Սուր շնչառական վարակների դեպքերի աճով պայմանավորված՝ այս օրերին ամենաշատ տրվող հարցերից մեկն այն է, թե արդյոք հնարավո՞ր է՝ դպրոցականների գարնանային արձակուրդը մեկնարկի ավելի վաղ:
ԿԳՄՍ նախարարությունն այդ առթիվ տարածել էր հայտարարություն, որտեղ նշվում է, որ սուր վարակիչ հիվանդությունների աճի և համաճարակային իրավիճակի առկայության դեպքում Հայաստանի դպրոցներում կանխարգելիչ միջոցառումները նախաձեռնվում և իրականացվում են՝ համաձայն Հայաստանի առողջապահության նախարարության ցուցումների.
«Արձակուրդ ևս կարող է սահմանվել Առողջապահության նախարարության համապատասխան միջնորդության առկայության դեպքում»,-ասված է հայտարարությունում:
Usanogh.am-ը առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանից հետաքրքրվեց` այս պահին նման հարց նախարարությունում քննարկվո՞ւմ է, թե՞ ոչ:
«Ոչ, նման հարց չի քննարկվում: Դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում որպես կանխարգելիչ միջոցառում սահմանվել և կիրառվում է համաճարակաբանական ֆիլտր, որը ենթադրում է սովորողի և մանկավարժի ջերմաչափում և արտաքին զննում, եթե դրա կարիքը լինի: Նպատակն այն է, որ հիվանդը մյուս երեխաների կամ գործընկերների շրջանում սուր շնչառական հիվանդություն չտարածի»,-նշեց Հռիփսիմե Խաչատրյանը:
Հայաստանում կարմրուկի հաստատված դեպքերի թիվը այսօրվա դրությամբ հասավ արդեն 50-ի, և դպրոցական, նախադպրոցական տարիքի երեխաներ ունեցող շատ ծնողների հուզում է նաև այն հարցը, թե արդյոք հնարավո՞ր է, որ իրավիճակը ուսումնական հաստատություններում վերահսկողությունից դուրս գա. «Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում վերահսկելի է: Կարմրուկի պարագայում մենք գործ ունենք լոկալ բռնկման հետ: Պարզապես ուշագրավն այն է, որ Հայաստանում վաղուց նույնիսկ լոկալ բռնկում չէր գրանցվել. մենք ժամանակ առ ժամանակ ունենում էինք «բերովի» հատուկենտ դեպքեր միայն: Այնպես որ, կարմրուկով պայմանավորված ևս արձակուրդը վաղ մեկնարկելու կամ երկարաձգելու ծրագիր նախարարությունում չի քննարկվում. դրա կարիքը չկա»-մեկնաբանեց Հռիփսիմե Խաչատրյանը: