ԳլխավորՓորձադաշտ

Դու այդպես էլ չես իմանա` ինչպիսին էի ես առանց քեզ. Արմինե Սահակյան

Արմինե Սահակյանը 21 տարեկան է։ Ծնվել է Ապարանում։ Սովորում է ԵՊՀ-ի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Վաղուց է ստեղծագործում և կարծում է, որ ստեղծագործելիս մարդիկ անկեղծանում են թե իրենք իրենց, թե ընթերցողի հետ։

Միայն մնա

Մնա մոտս թեկուզ տխուր,
մի քիչ հոգնած
ու մի քիչ լուռ,
իսկ ես լինեմ
քեզնով արբած,
դեղ ու դարմանը լինեմ սրտիդ,
տխրությունդ սիրով կպատեմ,
հոգնածությունդ` ջերմությամբս,
լռությունդ կխախտեմ սիրո երգով,
կտխրեմ հետդ,
կկիսեմ վիշտդ,
թե չդիմանաս ու հանկարծ լացես,
ես էլ կլացեմ,
ու թե ձեռքիս տակ ոչինչ չլինի,
մազերովս կսրբեմ արցունքներդ,
որ մի կաթիլ անգամ չընկնի գետնին,
մնա մոտս, էլի մնա,
մի թող քեզնով լիքը դատարկությունը
սրտիս,
ցաված սիրտս էլ մի մաշիր,
մնա մոտս, միայն մնա…

***

Եթե կրկին սիրեմ քեզ,
կգա՞ս բոլոր մոռացված հուշերի,
ցավոտ մտքերի նման,
որ ավելի ամրապնդեմ քեզ ու ավելի անուշ հիշեմ։
Կգա՞ս մոռացված երգի նման,
որ կրկնեմ ու անգիր անեմ։
Իսկ գուցե տերյանակա՛ն բանաստեղծությունների նման գաս,
որ կարդամ ու չհոգնեմ, որ հավերժ դաջվես հիշողությանս մեջ։

Բայց… եթե չես ուզում, կարող ես չգալ։
Ու եթե չես գալու, գոնե հեռանայիր
երբեք չգրված ու վաղուց մոռացված տողերի նման։
Թե չէ գալդ ու գնալդ մեկ եղան. ո՛չ գալդ էր մի բան, ո՛չ գնալդ,
միայն լինելդ էր լիուլի ու բարի…

***

Ես չեմ կարող քեզ փոխանցել իմ
զգացածը,
ու ես ինձ համոզում եմ, որ դու
բացարձակ արժանի էլ չես,
որ ինչ լինելու էր, եղել է, որ բարին սա է…

Դու այդպես էլ չես իմանա` ինչպիսին էի ես առանց քեզ, ու ինչպիսին եղա քեզնից հետո։
Հազարների բերաններով ես քեզ սեր կխոստովանեմ, ու դու երբեք չես մոռանա իմ ձայնը…
Հազարների մատներով կշոյեմ այտդ,
ու դու երբեք չես մոռանա, թե ինչքան
ջերմ էի ես` քեզ դիպչելիս…

Փողոցում քայլելիս հազարների
աչքերով կնայեմ քեզ ու կգողանամ
ժպիտդ… Իսկ դու կսառեցնես
հայացքդ` ասես հենց նոր ինձ տեսար
ու կժպտաս` կարոտից ցնցված։
Հազարները կգան ու կգնան, հազարներին
կնայես փայլփլուն աչքերով,
հազարներին
սեր կխոստովանես,
բայց սիրտդ չի բաբախի.
ինձնից հետո ամուր
կողպել եմ սրտիդ դուռը…

Comment here