ԳլխավորԼուր

Արցախից ՀՀ է տեղափոխվել բռնի տեղահանված 13 550 մարդ

Արցախից տեղահանվածները Գորիսում

Սեպտեմբերի 26-ին ժամը 08:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ, հայտնում են ՀՀ կառավարությունից:

Նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:

Սեպտեմբերի 21-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 10000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ և 400 վիրավոր կա։

Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։

Սեպտեմբերի 25–ին Իվանյանում կայացավ երկրորդ հանդիպումը։

Արդեն մի քանի օր է՝ Արցախից բռնագաղթվածները ժամանում են Գորիս ու Կոռնիձոր։