ԳլխավորՄի կտոր գիրք

«Կարմիր ծաղիկ մը գարունի…». Միսաք Մեծարենց

Միսաք Մեծարենց

Ներկայացնում ենք արևմտահայ բանաստեղծ Միսաք Մեծարենցի (Մեծատուրյան) (19 հունվարի, 1886 — 5 հուլիսի, 1908) ստեղծագործություններից։

Երազի օրեր

Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտու մը ինծի նվիրեցիր.
Ըզգացի թե տենդեր ունի
Երազկոտ միտքըս ուշացիր:

Խանդաղատանք մը հորդեցավ
Իմ նըվաղկոտ լանջքիս տակ՝
Դողաց սիրո սարսուռն անցավ՝
Ու թովանքը համբույրին հուր:

Եվ ըղձակաթ իմ հեգ հոգիս
Ըզգաց սիրտիդ հուրքն արծարծուն,
Ու մետաքսե ուղի մը զիս
Սեր-Ծաղիկին տարավ ածուն:

Հոն ժըպտեցավ կյանքը ինծի,
Հըմայքներու հույլովն անցավ,
Եվ ուրվական մը կասկածի
Անոր մոտեն երբեք չանցավ:

Աշնանային հեծություններ

Իրիկուններն ես կը խոկամ,
ամայության երգը կ’ացնի
պատուհանիս երբ առջևեն,
անկապ ձայներ զիս կը թովեն,
հոգվույս մեջեն մերթ Աշունի
կ’անցնի հանկարծ ուրուն տարտամ:

Գիշերն համբուն ես կ’երազեմ
ցավը կյանքի Աշուններուն,
ու շամբուշ հովն` որ կը տանի
դեպի տամուկ խորշեր նըսեմ`
զոս տերևի տեսիլն աղփուն,
որ օդին մեջ կը տատանի:

Եվ ցուրտ այգուն միշտ կը դիտեմ
պարուտակը մըշուշներուն,
զոր գիշերվան անտես ձեռքեր
թույլ միջոցին մեջ են ձըգեր,
վըհատության պես մոլորուն`
զոր քաշած է սերն հոգվույն դեմ:

Բայց թափառի՜լ կուզիմ ընդմիշտ,
մառախուղին ու հովին դեմ,
ու դաշտերուն մեջ ամայի,
ուր աչքն ահով միշտ կը նայի,
դիտել` տժգույն ու դալկադեմ
բարձունքներուն տամուկն ու վիշտ:

Հոգիս հիմակ հափրանքն ունի
սիրո խանդ ու հրայրքներուն,
ու ծաղկալից եղկ ջերմության
վայելքեն վերջ բազմաբուրյան,
կ’ուզե մշուշն այս օրորուն,
ու ցրտագին զովքն Աշունի:

Անանուն

Վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է,
ըսե՛, մասուր ու կանանչե
ցանկապատին շուքին նստած
վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է:
Ըսպիտակ, կաթ ու մազտաքե
բուրող ծաղիկ, անունդ ի՞նչ է.
ըսե՛, քի՛չ մը գեթ չե՞ս դողար,
հովիկն անուշ երբոր փըչե…:

Հըպա՜րտ ծաղիկ, անունն ի՞նչ է
պարիկին, որ անցավ քովեդ,
հեզուկ ու սև սաթի վետվետ
ցայտք մը ձըգած իր քամակեն:
Գիտե՜ս, ծաղի՜կ, անունն ի՞նչ է
դողին՝ զոր քեզ տըվավ հովիկ,
ու ձայնին՝ որ զիս կը կանչե…:

Առտվան արևի մեջ

Ահա՜ կ’անցնի ցայգս անքուն,
մութին ծածքը կը մաշի.
ու կը կայթե կույսն այգուն
իր քողքին մեջ մըշուշի:

Անցան սայլերն ալ դանդաղ,
ու մըշակներն երգեցիկ,
ու բանվորներն ու հոտաղ`
ճամփաներեն բալաձիգ:

Ճառագայթներ խուսափուկ
լիճերուն մեջ կը խաղան,
և հանկարծ թույր մը դեղձան
կը ներկե ջուրը փափուկ:

Ու բոցեղեն լեզվակներ
կը ծըծեն մեգն համորեն,
արևին կյա՜նքն հըրեղեն,
արևին փա՜ռքն անըստվեր…:

Հոգիես ներս կը խուժե
քրքումն ալիքի նըման,
և հովիկին առտըվան
գինովությունն հաշիշե:

Լիճը բոսոր հարսնուկի,
ցորենի ծովը կանանչ,
կը հծծին տաղն անճանաչ
մըտերմասաց շըշուկի:

Ու մարմանդները ճանճկեն,
ու սարերը կապտորակ
եղկ հծծյունով մը կ’երգեն
լույսին ոսկի պատարագ:

Տունկեր ռեհան ծաթրինի
կը ծըխեն խունկ մը վայրի,
որ կ’ամպանա ու կ’այրի
բուրվառին մեջ արփենի:

Հոգիես նե՜րս կը խուժե
քրքումն ալիքի նըման,
և հովիկին առտըվան
գինովությունն հաշիշե…:

Աքասիաներու շուքին տակ

Ծաղիկներէն յուշիկ թերթեր կը թափէ
Բուրումներով օծուն հովիկն իրիկուան,
Հոգիներուն կ’իջնէ երազ մը բուրեան,
Ի՜նչ հեշտին է մըթնշաղն այս սատափէ:

Աքասիաներ, գինով լոյսէ ու տապէ,
Օրօրուելով մաքուր շունչ մը կը հեւան.
Մինչ կը ձիւնէ ծաղիկն իրենց հոտեւան՝
Զոր խօլաբար հովը գրկել կը շտապէ:

Ու լոյսն անոնց, անխօս հուրի՛ դիւթական
Հըմայագեղ ու վարսքերով արծաթէ,
Շատրըւանին կ’իջնէ գուռին մէջ կաթէ:
Ջուրը ցայտքէն ծաղիկ ծաղիկ կը կաթէ.
Վըճիտ, ինչպէս լոյսէ արցունքը մանկան,
Նըւագն անոր կը հեծեծէ հեշտական:
Ծաղիկներէն հովը թերթեր կը թափէ…:

Գետափի երազանք

Գյուղն համորեն կը մրափե ծոցն արևոտ ժայռերուն,
տիվանդորրի պահն ըմպած է մեղկ հեշտություն մը սյուքի,
ու ջուրերուն վրա կը ցանե գինովի դողն իր թրթռուն,
գետն համբույրի մը երազով դեպ ի ափունք կը թեքի:

Գետեզերյա ծառաստաններ, միջօրետքի այս պահուն,
ինձ անծանոթ թավուտքներե կը խրկեն բույրն հեշտանքի,
որ համրորեն կը ծավալի ծաղիկներեն այն լըքուն,
ասդին անդին տարտըղնըված` որոնց հոգին կը ցամքի:

Եվ հընամի ծառեր զյումրյութ միայնությանց ընդմեջեն
կ’արտածորեն մուշկի բույրեր ու ժպիտներ ալ բոսոր.
կիսամըրափ կ’երազեմ, զիս աղաղակներ կը կանչե՜ն…:

Ձայներ` դյութիչ աշխարհներե, տարտա՜մ, անո՜ւյշ, հեռավո՜ր`
որոնք անդին զիս կը տանին երանաստան մը բաղձոտ
Ու կը նիրհեմ արբշիռ` հովին դյութիչ նեկտարն ըմպած հոդ:

Երազի պահեր

Լույսը մարած սենյակիս մեջ,
ուր կը հոսին գալար գալար
հորդ ալիքները մութին,
ու կ’անհետին
արծաթ շողերն երազի,
ես կը փնտրեմ մըտամոլար
ըղձանույշի ձեռքն այն փափուկ, երկնային`
որ պիտի տար ինծի ծաղիկն ըսփոփանքին:

Ես կը փնտրե՜մ,
ըսպասումեն հոգիս համակ պարտասած,
ու տենչանքով մշտահած.
ես կը փնտրեմ,
հորիզոնին վըրա նսեմ,
լույսի շող մը` զոր կը մարեն անդուլ վարանքն ու կասկած:

Ու տակավ,
կ’իջնե ձանձրույթն երազանքիս,
հանդիսավոր ու տրտում,
ու կը պատե իր մըշուշե պարուտակին մեջ հոգիս
անձկությունով անպատում:

Մըտածումը, ինչպես ճամփորդ ուղեկորույս,
կ’անցնի փութով, անձկագին,
երկարաձիգ, մերթ լուսավոր ու մերթ անլույս
ճամփաներեն իմ մտքին:

Ա՜հ, կը շտապեն, կը փախչի՜ն
ճամփաներու լույսերն ամեն,
հանկարծական խուճապի մը մատնըված,
ճառագայթի հազիվ վերջին
բիծ ու խաղեր կը համեն
քովը ճամփուն մթամած`
ուր համագրավ կը տարածվի վեհունի ցայգն համորեն:

Ես կը փնտրե՜մ,
պատըշգամբին վրա կանգուն,
զույգ մը աչքեր` մեղեսիկե, որոնց ճըրագը վառի
հոգվույս մեգ ու խավարի
անդոհության մեջ դժխեմ:

Պատըշգամբին վրա կանգուն,
ձեռքս հոգնաբեկ ճակատիս,
մինչ կը հոսի գիշերն ինչպես ծով անհուն
դեպի ափունքն երազիս`
ես կը սպասեմ հորդ ու վըճիտ լույսերուն,
որոնց բոցը պիտի ցոլա անծիր ցայգուն մեջ հոգվույս:

Իրիկունը

Սա իրիկունն ըլլայի ես,
եւ հըպէի ճակտին ամէն անցորդի,
չքնաղագեղ ու նըւաղուն յամուրդի
սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

Սա իրիկունն ըլլայի ես,
լի երգովը թռչուններուն, մարդերուն,
ու տարրերուն աղաղակովը տրոփուն՝
սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

Սա իրիկո՜ւնն ըլլայի ես,
թոյլ, նազենի, շըղարշային, վարդաբոյր,
ու ծըփայի զերթ ոսկեսար վարագոյր
վըրան ամէն հոգիի:

Սա իրիկունն ըլլայի ես,
լի զանգակին ղօղանջներովն երկնաճեմ.
խնկապատար, օծուն, ջահուած ժամի պէս
սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

Սա իրիկունն ըլլայի ես,
իմ անդորրիս մէջ ոգեւար աղջըկան
մարող ճրագին բոցեր տալու իմ ցոլքէս.
սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

Սա իրիկունն ըլլայի ես,
լի գոռ ծափովն ովկիանի ջուրերուն.
սիւքին ծաղիկ մեղեդիքովն ակաղձուն,
սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

Սա իրիկունն ըլլայի ես,
որ կը մարի սատափ բարձին վրայ ցայգուն.
թօթափող վարսքը գունագեղ ու ծփուն,
սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

Սա իրիկո՜ւնն ըլլայի ես,
համայնական, չքնաղ, քաղցրիկ, լուսագէս.
եւ ամենուն տայի հուրքէս, ոսկիէս:
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես: