ԳլխավորԼուր

«Սփյուռքի երիտասարդ դեսպան». ընդունվում են հայտադիմումներ

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» 2022 ծրագրի հայտադիմումների ընդունումը մեկնարկում է: Այն նպատակ ունի հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին ընդլայնել իրենց պատկերացումները Հայաստանի և Արցախի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանը՝ նոր գիտելիքների և հմտությունների փոխանցման ճանապարհով: Ծրագրի նպատակներից է նաև նպաստել սփյուռքի տարբեր համայնքները ներկայացնող երիտասարդների և Հայաստանի ու Արցախի երիտասարդության միջև կապերի ստեղծմանը:

Ծրագիրը մեկամյա է: Մասնակիցները Հայաստանում կգտնվեն շուրջ 2 շաբաթ. մնացյալ ժամանակահատվածը նախատեսված է իրենց բնակության երկրներում միջոցառումների իրականացման համար, ինչպես՝ համայնքային հանդիպումներ, մասնակիցների միջև միջհամայնքային աշխատանքների փորձի փոխանակման ձեռնարկներ, սոցիալական հարթակներում և լրատվական միջոցներում գրասենյակի, հայաստանյան այլ ծրագրերի վերաբերյալ հրապարակումներ և տեղեկատվական նախաձեռնություններ:

Հայաստանում գտնվելու ընթացքում երիտասարդները կմասնակցեն հագեցած վերապատրաստման ծրագրի, որն ընդգրկում է մի շարք դասախոսություններ, աշխատաժամեր և հանդիպումներ: Երիտասարդները կայցելեն նաև պետական, գիտակրթական, մշակութային, տեխնոլոգիական հաստատություններ, հիշատակի վայրեր, կմասնակցեն մշակութային միջոցառումների:

Ծրագրի դիմորդները կարող են լինել 22-35 տարեկան սփյուռքահայ այն երիտասարդները, ովքեր առնվազն 5 տարի բնակվում են սփյուռքում, հայկական համայնքների ակտիվ և ներկայացուցչական անդամներ են, տիրապետում են հայերենին, ցանկություն ունեն իրենց ներդրումն ունենալ Հայաստան-սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործում, նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել՝ համայնքում իրենց աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար: Ցանկալի է նաև, որ դիմորդներն ունենան սոցիալական հարթակների կամ լրատվամիջոցների հետ աշխատանքի որոշակի փորձառություն:

Ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան դառնալու Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի անմիջական գործընկերները համայնքներում, ինչպես նաև իրենց ներգրավմամբ ընդլայնել Սփյուռքի երիտասարդ դեսպանների ցանցը:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի աջակցությամբ:

Ծրագրի առաջին մասի ընթացքում՝ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 8-ը, կազմակերպիչները ապահովում են մասնակիցների կեցությունն ու սնունդը Հայաստանում, մուտքը թանգարաններ, մշակութային և հասարակական վայրեր/հաստատություններ, ծրագրի հայաստանյան հատվածի շրջանակներում տեղափոխման ծախսերը:

Մասնակիցները հոգալու են Հայաստան ժամանման և մեկնման տրանսպորտային ծախսերը, իրենց հաշվին ձեռք են բերելու ճամփորդության ապահովագրություն։

Մինչ հուլիսի 1-ը հայտադիմումները հնարավոր է լրացնել հայերեն, անգլերեն և ռուսերեն՝ սեղմելով այստեղ:

Հարցեր ունենալու դեպքում կարելի է կապ հաստատել diaspora.youthambassador@gov.am էլեկտրոնային փոստի միջոցով կամ զանգահարել (+374) 10 515525 և (+374) 41879453 (WhatsApp, Viber, Telegram) հեռախոսահամարներին: