Լուր

Արցախի թիմը ՆԶՊ առարկայից Հայաստանում լավագույնն է

Մայիսի 13-15-ը Երևանում  կայացած առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում  ՆԶՊ առարկայից 9-րդ անգամ անընդմեջ հաղթող է ճանաչվել  Արցախի թիմը։ Այսօր՝ մայիսի 16-ին, Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի հարակից տարածքում հավաքվել էին կրթության ոլորտի ներկայացուցիչներ, աշակերտներ՝ դիմավորելու օրվա հերոսներին, հայտնում են Արցախի ԿԳՄՍ նախարարությունից։

Առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում ՆԶՊ առարկայից 12 թիմ էր մասնակցում։ Երկու օր տևած մրցապայքարում շարային պատրաստություն, հրաձգություն, նռնակի նետում, վազք մրցաձևերից առավելագույն միավորներ գրանցելով՝ Արցախի թիմը հերթական անգամ նվաճեց առաջին պատվավոր տեղը։

Արցախի թիմի անդմաներն ու զինղեկները  վերադարձել են  ՀՀ  ԿԳՄՍ նախարարության դիպլոմներով, մեդալներով և գավաթով,  իսկ Արցախի  «Զորյաց ակումբ» ՀԿ-ի  կողմից արժանացել են դրամական պարգևների։

Օլիմպիադայի հաղթողներին  ընդունել է նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը։ Շնորհավորելով ու նորանոր հաջողություններ մաղթելով՝  նախարարը շնորհակալագրեր և նվերներ  է  հանձնել թիմի  անդամներին։