ԳլխավորԼուր

Ամեն մեկը թող ձեռքը դնի իր խղճին և փորձի այս քաոսի մեջ լույս փնտրել. Միքայել Պողոսյան

Միքայել Պողոսյան

«Վաղուց այսքան խուճապահար չէի եղել».-Usanogh.am-ի հետ զրույցում ասում է դերասան, ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը` անդրադառնալով Արցախում տեղի ունեցող վերջին իրադարձություններին:

Նրա խոսքով` մենք հիմա պետք է ամեն ինչ անենք, որպեսզի չկորցնենք հայի մեր նկարագիրը.

«Արդեն շատ աղավաղված է այդ նկարագիրը ու հիվանդացած: Մեր հայի տեսակը, ցավոք, կորցնում է իր ուրվագիծը, իր բարոյական պատկերը: Դա վերաբերում է բոլորիս, ու այս ամենի մեղավորը բոլորս ենք: Հանկարծ մեկը թող չմատնանշի սրան կամ նրան: Այս չարությունը, որ հիմա տիրում է բոլորիս, ոչ մի տեղ չի տանում` բացի մեր կործանումից»:

Միքայել Պողոսյանը նշեց` 2020-ի պատերազմից հետո հանդիսատեսին ներկայացրեց իր «Հայ հայը» ֆիլմը, իսկ հիմա աշխատում է «Երևան Բլյուզ. 25 տարի անց» ֆիլմի վրա.

«Այն պետք է կոմեդիա լիներ, բայց դարձավ դրամա: Ֆիլմում տեսնում ենք խուճապի մատնված հերոսի, որը չի գիտակցում`ինչ է կատարվում իր շուրջը: Կփորձեմ մինչև տարեվերջ ֆիլմը ներկայացնել, չնայած, այս իրավիճակում աշխատանքները կանգնեցրել ենք: Միայն մի բան կասեմ` ամեն մեկը թող ձեռքը դնի իր խղճին և փորձի այս քաոսի մեջ լույս փնտրել»:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:

Արդեն մի քանի օր է՝ Արցախից բռնագաղթվածները ժամանում են Գորիս ու Կոռնիձոր:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