ԳլխավորԼուր

Մենք վերադառնալու ենք ու վերադարձնելու ենք մեր կյանքը՝ ուրիշ տարբերակ լինել չի կարող. Բորիս Վանյան

Բորիս Վանյանը 14 տարեկան է։ Պատերազմի օրերին Հադրութից տեղափոխվելով Երևան` բացել է իր օնլայն խանութը, որտեղ հիմնականում կենցաղային պարագաներ են վաճառվում։ Լուսավոր տղայի հետ զրուցել ենք բիզնես հիմնելու նախապատմության, միջավայրի փոփոխության և հայրենի Հադրութի մասին։

— Ե՞րբ բիզնես հիմնելու մտահղացում առաջացավ։

— Ամեն ինչ սկսվեց այն պատերազմի օրերին, երբ հայրս, որը զինվորական էր՝ մնաց Արցախում՝ կռվի դաշտում, իսկ ես մորս ու 4 տարեկան եղբորս հետ տեղափոխվեցի Երեւան։ Մեզ հյուրընկալեց հորաքույրս։

Այստեղ ես միանգամից հասկացա, որ մեր ընտանիքի պատասխանատվությունը ընկել է իմ ուսերին եւ որոշեցի ինչ-որ բան անել, որպեսզի կարողանամ օգնել, պահել ընտանիքս։

Հադրութում մի քիչ գումար էի հավաքել, որպեսզի նոութբուք առնեմ ինձ համար։ Հորաքրոջս օգնությամբ ու հուշումով այդ գումարով մի քանի բան գնեցի, ինտերնետ խանութի էջ բացեցի։

— Ի՞նչ իրեր կան վաճառքում եւ ովքե՞ր են գնորդները։

— Վաճառքի իրեր ընտրելը եւ դժվար է, եւ հետաքրքիր։ Կան բաներ, որ միանգամից հետաքրքրություն են առաջացնում, կան բաներ, որ ոչ։ Ժամանակի ընթացքում երեւի ավելի հեշտ կկողմնորոշվեմ։ Հիմա դեռ
սովորելու ու փորձարկումների փուլում եմ։

Գնորդները Հայաստանում ու Արցախում ապրող մեր հայրենակիցներն են։ Սկզբնական շրջանում պատվերներ կային նաեւ արտասահմանից մեր www.mybook.am խանութի միջոցով։

— Մտադիր ե՞ս ընդլայնելու բիզնեսդ եւ ի՞նչ պլաններ կան մոտ ապագայի հետ կապված։

— Այո, երազում եմ ավելի եծ շուկա դուրս գալ, բայց դեռ չգիտեմ՝ ինչպես։ Զուգահեռ իրականացնում եմ իմ ամենամեծ երազանքներից մեկը՝ ստեղծել կոմիքսներ։ Պատմությունը գրել եմ, դիմել եմ «Թումո» կենտրոն, սպասում եմ իմ հերթին, ուզում եմ նկարել սովորել, նաեւ կոմիքսներ ստեղծել։ Ինձ համար իրականացած երազանք կլինի, եթե իմ այդ կոմիքսը տպագրվի Հայաստանում եւ Ամերիկայի Միացյալ նՆահանգներում։

— Երեւանում հասցրե՞լ ես ընկերներ ձեռք բերել։

— Ցավոք սրտի՝ մոտիկ ընկերներ՝ ոչ։ Դա իմ խառնվածքից է, նաեւ ազատ ժամանակի խնդիր կա։

— Ի՞նչ նոր բաներ ես սովորել այստեղի կենցաղից, ի՞նչ տարբերություններ կան։

— Ամեն տեղ հայը նույնն է՝ ավանդապաշտ ու իր յուրահատուկ կենցաղով։ Բայց այստեղ իմ կյանքը կտրուկ փոխվեց։ Հադրութում ես անհոգ երեխա էի, այստեղ անընդհատ մտածում եմ աշխատանքի, ծնողներիս օգնելու, մեր կորցրածի գոնե մի մասը վերականգնելու ուղղությամբ։

Պատերազմն իր հետ մեծ ողբերգություններ ու բազմաթիվ խնդիրներ բերեց։ Դրանք հաղթահարել է պետք։

— Այստեղ դպրոց հաճախո՞ւմ ես։

Այո, սովորում եմ 9-րդ դասարանում։

— Ինչպե՞ս ես համատեղում գործը եւ ուսումը։

— Այս դեպքում դպրոցը մի քիչ տուժում է։ Բայց ես ազատ ժամանակս ընթերցում եմ, անգլերեն եմ պարապում։

— Ինչ ես կարծում ե՞րբ Արցախի քո հայրենի բնակավայրը նորից ետ կվերադարձնենք։

— Ես այդ մտքով ու այդ հավատով եմ ապրում։ Այո, մենք պետք է ետ վերադարձնենք այն, ինչը մերն է եղել բոլոր դարերում ու բոլոր ժամանակներում։ Հադրութը պատմական Դիզակն է, այն հազարամյակների պատմություն ունի, երբ Հադրութում հայեր էին ապրում, այսօրվա Ադրբեջանն անգամ քարտեզի վրա չկար։

Մենք վերադառնալու ենք ու վերադարձնելու ենք մեր երկիրը, մեր պատմությունը, մեր կյանքը՝ ուրիշ տարբերակ լինել չի կարող։

Comment here