ԳլխավորԼուր

Ադրբեջանցիները փակել են Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը

Հակարի գետի կամուրջը Արցախում

Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում:

Տեղեկությունը հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Արցախի Հանրապետության իշխանությունները խստորեն դատապարտում են ադրբեջանական հերթական սադրանքը՝ այն համարելով Արցախի շրջափակումը խորացնող և էթնիկ զտմանը միտված հանցավոր քայլ, որը ոտնահարում է թե՛ եռակողմ հայտարարությունը, թե՛ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումը և թե՛ միջազգային իրավունքի այլ հիմնարար նորմեր:

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ, որի ժամանակ կքննարկվեն վերջին զարգացումները և ԱՀ իշխանությունների համապատասխան անելիքները:

Իրադարձությունների վերաբերյալ հետագա մանրամասները կներկայացնենք ավելի ուշ: Խնդրում ենք հետևել պաշտոնական լրահոսին և չտարածել չճշտված տեղեկություններ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հակարիի կամրջով կապ էր ապահովվում Հայաստանի և Արցախի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի միջև։

Հիշեցնենք՝ մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի  առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար անջատում է նաև Արցախի գազամատակարարումը։

Հունվարի 12-ին էլ ինտերնետ ու բջջային կապն էր անջատվել Արցախում։ Մալուխը վնասվել էր Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են բնապահպան ձևացող ադրբեջանցիները։ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով վարած բանակցությունների շնորհիվ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության տեխնիկական մասնագետներին հաջողվել էր մեկնել վթարի վայր ու հունվարի 13-ին վերականգնել կապը։

Արցախում էլեկտամատակարարման հովհարային անջատումներ են, որոշ սննդամթերքներ վաճառվում են կտրոններով։

Ճանապարհը շարունակում է փակ մնալ։

Լուսանկարում՝ Հակարիի կամուրջը ռմբակոծվել էր 44-օրյա պատերազմի ժամանակ։