Ներկայացնում ենք բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի ստեղծագործություններից մի քանիսը։
***
Բաց քո կեղևը, ծա՛ռ,
Ա՛ռ ինձ կեղևիդ մեջ…
Անցան օրեր մեկ-մեկ,
Անցան օրեր զույգ-զույգ,
Ճաշակեցինք և սեր,
Եվ տառապանք, և սուգ:
Հոգնեցրին ինձ արդեն
Օրերը լայն ու նեղ,
Հոգնեցրին ինձ արդեն
Մեղավոր ու անմեղ,
Հոգնեցրին ինձ արդեն
Տխրությունն այս ցանցառ
Եվ կարոտներն այս խեղճ,
Դե բա՛ց կեղևդ, ծա՛ռ,
Ա՛ռ ինձ կեղևիդ մեջ:
Ա՛ռ ինձ կեղևիդ մեջ.-
Այս անծաղիկ դարում
Ես կձուլվեմ քեզ հետ՝
Որպես փոքրիկ գարուն:
Որպես թաքուն թախիծ,
Տերևներիդ խորքում
Ես կփայլեմ տխուր
Ու կմտնեմ խոր քուն:
Ու հողմերը թե գան՝
Ինձ խլեն քո ձեռքից,
Ես կարթնանամ, ծա՛ռ իմ,
Կըորոտանք մեկից:
Ես կձգվեմ քեզ հետ,
Ես կճկվեմ քեզ հետ
Ու հողմերի ձեռքից
Ես կփրկվեմ քեզ հետ:
Ու մի թաքուն գիշեր
Երբ բոլորը քնեն,
Ես քեզ կախարդական
Բառեր կըկրկընեմ.
Կերթանք կամաց-կամաց,
Կելնենք թաքուն-թաքուն,
Ու քնի մեջ նրան
Կդարձընենք անքուն:
Նրա երազի մեջ
Կախարդական մի ծառ
Մարդկային ձև կառնի,
Կշնկշնկա կամաց
Եվ մարդկային լեզվով,
Որպես լեգենդ պայծառ,
Կբարբառի նրան
Անհո՜ւն, կորած մի սեր
Եվ մի կարոտ անծայր:
Հետո կամաց-կամաց,
Ցավով մեր շողշողուն,
Որպես կորած տեսիլք,
Մենք կթաղվենք հողում:
***
Օրերս անցան իրար ետևից
Կամ իրար հեծած,
Ես, որ իշխողն եմ նրանց ընթացքի,
Գլորվեցի ցած:
…Ի՜նչ տխուր է այս պատմությունը հին,
Եվ ինչ խորազդու.
Բոլորն իմացան, որ սիրում եմ քեզ,
Չիմացար լոկ դու:
***
Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն
Եվ ամեն օր քեզ հետ կռիվ ու վեճ ունեմ,
Եվ ամեն օր այսպես տառապում եմ, սե՛ր իմ,
Չէ՞ որ մտածում եմ, որ ես էլ վերջ ունեմ:
Անբնական մի վերջ՝ հիմար մի տագնապից,
Հիմար մի տագնապի անբնական չափից,
Իմ ու այս աշխարհի անբնական կապից,
Ամեն կողմից գլխիս,
Երազներիս թափվող
Անմարդկային ցավից, անմարդկային լափից:
Անբնական մի վերջ, սե՛ր իմ, անբնական,-
Դու, որ կարող էիր թավշե մի ժպիտով
Բոցավառել իմ գորշ ու տաղտկալի ներկան
Եվ որ կարող էիր գուրգուրանքի ստով
Լցնել իմ մեջ կյանքի ուժը տիտանական,-
Դու հեռացար այնպես փափուկ ու բնական,
Այնպես անփութորեն և մտերիմ այնքան,
Այնքան մտերմորեն — և լուռ, և անհուզում,
Որ ես հիմա ցավից խորտակվել եմ ուզում:
Մի՛ տագնապիր, մի՛ լար և մի՛ ասա, թե դու
Հետո ճամփաներ ես փնտրել վերադարձի,
Իսկ դու գիտե՞ս ինչ է ցավը խորտակվածի,
Եվ կորուստը՝ արդեն կորուստ տված մարդու:
Պիտի ելնեմ հիմա, մառախուղի միջով
Պիտի գնամ ինչ-որ անհայտ ճամփորդության,
Եվ դա չի լինելու խռովածի տագնապ.
Կամ միամիտ մարդու քմայք անփորձության:
Պիտի գնամ, ի՞նչ կա: Դու էլ պիտի գնաս,
Որպես փափուկ մշուշ, կամ կարոտի մի հով,
Պիտի գնաս մենակ, անվերադարձ, անփույթ,
Սակայն, ավաղ, ուրիշ,
Ուրիշ ճանապարհով:
***
Ես քոնն եմ հիմա, ես քոնն եմ, քոնն եմ,
Քո մարմարակերտ թևերինն եմ ես,
Քո սև մազերի թելերինն եմ ես,
Քո մարմնի բոլոր ձևերինն եմ ես,
Եվ ուզում եմ, որ ինձ հիմա գրկես,
Գրկես ու այնպես սեղմես քո կրծքին,
Որ էությանդ ձուլվի իմ հոգին:
Եվ ես մոռանամ, որ աշխարհը կա,
Կան ուրիշ կանայք, կան ուրիշ երգեր
. . . . . . . . . . . . . . . . . . .
Եվ կան այդ կանանց գուրգուրող ձեռքեր:
[…] «Ծառը»-Երաժշտ. Ռուբեն Հախվերդյանի, խոսք՝ Ռազմիկ Դավոյանի։ […]