ԳլխավորՄի կտոր գիրք

Պերճ Պռոշյան. «Ցեցեր»

Արձակագիր Պերճ Պռոշյանի (3.06.1837-23.11.1907) ծննդյան օրվա առթիվ ներկայացնում ենք մի հատված նրա  «Ցեցեր» ստեղծագործությունից։

***

Սոնան դողում էր ամբողջ մարմնով, խոսքերը կցվեցան ատամների մեջ։

-Ի՞նչ ես սիրտդ կոտրում, Սո’նա ջան, ինչի՞ փոշիմանածի պես դառար. թե չես ուզում, թե ես արժանի չէի քո մի պաչին, կարող ես մի շահ-սիլլա տալ, դեն քցիլ ինձ, գնալ քո սրտի սիրածին ուզիլ։ Փառք աստծու, իրան էլ լավ հայտնի ա, որ էս երկու տարվա մեջ առաջին անգամը շունչս շնչիդ, պռոշս պռոշիդ դիպավ, վարդի տերեւն էլ մի հետ ձեռը տալով չի սալարում, չի չմքում. թե մի պաչով աչքիցդ ընկա, թե չես ուզում իմն ըլնել, կարծի’ր, թե աստված քեզ մի ախպեր ա տվել՝ օտարությունի մեջ էր, քվերը կարոտել էր, եկավ գրկեց համբուրեց, սրտի փափագն առավ, ուրախությունից սիրտը պատռվեց, մեռավ։ Հենց իմանում ես՝ դժվա՞ր բան ա գլուխս քեզ մատաղ տալը։ Էստեղ նստի’, գնամ՝ մեր հնձանից ղամես բերեմ, կտեսնես։

Սամփսոնը վեր կացավ եւ գնում էր։

-Ո’չ, ո’չ, սխալվում ես, Սամփսո’ն, տեղդ պինդ նստի,-կուռը քաշեց Սոնան,-զուր ես ղամի քամակիցը գնում. Դու ղամեն բերնումդ ունիս, որ սրտիս մեջն ես ցցել ու խառնում, սիրող սրտի վրա ծիծաղում։ Ես փոշիման չեմ քեզ սիրելուս համար. դու իմ գլուխն ես, իմ ջանն ես, իմ սիրտն ես, գլխիս տերն ես, դու էդ մի պռոշը պռոշին կպցնելովդ՝ չտիրեցիր իմ սրտին. Ի՞նչ երկու տարի, ինչի՞ չես ասում երեք, չորս, հինգ… իմացի’ր, երեխությունից աստված մեզ իրար համար ա արշա քցել, տներս ձեր տանը, բաղերս ձեր բաղին կպցրել, որ իրար հետ մեծանանք, իրար հետ խաղանք, իրար ճանաչենք, իրար սիրենք, իրարից անբաժան մեռնենք դրախտ թե դժոխք՝ իրար հետ մտնենք. երեխությունի սերն ուրիշ էր, մենծացանք՝ ուրիշ փոխվեց, բայց երկսի անումն էլ սեր ա, առաջինը վերջինիցը պարզ սրտով, վերջինն առաջինիցը խելոք մտածած, չափ ու ձեւ արած, քաղցր ու հաստատ։

-Թե էդպես էր, էլ ընչի՞ մի պաչը քեզ փոխեց, ընչի՞ ուռի տերեւի պես դողում էիր քամի չէլած տեղը։

-Ա~խ, Սամփսոն ջա’ն, հիմի եմ հասկանում, որ տղի ու աղջկա մեջը սարեր կան, հիմի եմ գլխի ընկնում, որ ինչ բան տղի համար հեշտ ա, ամոթ չի, աղջկա համար սար շուռ տալ ա. քեզ համար ոնց որ մի կում ջուր կուլ տալ՝ դժար չի ամեն տեղ նստել, ասել, որ Սոնին սիրում ես, Սոնին պաչել ես, Սոնին ուզում ես, բայց ես իմ ծնող մոր մոտ էլ քաշվում եմ։ Երկու տարի ա դու ինձ զոռ ես անում, երկու տարի ա՝ ամեն օր մտքումս դնում եմ իրիկունը սիրտս բաց անել մորս մոտ ու մութը կոխելուս՝ լեզուս խպռնվում ա, բերանս փակվում, Զաքարիայի պապանձումն ա գալիս վրես, ամոթն աչքերս կոխում ա, արտասունքն ինձ խեղդում ա, ընկնում եմ տեղաշորիս մեջ, գլուխս բարձի տակին պահում։ Ընչաք էսօր էլ իմ տեղերն ամենքիցը շուտ ա վեր քաղվում, թե ինչ ա, մերս հանկարծ բարձիս ձեռ չտա տեսնի, որ թաց ա։ Ա’յ, հենց էդ միտքն էր հիմի, որ ինձ դողմանի բերեց, ընչունքի հաստատ մտքումս դրի՝ էս գիշեր աչք չկպցնել, ամեն բան մորս ասել, ոտներն ընկնել, աղաչել, պաղատել, որ մի հնարքով հորս բան հասկացնի, մեր նշանը շուտ վրա բերի ու գեղիս շուն ու գիլանոնցից ինձ ազատի։ Ինձ համար Սամփսոնիս կոխած հողը հազար գլավնի, սուդիա, հոգաբարձու, դատավոր-մենծավորի գլխից լավ ա, դու միամի’տ կաց։

-Ես մեղա աստծու, հոգի’ ջան, գլուխս քարովը տվի. ես հենց իմացա, թե պաչի վրա հերսդ եկավ։

-Որ էլ մտքովդ փիս բաներ անց չկացնես Սոնիդ վրա ու կասկածանք չանես, էս ես, էս իմ գլուխը, իմ սաղ ջանս, իմ մարմինս։ Որ դու էլ սրանից հետո ղամի ու խանչալի ետեւից չգնաս, Սոնիդ համար Սիմավոն ծերունի դառնաս, էս էլ թող ըլի երկու։

Սոնան այս անգամ ինքը փաթաթվեց Սամփսոնին։

«Ցեցեր», 1889 թ.

Comment here