ԳլխավորՄի կտոր գիրք

«Ավելորդը». Դերենիկ Դեմիրճյան

Դերենիկ Դեմիրճյան

…Հակոբը ցեխոտ ոտքերը հազիվ սրբած՝ «թուրքերը եկան, փախչինք պիտի» ասելով՝ շնչասպառ ներս մտավ և հարձակվելով անկյունները դրած սնդուկների վրա՝ սաստիկ ուժով առաջ քաշեց։

Հաճին մոտեցավ որդուն։

— Ֆուրղուն բռնեցի՞ք…

— Ֆուրղուն չկա, խզակ բռնեցինք։

Հաճի աղան ընդունեց այդ առաջին մեծ հարվածը, բայց կյանքի բովում զելված մարդը իսկույն անդրադարձավ, որ խորհրդածության ժամանակ չէր. պետք էր ո′չ միայն հաշտվել այղ աղետի հետ, այլ եղածն ազատել։ Եվ ի՞նչ պիտի տեղավորվեր մի սահնակի վրա… Հաճի աղան ավելի խստացավ։

— Տե՜, ազատելո′ւն ազատեցեք… ամենեն պետքականը…

Հակոբը քանդեց իր կավագույն բաշլըղը, հանեց դեղնած հաստ վերարկուն և, հարձակվելով սնդուկների վրա, այնպես ուժով առաջ քաշեց, որ զոռից դեմքի ու վզի երակները ուռան։

Իրար հետևից, ներս լցվեցին և դռների մոտ արձանացան Շողոն, Շմավոնի կինը, փոքր հարսը և մի հարևանի կնիկ։

Հաճին մոտեցավ Հակոբին և թևը բռնելով՝

— Խելքդ մի′ կորցնե,— հրահանգեց,— ինչ որ պետքական է, ա′ն ժողվե։

Հետո տանեցոց հրահանգեց.

— Ամենեն պետքական բաները ժողվեցեք, տեսե՜ք՝ ճամփան կմնաք։

Հարևանի կնիկը, որ լուռ ականջ էր դնում սրանց, տեսնելով, որ տան բոլոր անդամները գործի անցան, դիմեց Հաճի աղային.

— Հա′ճ աղա, օտա՜ցդ մեռնիմ, դուք կերթաք, մենք ի՞նչ պիտի էնենք։

— Եսի՞մ,— կտրեց Հաճի աղան.— իմ ձեռքս ի՞նչ կա։

Հարևանի կնիկը, որ դառն աղքատի վիճակին էր և համարյա Հաճի աղայի տան գործն անելով՝մի կտոր, մի փշրանք ստանալու հուսովն էր՝ սարսափեց։ Նա կարծում էր, թե աշխարհն այնպես է շինած, որ չի քանդվել երբեք, իսկ եթե քանդվի էլ, Հաճի աղան երևի բան կգիտենա դրա դեմ անելու։ Չանի էլ ու գնա՝ մի բան կանի իր նման անճարներին։

Բայց Հաճի աղայի չոր ու դաժան պատասխանը սթափեցրեց խեղճ կնկան։ Եվ տեսնելով, որ իրեն նայող չկար, հառաչեց ու դուրս գնաց։

Ու մինչ տնեցիք հավաքում էին իրերը, Հաճի աղան սկսեց անցուդարձ անել սենյակում՝ իբրև տխուր ուղտի կերպարանք։ Նայում էր անկարգացած սենյակին, ուր իրար վրա թափված էին «անպետք» ու «ավելորդ» իրերը, տեսնում էր իր տան քանդվելը, բայց հուսահատությունից չէր զգում ցավը։ Ավելի մեծ զուլումը աչքին բան չէր թողնում երևալու։ Նա դեղնել, մագաղաթ էր դառել։ Տնեցիք շորերը կապում, նորից քանդում և կրկին ընտրում էին, և շարունակ լսվում էր «Հաճ աղայիս գուլպաները», «Հաճ աղայիս դոշակը», «Հաճ աղայիս քուրքը չթողնեք»։ Շմավոնի կինը կողքից նայելով Հաճի աղային և տեսնելով նրա մեռելադեմ երեսը՝ դիմեց նրան,

