դպրոցների ախտահանումը

Մինչև դասերի սկիզբը՝ նախորդ օրը երեկոյան կամ դասերը սկսելուց առաջ բոլոր դռների և պատուհանների բռնակները, սեղանները, աթոռները, գրատախտակները, սանհանգույցները ախտահանվում են:

Եթե դպրոցում ուսումնական գործընթացը կազմակերպվում է հերթափոխով, ապա հերթափոխերի միջև սահմանված ընդմիջումը պետք է բավարարի ախտահանումն իրականացնելու համար։ Կատարվում է պատշաճ օդափոխություն օրը առնվազն 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ: Ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով, օճառով, անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ։

Դպրոցի մուտքի մոտ, միջանցքներում, դասասենյակներում, ուսուցչական և այլ սենյակներում ապահովվում են ալկոհոլային հիմքով ախտահանիչներ։

Տեղադրվում են հատուկ մակնշմամբ փակ աղբամաններ՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանության այլ պարագաները նետելու համար։

Սովորողի մուտքը դպրոց

• Սովորողները դպրոց են գալիս ըստ ուսումնական հաստատության սահմանած ժամանակացույցի, սովորողին կարող է ուղեկցել ոչ ավել, քան մեկ հոգի: Ուղեկցողի մուտքը դպրոց արգելվում է։

• Սովորողի մուտքը դպրոց առանց դիմակի արգելվում է: Դիմակ չունեցող սովորողներին դպրոցը մուտքի մոտ կտրամադրի մեկանգամյա օգտագործման դիմակ:

• Դպրոցի բակում, բոլոր մուտքերի մոտ իրականացվում է գծանշում։

• Սովորողները դպրոց մուտք կգործեն բոլոր մուտքերից: Եթե դպրոցը ունի մեկ մուտք, պետք է սահմանել դպրոց գալու գրաֆիկ ըստ դասարանների։

• Դպրոց մտնելիս սովորողները պետք է պահպանեն սոցիալական հեռավորություն, խուսափեն դպրոցի բակում կամ մուտքի մոտ կուտակումներ առաջացնելուց։

• Դպրոց մտնելիս կազմակերպվում է սովորողների ջերմաչափում և ձեռքերի ախտահանում:

• Դպրոցը վարում է աշակերտների ջերմաչափման մատյան: Մատյանում գրանցվում են միայն 37 և ավելի ջերմաստիճան ունեցող սովորողների տվյալները։

• Յուրաքանչյուր մուտքի մոտ առանձնացված է սենյակ կամ տարածք հիվանդ երեխաների մեկուսացումը ապահովելու համար՝ մինչև ծնողի կամ բժշկի գալը: Այդ տարածքները արգելվում է օգտագործել այլ նպատակների և տարանցիկ տեղաշարժի համար:

Դասարանում

• Դասասենյակում սովորողները կրում են դիմակներ։
• Սովորողները դասին մասնակցում են տեղից: Գրատախտակին մոտ կանչելն արգելվում է:
• Սովորողներին ստուգված գրավոր աշխատանքները տրամադրելն արգելվում է, կարող է տրամադրվել գրավոր աշխատանքի լուսապատճենը:
• Ֆիզկուլտուրայի դասերը կազմակերպվում են դասասենյակում ըստ ուսուցիչներին տրամադրված մեթոդական ցուցումների կամ բացօթյա տարածքներում և սպորտային մարզասրահներում՝ շեշտը դնելով անհատական վարժությունների վրա:

Սովորողների գնահատումը

• Գրավոր աշխատանքները կազմակերպվում են թերթիկների վրա: Տետրեր օգտագործելը թեմատիկ գրավոր աշխատանքների համար արգելվում է:
• Կիսամյակի ընթացքում կազմակերպվում է երկու թեմատիկ գրավոր աշխատանք:
• Կիսամյակի վերջում կատարվում է աշակերտների գիտելիքների ստուգում՝ ամփոփիչ գրավոր աշխատանքի միջոցով:
• Սովորողների գնահատումը կատարվում է էլեկտրոնային մատյանում:
• Գնահատականները սովորողները և ծնողները կարող են տեսնել էլեկտրոնային օրագրում:

Արգելվում է դպրոցում կազմակերպել

• զանգվածային միջոցառումներ, երկարօրյա ծառայություններ, արտաուսումնական խմբակներ,

Ուշադրություն

• Ծնողական ժողովները կազմակերպվում են հեռավար, անհնարինության դեպքում՝ բացօթյա, դահլիճում կամ միջանցքում՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ։

Ռիսկի խմբի ուսուցիչները

• 65 և բարձր տարիքային խմբի ուսուցիչները (անկախ առողջական վիճակից) կարող են աշխատանքի ներկայանալ հատուկ պաշտպանիչ միջոցների կիրառությամբ, որոնք տրամադրում է պետությունը։ Նրանք (անկախ առողջական վիճակից) կարող են չներկայանալ աշխատանքի։ Այդ դեպքում նրանց համար դասաբաշխում չի կատարվում, աշխատավարձը պահպանվում է նախորդ ուսումնական տարվա դասաբաշխմանը համապատասխան, բայց ոչ ավել, քան մեկ հաստիքի չափով: Ռիսկային խմբի ուսուցիչները աշխատանքի չներկայանալու դեպքում դասերը կարող են վարել հեռավար եղանակով։

• Եթե աշխատակազմի որևէ անդամի մոտ նկատվում է գրիպի կամ սուր շնչառական վարակների ախտանշաններ, ապա բացառվում է վերջինիս աշխատանքի ներկայանալը:

Հեռախոսահամարներ

• Պարզաբանումների համար կարելի է դիմել ԿԳՄՍ նախարարության թեժ գիծ ծառայությանը՝ (010) 599 – 600, հանրակրթության վարչությանը` (010) 599 – 618, (010) 599 – 619 հեռախոսահամարներով։

• Դպրոցի աշխատակիցների մոտ հիվանդության ախտանիշների կասկածի դեպքում զանգահարել առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 համարով։ Բողոքների դեպքում զանգահարել պարետատան թեժ գիծ՝ 8141 համարով։

Comment here