Ներկայացնում ենք իսպանացի բանաստեղծ, դրամատուրգ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի (5 հունիսի, 1898 – 19 օգոստոսի, 1936) ստեղծագործություններից։
***
Ո՛չ դու, ո՛չ ես
պատրաստ չենք իրար հանդիպել.
դու…. թե ինչու` ինքդ գիտես:
Ես որ այնքա՜ն եմ սիրել:
Շարունակվում է այդ արահետը:
Ձեռքերիս մեջ սուր մեխեր են,
Չե˚ս տեսնում` ինչպես եմ արյունաքամ լինում:
Երբեք հետ չնայես,
Դու դանդաղ գնա
և աղոթիր ինձ պես`
Սուրբ Գայետանոյին,
որ ո՛չ դու, ո՛չ ես
պատրաստ չենք իրար հանդիպել:
***
Հոգիներ կան, որ
հիշում են
հանգչող
հորիզոններ և աստղերի՝
հառաչը։
Հոգիներ կան, որ
հիշում են
հեռավոր
ստվերները՝
անցած ու լուռ։
Ուրի՛շ հոգիներ կան
սիրո համբյուրների-
գիշերվա տնքոց՝
առավոտվա մահճում։
Անարձագա՛նք
արդեն։
***
Ճիչը քամու մեջ թողնում է
Կիպարիսի հետք:
(թողեք ինձ այս դաշտում` լալով):
Աշխարհում ամեն ինչ փոխվել է:
Լռություն է մնացել լոկ:
(թողեք ինձ այս դաշտում` լալով):
Հորիզոնն անլույս է
Հրդեհներն են կիզում նրան:
(թողեք ինձ այս դաշտում` լալով):
***
Գիշերն ու լիալուսինը մեր գլխավերևում.
Ես հուսահատ ձայնում էի, իսկ դու՝ ծիծաղում:
Քո արհամարհանքը մի աստված էր աններ,
Իմ ցավը՝ շղթայված ակնթարթներ ու աղավնիներ:
Երկուսով՝ սուզված գիշերում, բյուրեղներով վշտի
Դու լալիս էիր հեռու-հեռավոր մի անկյունում
Ու իմ ցավը պատկերանում էր փունջ մորմոքների՝
Ծանրացած քո սրտի փխրուն ավազներում:
Արշալույսը մեզ գտավ մահճակալին.
Մեր շուրթերը սեղմված էին անվերջ հորդացող
Արյան սառցե շիթերին:
Արևը ներս թափանցեց բաց պատշգամբով
Եվ կյանքի կորալը իր ճյուղերը տարածեց
Իմ սրտին՝ պատանքված մահով:
***
Օ՜, խորհրդավոր սիրո շշուկ՝ խուլ և մթին,
Անգեղմ խաշնի բառաչյուն, աղ՝ վերքին,
Անպաշտպան ամրոց, գետ՝ առանց ծովի,
Մորմոքիչ ցավ պոկված կամելիաների:
Օ՜, գիշերվա ուրվագիծ՝ հստակ և անափ,
Տրտմություն՝ բարձունքը մշուշում սուզված,
Հանգչող խաղաղություն, թմրեցնող կակաչ,
Անտուն ու որբ շուն՝ սիրտ սողոսկած:
Հեռու՛ ճամփից, սառցե այրող ձայն,
Մի տար դեպի դարավոր ամայության,
Ուր ամպերն են անպտուղ ողբում մարմինն անկենդան:
Կենդանի գլուխը ձյունե կտավով մի պատանքիր,
Հանիր սգո պսակը, խղճա՜ և մի տանջիր,
Ես ՝ Սերն եմ և գոյություն ունեմ: