ԳլխավորՄի կտոր գիրք

Պետրոս Դուրյան. «Փունջ մը կնճիռ, բույլ մը կայծակ…»

Ծաղիկներ՝ պատուհանի գոգին

Ներկայացնում ենք Պետրոս Դուրյանի (Զըմպայան) (20 մայիսի, 1851 – 21 հունվարի, 1872) բանաստեղծություններից։

Դրժել

Փունջ մը կնճիռ, բույլ մը կայծակ,
Դըժոխք մ՚անեծք խոցեց հոգյակս։

Ես ուզեցի պաշտել ըզնե,
Սիրել ժպիտքն՝ փըթիթք անհուն,
Սիրել աստղերն սև աչերուն
Եվ այն խոկումն, որ մըթագնե
Պայծառ ճակատը՝ այն ամպըն է
Որ կըշպարե դեմքը լուսնույն։

Գիշեր մը սուգ, անդունդ մ՚հառաչ՝
Հուզեց ներա հոգին ու լանջ։

Ես ուզեցի միշտ քովն ըլլալ,
Մըտիկ ընել թնդյուն սրտին,
Շնչել, խմել ներա հոգին,
Եվ շոշափել լոկ ձյունափայլ
Ծոծորակին վըրա ծալ-ծալ
Թափող վարսից ալյակք ծըփին։

Օվկեան մը տրտունջ լսեցի,
«Զիս կընեղե՜ս» հըծծեց ինծի։

Ես ուզեցի քընար մ՚ըլլալ
Նրա ձեռքին տակ հևացող,
Ներա հոգվույն խորն հիացող
Թեթև պատկեր մ՚ըլլալ շարժյալ,
Մոռնալ զիս, լոկ ըզնե խոկալ՝
Կվառե երազ մ՚որուն մեկ շող։

Ամպրոպ մը սաստ ցընցեց հոգիս,
Գոչեց. – «Սիրել չե՛ս կրնար զիս»։

Ի զո՜ւր սիրտըս մըխաց առջին՝
Խնկարկելու սիրտն անապատ,
Ցուցի իրեն ճակատս գունատ,
Կուրծըս գոգած՝ մառն իմ աչքին,
Ի զո՜ւր շուրթերս դողդոջեցին,
Զինքը սիրելս հըծծեցին հայտ։

Նե հեռացավ ինձմե, ըսավ՝
– «Բավ սիրեցի քեզ, մնաս բարյա՜վ»։

Որոտացին խոկմանցս ամպեր,
Կայծակնահար ըրին հոգիս,
Մոխիր դարձան երազներս հիս,
Ճակատագիրս խնծղաց ի վեր,
Խորշ մը կար որ զիս չէր ծաղրեր,
Այն՝ լուռ փոսն էր գերեզմանիս․․․

Փունջ մը կնճիռ, բույլ մը կայծակ,
Դժոխք մ՚անեծք խոցեց հոգյակս։

Իմ մահը

Եթէ տժգոյն մահու հրեշտակ
Անհուն ժպտով մ’իջնէ իմ դէմ…
Շոգիանան ցաւքս ու հոգիս,
Գիտցէ՛ք որ դեռ կենդանի եմ:

Եթէ սընարըս իմ տիպար
Մոմ մը վըտիտ ու մահադէմ
Ո՜հ, նըշուլէ ցուրտ ճառագայթ,
Գիտցէ՛ք որ դեռ կենդանի եմ:

Եթէ ճակտովս արտօսրազօծ
Զիս պատանի մէջ ցուրտ զերթ վէմ
Փաթթեն, դընեն սեւ դագաղը,
Գիտցէ՛ք որ դեռ կենդանի եմ:

Եթէ հընչէ տխուր կոչնակ,
Թրթռուն ծիղաղն մահու դժխեմ,
Դագաղս առնէ իր յամր քայլ,
Գիտցէ՛ք որ դեռ կենդանի եմ:

Եթէ մարդիկն այն մահերգակ,
Որք սեւ ունին եւ խոժոր դէմ՝
Համասըփռեն խունկ ու աղօթք,
Գիտցէ՛ք որ դեռ կենդանի եմ:

Եթ’ յարդարեն իմ հողակոյտ,
Եւ հեծեծմամբ ու սըգալէն
Իմ սիրելիքը բաժնըւին,
Գիտցէ՛ք որ դեռ կենդանի եմ:

Իսկ աննըշան եթէ մնայ
Երկրի մէկ խորշն հողակոյտն իմ,
Եւ յիշատակս ալ թառամի,
Ա՜հ, ա՛յն ատեն ես կը մեռնիմ։

Իմ ցավը

Սուրբ տենչերով լոկ ծարաված՝
Ցամաք գտնե՛լ աղբերքն յամայր,
Ցամքի՜լ ծաղիկ հասակի մեջ,
Ո՜հ, չէ այնչափ ցավ ինձ համար։

Ջերմ համբույրով մը դեռ չ՛այրած
Սա ցուրտ ճակատըս դալկահար
Հանգչեցունե՚լ հողե բարձին,
Ո՜հ, չէ՛ այնչափ ցավ ինձ համար։

Դեռ չը գրկած էակ – փունջ մը
Ժըպտե, գեղե, հուրե շաղյալ՝
Գրկե՚լ սա ցուրտ հողակույտը,
Ո՜հ, չ է՛ այնչափ ցավ ինձ համար։

Քաղցր երազով մհըղի մրափ մը
Չանդորրած գլուխս մըրկահար՝
Ննջել հողե վերմակի տակ,
Ո՜հ, չէ այնչափ ցավ ինձ համար։

Հագնի՚լ հյուղին մուր-անունը,
Ծըծե՚լ նորա մըրուր-օդն հար,
Միշտ ցավիլը միանգամայն,
Ո՚հ, չե անչափ ցավ ինձ համար:

Հեգ մարդկության մեկ ոստը գոս՝
Հայրենիք մը ունիմ թըշվառ,
Չ՚օգնած անոր՝ մեռնի՚լ աննշան,
Ո՜հ, ա՛յս, է սոսկ ցավ ինձ համար:

* * *
Ո՜հ, ի՞նչ ես դու, սե՞ր, երկնի հուր կամ ժըպի՞տ․․․
Չ՚ունի երկին աչացդ կայծերն ու կապուտ,
Վարդը չ՚ունի քու լանջդ ամբիծ, լուսափթիթ,
Չ՚ունի լուսինն վարդերն շիկնոտ այտերուդ։

Գիշերն երկնի կայծից, լուսնույն սխրադեմ,
Ցերեկն ալյաց, ծաղկանց ժպտիս․․․ մեկո՜ւն գեթ․․․
Իսկ քեզ համար ես արցունքով կ՚աղոթեմ,
Դու չ՚ես շնորհեր նայվածք մ՚ինձ հուր աչերեդ։

Արդյոք էա՞կ մ՚ես թե երկնի զըվարթուն,
Կը նախանձին փայլիդ վըրա վարդ, լուսնակ.
Ձայնիկդ ապշած լըսելով քաղցր ու թրթրուն`
Նոճերու մեջ կ՚սըգա լըռիկ լուսինյակ։

Ծնեի իցի՜վ թ՚հևացող հով մ՚անուշիկ,
Եվ գգվելով երազք ճակտիդ այդ անսուգ`
Տայի շունչըս շուրթերուդ մեջ ես հուշիկ,
Լոկ սրբելով` եթե շողար աչքդ արտսուք։

Պարտեզդ իցի՜վ թե փթթեի վարդ լացող,
Եվ երբ գայիր այգուն շաղին ժպտով պերճ՝
Գունովս ներկել այտերդ, թափել գոգդ իմ ցող,
Թոռմեի գիրգ ձեռքըդ տայի կյանքիս վերջ։

Բխեի ես իցի՜վ թ՚առու մը վըճիտ,
Եվ երբ հուշիկ նստած մոտ իմ եզերքին,
Ցոլանար իմ հայելվույն մեջ քու ժըպիտ՝
Պղտորելով կապույտ ալիքս՝ ցամքեին։

Ա՜հ, իցի՜վ թե լինեի ես ճառագայթ,
Շողշողայի դեմքիդ վըրա վայրիկ մի,
Խաբեի քեզ թ՚ես ավելի գեղազարդ,
Ի՚անուշաբույր մազերուդ մեջ մարեի։

Այլ ո՛չ, անգո՛ւթ, եթե տըվիր մեկուն սեր,
Իցի՜վ թ՚անոր գերեզմանին քարն լինիմ,
Եվ դու թոշնած գաս շնչե՜լ շուրջս․․․ արտասվե՜լ․․․
Քեզ հըպելու համար հարկ լոկ գոլ շիրիմ․․․

Լճակ

Ինչո՞ւ ապշած են, լըճա՚կ,
Ու չեն խայտար քու ալյակք,
Միթե հայլվույդ մեջ անձկավ
Գեղուհի մը նայեցավ։

Եվ կամ միթե կըղմայլի՞ն
Ալյակքդ երկնի կապույտին,
Եվ այն ամպոց լուսափթիթ,
Որք նըմանին փրփուրքիդ։

Մելամաղձոտ լըճա՚կդ իմ,
Քեզ հետ ըլլա՛նք մըտերիմ,
Սիրեմ քեզի պես ես ալ
Գրավվիլ, լըռել ու խոկալ։

Որքան ունիս դու ալի
Ճակատս այնքան խոկ ունի,
Որքան ունիս դու փրփուր՝
Սիրտս այնքան խոց ունի բյուր։

Այլ եթե գոգդ ալ թափին
Բույլքն աստեղաց երկնքին,
Նըմանիլ չես կրնար դուն
Հոգվույս՝ որ է բոց անհո ւն։

Հոդ աստղերը չեն մեռնիր,
Ծաղիկներն հոդ չեն թոռմիր,
Ամպերը չեն թրջեր հոդ,
Երբ խաղաղ եք դու եւ օդ,

Լըճա՚կ, դու ես թագուհիս,
Զի թ՝հովե մալ խորշոմիս,
Դարձյալ խորքիդ մեջ խըռով
Զ՝իս կը պահես դողդղալով։
Շատերը զիս մերժեցին,
«Քնար մ՝ունի սոսկ – ըսին».
Մին՝ «դողդոջ է, գույն չունի-
Մյուսն ալ ըսավ – կը մեռնի»։

Ոչ ոք ըսավ – հե՜գ տղա,
Արդյոք ինչո՞ւ կը մըխա,
Թերեւս ըլլա գեղանի,
Թե որ սիրեմ չը մեռնի»։

Ոչ ոք ըսավ – սա տըղին
Պատռե՚նք սիրտը տըրտմագին,
Նայինք ինչե՜ր գրված կան․․․
– Հոն հրդեհ կա, ոչ մատյան։

Հոն կա մոխի՜ր․․․ հիշատա՜կ․․․
Ալյակքդ հուզի՚ն թող, լըճա՚կ,
Զի քու խորքիդ մեջ անձկավ
Հուսահատ մը նայեցավ․․․