ԳլխավորՄի կտոր գիրք

«Քառասուն ձմեռ երբ որ պաշարեն քո ճակատը վես…». Շեքսպիր

Ուիլյամ Շեքսպիր

Ներկայացնում ենք անգլիացի բանաստեղծ, դրամատուրգ և դերասան Ուիլյամ Շեքսպիրի (1564-1616) սոնետներից մի քանիսը։

***

Ժառանգ ենք տենչում ամենաչքնաղ էակներից մենք,
Որ անհիշատակ չնահատակվի վարդը պերճության.
Մինչ ալևորին վախճան է բերում ժամանակը նենգ,
Նրա դեռատի զավակն է կրողն հիշատակության:

Բայց դու, սիրելիս, քո իսկ աչքերին կարգված լինելով,
Միայն սեփական նյութով ես սնում լույսդ բոցակեզ.
Ուր լիություն է՝ դու տարածում էս ահավոր մի սով
Եվ այդպես դառնում անգութ թշնամի՝ միայն ինքդ քեզ:

Դու, որ տակավին համայն աշխարհի պճնանքն էս անշեջ,
Նաև միածին ազդարարը քո ծաղկավետ գարնան,
Քո գոյությունը թաղում էս իզուր բողբոջներիդ մեջ
Եվ, քնքո՛ւշ ժլատ, կործանում էս քո սերունդն աննման.

Խղճա աշխարհին, որ չհամարեն մարդիկ քեզ ագահ,
Քանզի այս կյանքի հաճույքի կողքին գերեզմա՛ն էլ կա:

***

Քառասուն ձմեռ երբ որ պաշարեն քո ճակատը վես
Եվ խոր ակոսներ փորեն դաշտի մեջ քո գեղեցկության,
Քո ջահելության չքնաղ զգեստը, որ սեգ է այնպես,
Դառնալու է մի մաշված ցնցոտի, անշուք և ունայն,
Եթե քեզ հարցնեն, թե որտեղ է քո պերճությունն անշեջ,
Կամ ուր են կորել կրքոտ օրերիդ գանձերը ընտրյալ,
Թե պատասխանես՝ միայն փոս ընկած այդ աչքերի մեջ,-
Ինքնաանարգա՛նք միայն կլինի գովեստն այդ շռայլ:

Բայց ի՜նչ գովեստի արժան կդառնար պերճանքդ անմեռ,
Եթե ասեիր. «Չէ որ որդիս է այդ գեղեցկության
Կրողն արժանի, և թողությունս նրա մեջ է դեռ» —
Կիրականանա՜ր պերճանքդ նրա տեսքով աննման.
Այն նոր կլինի, մինչդեռ դու արդեն ահել կլինես
Եվ տաք կտեսնես քո արյունը, որ սառած է այնպես:

***

Ամոթ է, չասե՛ս, թե մեկին է քո սիրտը նվիրված,
Դու, որ դարձել ես ինքդ քո հանդեպ այդքան անտարբեր.
Թեկուզ և ասես, թե հազարների կողմից ես սիրված,
Ամեն ոք գիտի, որ ոչ մի կնոջ չես պարգևել սեր:

Քանզի քո սիրտը ատելությունն է պաշարել միայն,
Եվ անգամ քեզ հետ չես կարողանում դու համակերպվել.
Դու միշտ փորձում ես քարուքանդ անել պատերը քո տան,
Մինչդեռ բաղձանքդ պիտի լիներ այն վերստի՜ն կերտել:
Փոխիր քո կյանքը, որ ես իմ հերթին մտքերս փոխեմ.
Ատելությունը միթե հեզ սիրուց բարեկեցիկ է:

Օ՜, եղիր ինչպես արտաքուստ ես դու ազնիվ ու խոհեմ,
Ասա բոլորին, որ չարը քո մեջ միայն կեղծիք է,
Ուրիշ անձ դարձիր, փոխիր քո բոլոր մտքերն իմ սիրույն,
Որ քո պերճանքը հավետ ունենա իր կյանքը ուրույն:

***

Նա, ով ուժ ունի չարիք գործելու, սակայն չի գործում,
Ով չի անում այն, ինչ մարդկանց համար զվարճալիք է,
Ով հուզում մարդկանց, բայց ինքը բնավ չի ալեկոծվում,
Այլ քարի նման անշարժ, սառնարյուն և անառիկ է,
Նա է իրավամբ ժառանգում երկնի շնորհներն հզոր,
Անպտղությունից ջատագովելով գանձը բնության,
Նա է իր դեմքի և իր էության տերն ամենազոր,
Մնացածները ծառաներն են իր գերազանցության:

Ամռան ծաղիկը անուշ բուրմունք է ամառվա համար,
Թեև իր համար` նա գիտի ապրել ու մեռնել անտես,
Սակայն երբ թոշնում և դառնում է նա մեղկ ու դալկահար,
Ամենազազիր մոլախոտն անգամ պերճ է թվում մեզ:

Զի չարաշահված քաղցրությունն այնպես դառն է ու անհաճ,
Թոշնած շուշանը զազրահոտ է, քան արոսը կանաչ:

Թարգմանությունը՝ Սամվել Մկրտչյանի