ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը հանդիպել են կրթության ոլորտում արդյունավետ գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ մեկտեղելու ջանքերը և առավել արդյունավետ դարձնելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության կազմակերպումը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ արդեն իրականացվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կարիքների գնահատում, և միջգերատեսչական համագործակցության արդյունքում վերհանված խնդիրներին տրվելու են համապարփակ լուծումներ:
«Այս պահին առաջնահերթ է ապահովել դպրոցականների կրթության շարունակականությունը․ երեխաները կարող են հաճախել իրենց՝ այս պահի փաստացի բնակության վայրի մոտակա դպրոցը։ Նրանք արագ պետք է ընդգրկվեն ուսումնական գործընթացում՝ անկախ դիմելու պահին փաստաթղթերի առկայությունից։ Բոլոր դպրոցականները կունենան անհրաժեշտ դասագրքեր և ուսումնական նյութեր։ Ուսումնարանների, քոլեջների և բուհերի ուսանողները ևս, ըստ իրենց մասնագիտությունների, ուսումը կշարունակեն ՀՀ ուսումնական հաստատություններում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Կարևորելով կազմակերպությունների իրականացրած աշխատանքները և օգնելու, աջակցելու պատրաստակամությունը՝ նախարարը միաժամանակ ընդգծել է, որ այս գործընթացներում ամենակարևորը երեխաների անձնական տվյալների գաղտնիության պահպանումն է։
«Մենք պետք է հետևողական լինենք, որ բռնի տեղահանված երեխաները դուրս չմնան ուսումնական գործընթացից և իրացնեն կրթություն ստանալու իրենց իրավունքը: Բոլորս ակտիվ ներգրավված պետք է լինենք այս աշխատանքներում և իրազեկված՝ ինչ խնդիրների են նրանք բախվում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների աջակցության խնդրին։
Նախարարը նաև առաջարկել է համատեղ ջանքերով ստեղծել հարթակ, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները, մարզիչները, մշակույթի բնագավառի մասնագետները հնարավորություն ունենան տեղեկանալու մասնագիտական թափուր աշխատանքների մասին: Մասնավորապես դպրոցներում առկա ուսուցիչների թափուր աշխատատեղերի բոլոր հայտարարությունները հրապարակված են ԿԳՄՍ նախարարության կայքում:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նաև հոգեբանական աջակցության ծրագրեր իրականացնելու կարևորությունը, քանի որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները՝ հատկապես երեխաները, այս պահին ամենաշատը դրանց կարիքն ունեն:
Ամփոփելով խոսքը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպման մասնակիցներին առաջարկել է ծրագրերը ներկայացնել գրավոր՝ ըստ ուղղվածության, համայնքների և այլն: