ԳլխավորԼուրՀայաստանս

«Մամ, որ ճանապարհները բացեն, տորթ կթխես, լա՞վ». Արցախը շարունակում է շրջափակված մնալ

Երեխան մոր հետ

Արցախում չկա ոչ սնունդ, ոչ հիգիենայի պարագաներ, ոչ էլ դեղորայք: Ապրանքների բացակայության պատճառով փակվում են խանութները, դեղատները, մարդիկ մնացել են առանց աշխատանքի ու եկամտի աղբյուրի: Ամբողջությամբ անջատված է գազամատակարարումը, իսկ լույսը տալիս են օրվա մեջ մի քանի ժամ: Վառելիքի բացակայության պաճառով կանգնած են մեքենաները, չի աշխատում հանրային տրանսպորտը, ֆեյսբուքյան էջում գրել է Իրինա Զաքարյանը։

«Այսօր 41 աստիճան արևի տակ ստիպված եմ ոտքով երեխայիս տանել մանկապարտեզ և հետո հասնել աշխատանքի, կանգնել հացի, եղած մրգի ու բանջարեղենի համար մարդաշատ հերթերում: Մտածելով, որ հանկարծ նորից չուշաթափվեմ․․․

Ծննդատուն հերթական այցս շատ դժվար է տրվում, պետք է քաղաքի մի ծայրից մյուսը ոտքով հասնել: Չեմ կարողանում անցնել անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունները, քանի որ չկա դրա համար անհրաժեշտ նյութերը:

Կան դեղեր, որոնք իսպառ բացակայում են դեղատներում: Լինում է երբ մարդիկ հարցնում եմ, արդյոք գոնե մեկ հաբ էլ չկա, և այդպես էլ դատարկ ձեռքով, հուսահատ դուրս են գալիս քաղաքի վերջին դեղատնից: Իսկ ես մտքում աղոթում եմ Աստծուն՝ խնդրելով միայն առողջություն:

Եթե հղիության ժամանակ միշտ ավելի զգայուն են լինում, ունենում են վախեր, ապա պատկերացրեք իմ ապրումները այս պայմաններում:

Երբ գիտակցում ես, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ այս սթրեսային վիճակը, ուտելիքների ու վիտամինների բացակայությունը քո ու քո դեռ չծնված երեխայի համար:

Մտածում եմ

— Արդյո՞ք կկարողանամ առողջ երեխա ունենալ,

— Ինչպե՞ս է անցնելու ծննդաբերությունը, իսկ եթե հանկարծ կեսարյան հատման անհրաժեշտություն լինի, իսկ դեղեր չկան, մի քանի ամսից լրիվությամբ կսպառվեն,

— Իսկ եթե փոքրիկը առողջական խնդիրներ ունենա, և չի լինի բժշկական օգնության ոչ մի միջոց,

— Եթե հանգամանքերի բերումով հանկարծ չկարողանամ մայրական կաթ տալ բալիկիս, ապա ինչպե՞ս եմ կերակրելու, չէ որ կանթնախառնուրդներ ևս չկան,

— Բացարձակ չունենք մանկական խնամքի և հիգիենայի պարագաներ:

Ինքս ինձ ամեն օր տրվող այս անսպառ հարցերը մնում են անպատասխան, որոնք միայն ավելի են խորացնում ցավը ու մեղավորության զգացողությունը երեխաներիս առջև:

Ունեմ 4 տարեկան որդի: Ում պիտի բացատրեմ, թե ինչու չկան իր սիրելի ուտելիքները, քաղցրավենինք ու պաղպաղակը: Այսօր ասում է. «Մամ, որ ճանապարհները բացեն, տորթ կթխես, լա՞վ»: Իսկ ես դառը ժպիտով համաձայնվում եմ, մտածելով, ինչ է հասկանում 4 տարեկան երեխան թե ինչ է շրջափակումը:

Այս ամենը ստիպում է գիտակցել, որ չես կարողանում երեխաներիդ համար ապահովել այն կյանքը ինչ մտածել ես, ու դա կապված է ոչ թե գումարի կամ քո կարողությունների հետ, քանի որ դրա համար կարծես արել ես ամեն բան` ունես աշխատանք, գումար, տուն, առողջ ընտանիք … Միակ պատճառը հայրենիքումդ ապրելու ընտրությունն էր…

Արդյո՞ք ես տեսում եմ իմ ու ընտանիքիս ապագան Արցախում:

«Ապագա» — բառ, որը չեզոքանում է այս անորոշության մեջ: Անորոշություն, որը հյուծում է:

Գիտակցում եմ, որը վաղը հնարավոր է ավելի վատ լինի: Սակայն, սրտի խորքում պահվում է մի փոքրիկ հույս` իմ հայրենիքում, իմ տանը խաղաղ և երջանիկ ապրելու հույսը: Հույս, որ ծլում է այս հողից, և օգնում է դիմակայել…»,-գրել է նա։

Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։

Սննդամթերքների որոշ տեսակներ վաճառվում են կտրոնով։ Առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքներ պարզապես չկան, հումանիտար ճգնաժամն օրեցօր ավելի է խորանում։