— Հաճ աղա, կոնյաք ըմ խմե՞ս։

Հաճի աղան լուռ էր, տխրատեսիլ արձանի պես։ Նրա բերանը հուզմունքից դառնացել էր, և նա թուքը կուլ տալիս դեմքը ծռմռում էր։

Բայց ներքուստ շտապում էր և դիտում տնեցոց աշխատանքը։ Եվ մռայլ, խստացած բերդապահի պես՝ քանի գնում, իր բերդի զանազան իրերի արժեքը վերագնահատելով՝ մերթ կարգադրում էր. «Պետքականնե՜րը, պետքականնե՜րը», մերթ սարկազմով աղաչում էր. «Աստծո՜ւ սիրուն հասկցե՛ք, աս պետք չէ, ա՜ն», իսկ վերջը՝ կռիվը ոգևորողի պես՝ սկսեց քաջալերել. «Տե′, տե′, տե′, հա′ պապամ հա՜… պետքականնե՛րը, պետքականները»։ Ու այսպես «պետքականները» կրկնում էր ծիսակատարության ձայնով և զգում էր, որ մեծ գործ է կատարում, տուն է ազատում։

Իսկ այդ միջոցին մյուս փոքր «օդայում» նստած էր անդամալույծը և հանդարտ՝ աչքի տակով նայում էր իր եղբորը։ Վերին աստիճանի խաղաղ էին նրա խոշոր ու մարած աչքերը, որոնց տակերը կապտած՝ պարկեր էին գոյացել։ Նրա դեմքը ուռած, հիվանդագին ճերմակ էր։

Բայց նրան ոչ ոք չէր նկատում։

Տնեցիք արդեն պատրաստ էին, երբ դռան մոտ խզզալով ու դոփելով՝ կանգնեց մի ծանր, մեծ սահնակ։ Շմավոնը կարմրած, այլայլված՝ նստել ապրանքներով լի տոպրակների վրա՝ սահնակը բերում էր տանեցոց տանելու։ Նրա գնդլիկ մարմինը վար սողաց տոպրակների վրայից, և նա ներս ընկնելով շնչասպառն գուժեց.

— Զուլումը տեսա՞ք…՝ խանթին ապրանքը մնաց… ֆուրգուն չկա…

— Վո՜ւո՜ւշ…— ծնկները ծեծեցին հարսները և նայեցին Հաճի աղային։

Հաճի աղան ուղտի տխրությամբ նայեց Շմավոնին և լռեց։

— Տե′, Հաճի աղա, հագի′ր էրթանք,— ասաց Շմավոնը և դուրս գնաց։

Շմավոնի կինը աթոռ բերեց, որ Հաճի աղան նստի. հետո փոքր հարսի օգնությամբ Հաճի աղայի ոտքերը հագցրին մի երկրորդ շալվար ևս։

Այդ ժամանակ «պզտի օդայից» խուլ հեծկլտոցներ լսվեցին։

— Ատ վո՞վ է,— հարցրեց Հաճի մարը և ներս գնաց։

Հարսները հետևեցին նրան։ Ինչ-որ բան խոսեցին անդամալույծի հետ, որից միայն լսվեց Հաճի մոր ձայնը.

— Հաճի աղան չի սառի ճամփան, մի′ վախնա։

Եվ նորից սկսեցին խոսել։

Հաճի աղան բութ հանգստությամբ իր մեջ նկատեց, որ նա ամբողջ օրը չէր մտածել անդամալույծի մասին, և հիմա մտածելով՝ անախորժություն զգաց։ Եվ ոտքը կոխելով շալվարի մեջ խոսեց.

— Ի՞նչ է, ի՞նչ է էղեր։

— Հեչ ,— պատասխանեց փոքր հարսը,— Սրբունը գուլա։

— Ան ինչի՞ է ձեռք ու ոտք էղեր, ո՞ւր պիտի գա,— խոսեց Հաճի աղան բարկությամբ և մտքում զայրացավ, որ անդամալույծը ինքն իր բերնով չի հայտնում, թե համաձայն է մնալու և ուրիշներին է թողնում այդ բանը հայտնելու անախորժությունը։

Փոքր հարսը զարմանքով լի աչքերը հառեց Հաճի աղային.

