Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է 2022թ. ապրիլի 1-ին Երևանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած հավաքին երեխաների մասնակցությանը։
2022 թվականի ապրիլի 1-ին զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է հրապարակումներ այն մասին, որ 2022 թվականի ապրիլի 1-ին «Երևանի Ա. Պ. Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտները, նույն դպրոցի ուսուցչական անձնակազմի և երեխաների ծնողների ուղեկցությամբ, իրականացնում են հավաք:
Պաշտպանի հաստատությունը մշտադիտարկել է հավաքի ընթացքն ու իրականացրել փաստերի ուսումնասիրություն՝ քննարկումներ ունենալով Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության, Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության, Երևան քաղաքի ոստիկանության տարածքային բաժնի ներկայացուցիչների հետ:
Ուսումնասիրության շրջանակներում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները տեղում առանձնազրույցներ են ունեցել թե հավաքին մասնակցող ծնողների, թե ուսուցիչների, և թե երեխաների հետ։ Դիտարկման պահին հավաքին մասնակցում էին ինչպես 2-րդ դասարանի, այնպես էլ 5-ից 9-րդ դասարանների աշակերտներ։
Զրույցի ընթացքում 6-ից 9-րդ դասարանների աշակերտները նշել են, որ հավաքին իրենց կամքով են մասնակցում, իրենց որևէ մեկը չի պարտադրել կամ դրդել հավաքին մասնակցել։ Աշակերտների պնդմամբ՝ իրենք հավաքին մասնակցել են այն պահից, երբ դպրոցում արդեն դասաժամերն ավարտված են եղել։ Այս տեղեկատվությունը հաջորդիվ լրացվել է ուսուցչական անձնակազմի կողմից, ըստ որի, հավաքն ինքնաբուխ է եղել, իսկ քաղաքապետարանի ներկայացուցիչները նշել են, որ հավաքի մասնակիցների հետ քաղաքապետարանի շենքում հավաքին ընթացքին զուգահեռ իրականացված քննարկման արդյունքում պարզվել է, որ հավաքն իրականացվել է սահմանված դասաժամերի ընթացքում։
Պաշտպանի ներկայացուցիչների կողմից իրականացվող մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ հավաքին մասնակցում է նաև 2-րդ դասարանի աշակերտ, ում հետ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը զրուցել է երեխայի ծնողի ներկայությամբ: Երեխայի հետ զրույցի արդյունքում պարզվել է, որ երեխան տեղյակ չէ, թե ինչ հավաքի է մասնակցում, հավաքին մասնակցելուց առաջ չէր ճաշել և հավաքին ներկայացել էր իր մայրիկի հետ: Զրույցից հետո մայրը և երեխան հեռացել են հավաքի անցկացման վայրից:
Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ևս մեկ անգամ իրազեկել, որ երեխայի կրթության և այլ իրավունքներին զուգահեռ, երեխայի հիմնական իրավունքներից է կարծիքի ազատ արտահայտման, ինչպես նաև խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունքը։
Երեխայի տարբեր իրավունքների միջև չկա աստիճանակագություն, և բոլոր իրավունքները կոչված են ծառայելու երեխայի լավագույն շահին, որը բացարձակ արժեք է, իսկ դրանով չառաջնորդվելը երեխայի իրավունքների խախտում է։ Այս առումով խաղաղ հավաքին երեխաների մասնակցության հարցը դիտարկելիս անհրաժեշտ է առաջնորդվել երեխաների լավագույն շահին առաջնահերթ ուշադրություն դարձնելու հրամայականով՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակը։
Ուսումնասիրված դեպքի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում բոլոր պատասխանատուների ուշադրությունը հրավիրել, որ՝
• պետության, հասարակության և յուրաքանչյուր չափահաս քաղաքացու պարտականությունն է զերծ պահել երեխաներին ցանկացած գործընթացի մեջ ներքաշվելուց՝ առանց վերջիններիս՝ գործընթացին մասնակցության նպատակի և դրա հնարավոր հետևանքների բավարար գիտակցման;
• երեխայի հավաքների ազատության իրավունքի իրացման հարցը գնահատելիս պարտադիր է երեխայի լավագույն շահով ղեկավարվելը՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակի հանգամանքները: Երեխայի իրավունքների իրացման անհրաժեշտ նախապայմաններն են՝ երեխայի տեղեկացված մասնակցության սկզբունքը, իր տարիքին և հասունությանը համապատասխան իրավունքների իրացումը, ծնողների և օրենքով երեխայի համար պատասխանատու անձանց կարևոր դերակատարությունն ու պատասխանատվությունն իր իրավունքներն իրականացնելիս երեխային ուղղություն տալու հարցում;
• դպրոցում գտնվող երեխաների համար պատասխանատու անձանց՝ տնօրենի և ուսուցչական կազմի, ինչպես նաև ոստիկանության ներկայացուցիչների գործողությունները պետք է բացարձակապես ուղղված լինեն երեխաների անվտանգությունն ապահովելուն. նրանք առաջնահերթ պատասխանատու են երեխաներին իրենց վստահած ծնողների առջև;
• միաժամանակ, խոսք չի կարող լինել բավարար տարիքային հասունություն և գիտակցված կամահայտնություն ցուցաբերած անչափահասների՝ հավաքների ազատության իրավունքի սահմանափակման մասին: Փոխարենը պետք է վերը նշված պայմանների իրացմամբ խրախուսել երեխաների կարծիքի ազատ արտահայտման բոլոր դրսևորումները։
Հիշեցնենք, որ Երևանի Չեխովի անվան N 55 դպրոցի ուսուցիչները, աշակերտները եւ նրանց ծնողները բողոքի ապրիլի 1-ին ակցիա են իրականացրել Երեւանի քաղաքապետարանի դիմաց. նրանք վրդովված են, որ տնօրենի պարտականությունները կատարում է Դիանա Մինասյանը, որը տնօրենի ընտրության առաջին 2 փուլերին մասնակցել է և չի հաղթել։
Ավելի ուշ քաղաքապետարանը հայտարարեց, որ Դիանա Մինասյանը նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։