ԳլխավորՄի կտոր գիրք

Ամենաարկածային գրողի ծննդյան օրն է

Ժյուլ Վեռն

Ֆրանսիացի աշխարհագրագետ և գրող, արկածային գրականության դասական, գիտաֆանտաստիկ գրականության հիմնադիրներից մեկի՝ Ժյուլ Վեռնի ծննդյան օրն է (08.02.1828-24.03.1905)։

Նրա ստեղծագործություններից շատերը թարգմանվել են հայերեն՝ ունենալով բազմաթիվ վերահրատարակություններ։

Ժյուլ Վեռնը գրել է 66 վեպ, այդ թվում «Ուղևորություն դեպի երկրի կենտրոնը», «Նավապետ Հատերասի ճանապարհորդություններն ու արկածները», «Երկրից դեպի լուսին», «Նավապետ Գրանտի որդիները», «Քսան հազար լյո ջրի տակ», «Աշխարհի շուրջը 80 օրում», «Խորհրդավոր կղզին», «Տասնհինգամյա նավապետը», «Ռոբուր նվաճողը»։

Վեռնի գրվածքների հիման վրա նկարահանվել է մոտ 200 ֆիլմ։

Իր ստեղծագործություններում նա կանխագուշակել է գիտական նորամուծություններ և հայտնագործումներ ամենատարբեր ոլորտներում, օրինակ՝ էլեկտրական աթոռ, ինքնաթիռ, ուղղաթիռ, սուզանավ, GPS նավիգացիոն համակարգ, թռիչքներ դեպի տիեզերք, այդ թվում նաև Լուսին, աշտարակ Եվրոպայի կենտրոնում, միջտիեզերական ճանապարհորդություն, տեսահաղորդակցություն և հեռուստատեսություն։

Մի քանի հատված՝ նրա «Տասնհինգամյա նավապետը» գրքից։

***

Այդ օրերին փոթորիկը ստացավ իր ամենասոսկալի ձեւը՝ փոխվեց մրրիկի։ Քամին փչում էր հարավ-արեւմուտքից. Օդը տեղափոխվում էր մեկ ժամում հարյուր վաթսունվեց կիլոմետր արագությամբ։

Իսկական մրրիկ էր, մեկն այն ահռելի քամիներից, որոնք ափ են նետում նավահանգստում խարսխված նավերը եւ որոնց չեն դիմանում նույնիսկ ցամաքի ամենահաստատուն շիվածքները։ Այդպես էր այն մրրիկը, որը 1825 թ. հուլիսի 23-ին ամայացրեց Գվադելուպը։ Եթե քամին հրետասայլից ցած է գցում 24 սանտիմետրանոց թնդանոթները, ապա կարելի  է պատկերացնել, թե ինչ կլինի նավը, որի հենարանը փոթորկալի ծովն է միայն։ Եվ սակայն հենց ծովի շարժողականության մեջ է նրա փրկությունը։ Նավը տեղի է տալիս քամու մղումին եւ, եթե հաստատուն կառուցվածք ունի, կարող է դիմադրել ծովի ամենաուժեղ հարվածներին։ Այդպես էր նաեւ «Պիլիգրիմի» դրությունը։

***

Անցքը լայնացնելով՝ Դիկ Սենդն ու նրա ընկերները ներս սողոսկեցին, իսկ Հերկուլեսը ամենից վերջը ներս մտավ, այն րոպեին, երբ անձրեւը այնպիսի ուժով էր թափվում, որ կարծես ուզում էր հանգցնել կայծակը…

Արդարեւ անձրեւը գալիս էր ոչ թե առանձին կաթիլներով, այլ զանազան հաստությամբ ջրի շիթերով, որոնք երբեմն փոխվում էին խիտ զանգվածի, միաձույլ ջրի հոսանքի էին վերածվում որպես ջրվեժ, որպես Նիագարան։

Երեւակայեցեք մի ամբողջ ծովի ջուր պարունակող օդային մի ավազան, որը շուռ է գալիս հանկարծակի։ Այդպիսի հեղեղի հետեւանքով հողը հեղեղատի է փոխվում, դաշտերը լճանում են, գետերը հորդում եւ ողողում ընդարձակ տարածութուններ։ Բանն այն է, որ ի տարբերություն բարեխառն գոտիների, որտեղ փոթորկի ուժը հակառակ համեմատական է նրա տեւողության, Աֆրիկայում, ինչքան էլ ուժեղ լինեն նրանք, օրեր են տեւում։ Ինչպե՞ս այդքան էլեկտրականություն է հավաքվում ամպերում, ինչպե՞ս այդքան գոլորշի է կուտակվում,-դժվար է իմանալ։

***

Մուանի Լունգան նրանով իսկ, որ գահի վրա էր նստել, երկնային ծագում էր վերագրում իրեն եւ իր հպատակներին, որոնք կասկածանքով էին վերաբերվում դրան, ուղարկում էր մյուս աշխարհը, որպեսզի ստուգեն։ Նա ասում էր, թե երկնայի ծագման շնորիվ ոչ մի բանով կապված չէ երկրային կարիքներին, իսկ եթե ուտում էր, ուրեմն այդպես էր ցանկանում, եթե խմում էր, որովհետեւ հաճույք էր զգում։

Պետք է ասել, թե նրա խմածից ավելին անկարելի էր խմել։ Նրա մինիստրները, պաշտոնյաները, որոնք անբուժելի հարբեցողներ էին, նրա համեմատ ժուժկալներ էին։ Նա ծայր աստիճան ալկոհոլացած մի վեհափառ էր եւ անվերջ թաթախվում էր թունդ գարեջրով, պոմբեով եւ մի տեսակ օղիով, որը նրան առատորեն հայթայթում էր Ալվեցը։

Comment here