— Սրբունին պիտի թողնե՞նք…

Հաճի աղան ծաղրեց.

— Է′ խանումս, տեսնինք ես ու դուն պիտի երթա՜նք…

Հաճի մարը, որ դուրս էր գալիս անդամալույծի սենյակից և լսեց այս վերջին խոսքերը, սարսափեց.

— Քա, ձունը գլխուս, Սրբունին պիտի թողնե՞նք…

— Ե՞ս եմ թողնողը,— հարեց Հաճի աղան,— տեսնինք խզակին վրա տեղ կա՞։

— «Տեղ կա՞»-ն ինչ խոսք է, Հաճի աղա, ասքան մարդս օր կերթանք…

Եվ Հաճի մարը անընդունելի համարելով ամեն պատճառաբանություն՝ փոքր հարսին ձայն տվեց, ինքն էլ գնալով փոքր սենյակը.

— Եսթե′ր, օղուլ, Սրբունին հագցո′ւ։

Անկյունում մինդարի վրա ծալապատիկ նստել էր անդամալույծը և գլուխը ծնկան վրա կախած՝ աչքերն էր սրբում։

Հաճի մարը ծռվեց նրա գլխին.

— Սրբո՞ւն, քո՞ւրս, ինչի՞ գուլաս։

Անդամալույծը չպատասխանեց։

Շմավոնի տղան՝ ութ տարեկան Կարոն, որ ներս էր եկել և հետևում էր սրանց խոսակցության, բացատրեց.

— Թուրքերեն կվախենա։

Տիրեց լռություն։

— Ի՞նչ էնիմ,— լացակումեց անդամալույծը,— Հաճ աղաս շատ է վախեցե, վախենամ թե ճամփան ցավի գա։

— Ատոր համա՞ր զուլաս,— զարմացավ Հաճի մարը,— ջանըմ, մեր դարդը մի′ քաշե, հազրվե′…

— Ե՞ս,— տխրաժպիտ նայելով Հաճի մորն ու փոքր հարսին՝ ասաց անդամալույծը,— ես չեմ գա։

— Ինչի՞— հետաքրքրվեց Հաճի մարը։

— Դուք ձեր հոգեստանն ազատեցեք. ես անդամալույծ եմ, ասօր կամ, էգվան չկամ,— պատասխանեց անդամալույծը տխուր համակերպությամբ։

— Անդամալո՞ւյծն ինչ խոսք է, ջանըմ,— հանդիմանեց Հաճի մարը,— հոգին հոգի է, հազրվե′։

Հաճին մեծ սենյակում անցուդարձ էր անում և լսում այս խոսակցությունը։ Հաճի մոր պնդումները նրան զայրացրին, և նա իր կնոջը ձայն տվեց.

— Թեզ էրա՜, ատոր վախտը չէ՜։

Հաճի մարը դուրս եկավ անդամալույծի սենյակից և աչքերը հառեց Հաճի աղային։

— Տեղ չկա՜… կիմանա՞ս, — գոռաց, խեղդելով իր ձայնը Հաճի աղան և շեշտեց «կիմանա՞ս» բառը։

— Է′,— հակաճառեց Հաճի մարը,— բեռդ պակսեցու՝ տեղ գըլի։

— Է՜,— տնտղեց Հաճի աղան,— բեռդ որ պակսեցնես՝ տղաքդ ինչո՞վ պիտի պահես, աշխարհք խո չվերջացավ։

Եվ Հաճի աղան բաշլըղը փաթաթեց։

— Ջանըմ, գնացե՜ք, իմ պատճառովս միք ուշանա, Հաճ աղաս մեղք է,— տրտնջաց անդամալույծը ներսից։

— Ադպես բան չկա, մենք կերթանք, դու ալ պիտի գաս,— հրահանգեց Հաճի մարը և դուրս գնաց՝ կառապանին տեսնելու։

Հարսները ներս եկան, և մինչև անգամ երեխաները բոլորեցին անդամալույծի առաջ։ Բայց նա տեսնելով, որ ամենքը իրեն են նայում և սպասում, վեր նայեց խաղաղ ու բարի աչքերով և ասաց.

— Դուք գնացեք, ինձի մի′ք աշե, ես կմնամ, իմ ջանս ազիզ չէ։

Այդ ժամանակ ներս մտան Հակոբն ու Շմավոնը և սկսեցին չորս կողմ նայել, թե ինչ կա էլի վերցնելու։

Հարսներն սկսեցին սրանց աղաչել, որ անդամալույծին համոզեն իրենց հետ գալու և տեղ գտնեն սահնակի վրա։

Երկու եղբայր իրար նայեցին լուռ ու դժվարացած, հետո դեպի Հաճի աղան, որ լսեց հարսների աղաչանքը։

Հակոբը կեղծավորություն արավ.

— Հը՞, Շմավո՞ն, ի՞նչ կըսես, ապրանքը թեթևցնե՞նք…

Շմավոնը դեմքը կնճռեց ժլատի պես, որից փող են խնդրում։

— Չգիտեմ, ի՞նչ ըսեմ…

Ու դուրս գնաց։

Երեխաներն սկսեցին լաց լինել։

— Սրբուն մամին թուրքերը պիտի մորթե՜ն…

Եվ ընկնելով անդամալույծի վրա, փաթաթվեցին նրան և. սկսեցին համբուրել։

Սա գրկեց նրանց և փղձկաց.

— Աստված հետներդ, գառնե′րս, գնացեք, ինձի մի′ք աշե։

Հարսները լցվեցին և երեխաներին քաշեցին մի կողմ։

Հաճին մի երկու անգամ գնաց-եկավ մեծ սենյակում, հետո՝ մուշտակը հագած եկավ փոքր սենյակը և մոտեցավ քրոջը։

— Է՞, Սրբուն,— ասաց նա դժվարությամբ ու տհաճությամբ,— մնա′ս բարով։

Եվ ձեռքը դրեց նրա ձեռքի վրա։

— Մի՞ վախնա, թուրքերը քեզի ձեռք չեն տա. երբ օր ներս մտնին, ըսե՝ «տունը ձեզի», ինձի ձեռք մի′ք տա։

Շմավոնը, որ ներս էր մտել, հարեց.

— Ըսե՝ «սիզըն օճախա դյուշմիշըմ», ձեր օճախն եմ ընկե։

Անդամալույծը դողդոջուն ձեռքերով բռնեց Հաճի աղայի ձեռքը, տարավ շրթունքներին և համբուրեց։ Մի արցունքի կաթիլ նրա աչքերից գլորվեց, ընկավ Հաճի աղայի ձեռքին։ Անդամալույծը ծոցից թաշկինակը հանեց և սրբեց եղբոր ձեռքը և ապա՝ մի զույգ «դֆտիկ» ձեռնոց հանելով մինդարի տակից՝ տվեց Հաճի աղային.

— Ձեռքե′րդ անցու՝ ճամփան չմրսիս։

Հետո փղձկալով վրա բերեց.

— Քոռանա′ լուսս… տղոցը համար չկրցա գործե։

— Բան չկա, բան չկա,— սառը հանգստացրեց Հաճի աղան։ Հետո դարձավ տնեցոց.

— Դե′։

Ու ինքը դուրս գնաց։ Հաճի մարը այնտեղ չէր։ Ըստ երևույթին գնացել էր հարևանների մոտ՝ անդամալույծի համար տեղ գտնելու։

Հաճի աղան, ընտրելով սահնակի ամենահարմար տեղը, նստեց, փաթաթվեց վերմակի մեջ ու մնաց։

Եվ որովհետև տնեցիք ուշանում էին- անշուշտ անդամալույծին համոզելու, որ գա,- Հաճի աղան բարկացավ և գլուխը վերմակի տակից հանելով, ձայն տվեց.

— Թե′զ էրեք, ատոր վախտը չէ′… «էկա՜ն»…

Ու շտապով դեմքը ծածկեց վերմակի մեջ, որ չմրսի։

Հատված Դերենիկ Դեմիրճյանի (18.02.1877-06.12.1956) «Ավելորդը» պատմվածքից

Comment here