ԳլխավորՄի կտոր գիրք

Մի քիչ Չարենց

Ես այլ աշխարհից եմ եկել,
Ուրիշ է իմ կարոտը անբառ:
Չկա փրկության մի երկիր,
Չկա փրկության ճանապարհ:

Մարդիկ — ես սիրում եմ նրանց —
Բայց այլ է կարոտը իմ անհուն.
Այս գորշ աշխարհի վրա
Կարող ես սփոփել — միայն դո′ւ:

Միայն դո′ւ կարող ես հասկանալ
Հոգուս տխրությունը անել,
Ուզում եմ ցնդել, վերանալ, —
Ուզում եմ միշտ քե′զ հետ լինել:

Ուզում եմ հավիտյան շնչել
Անուշ թովչությունը դեմքիդ —
Խմել քո երգերը հնչեղ
Ու կորչել քո երգում վճիտ…

***

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա:
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի′ սարին կմնա:

Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե′ս չեմ ասե — նա′ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:

Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը —
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:

Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը —
Գերեզմանիս մարմար քարին կմնա:

***

Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արեւի մասին:
Շուրջս ո′չ մի ձայն ու շշուկ չկար —
Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին:

Ես երազեցի արեւի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝
Արեւանման, արնավառ խոսքի,-
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար —
Խոսքեր չկային, ու արեւ չկար…

***

Հնչում են օրերը, կանչում են,
Օրերը — կարմիր ու բոսոր.
Օրերը ղողանջ ու հնչյուն են,
Զնգում են՝ հրե ու հզոր:

Ու սիրտս զնգում է, զնգում է,
Թռչում է՝ կրակ է ու բոց.
Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,
Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ…

Կրա′կ կա սրտիս մեջ, կրա′կ կա,
Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.
ալիքը, կուզեմ, որ արա′գ գա —
Անդարձ է կարոտը երգիս:

Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն
Երգերս զնգան ու հնչեն —
Կուզեմ, որ լսե, ա՜խ, գալիքը
Երգերս այս վառ ու հնչեղ…

***

Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի` թերթերում գրած:

Ծանոթ կնոջ պես այրի կամ դժբախտ,
Բարեկամուհու նման տխրատեսք,
Լուրը կշրջի փողոցները նախ,
Ապա կմտնի դուռ-դարպասից ներս…

Իբրև ծերունի մի թերթավաճառ`
Հուշիկ քայլերով և համարյա կույր,
Կշրջի բոլոր տներն անպատճառ
Ու կհայտնվի ամեն մի բակում:

Ստվերի նման, սահած տնից-տուն,
Կկանգնի անտես հյուրի պես մռայլ,
Կկանգնի, ինչպես դժնի լռություն`
Տարածված ամբողջ քաղաքի վրա:

Եվ համր մի պահ` գիշերվա կեսին,
Բոլորի սրտում կկանգնի հանկարծ
Անհաղորդ, ինչպես հեռավոր լուսին,
Իմ դեմքը ` արդեն հավիտյան հանգած:

Եվ մարդիկ` երեկ կյանքիս անծանոթ,
Եվ երբեք, երբեք դեմքս չտեսած,
Եվ մարդիկ` միայն երբեմն ինձնով
Իրենց ֆանտաստիկ առասպելն հյուսած,

Եվ մարդիկ` անգամ երգերիս անգետ,
Մարդիկ, որ թեև կյանքիս արձագանք`
Մնացել են լոկ վկա անտարբեր
Եվ կարծել են, թե ես վաղուց չկամ,-

Այդ բոլոր մարդիկ իմ մահվան բոթից,
Որպես ընդհանուր աղետից սարսած`
Զարմացած կզգան ինձ այնքան մոտիկ
Եվ հանկարծ այնքան թանկ ու հարազատ…

Եվ երկրում, ինչպես բարձրանա փոշին,
Եվ հոգիներում , ինչպես հուշ հառնի,-
Ելնելով անցած օրերիս նաշից,
Իմ ուրվականը պիտի սավառնի:

Եվ քաղաքներում, և գյուղերում խուլ,
Անցորդներն` իրար անծանոթ անգամ,
Աչքերում իրար և հայացքներում
Պիտի միևնույն թախիծը կարդան…

Եվ դեմքով տխուր, և լուռ աչքերով
Պիտի միևնույն սուգը հաղորդեն,
Երգերիս հանդեպ անսահման ներող,
Մոռացած բոլոր հանցանքներս արդեն…

Կբանան ոմանք իմ գիրքը գուցե,
Կթերթեն դանդաղ, կկարդան տողեր,
Տարտամ շարժումով գիրքը կգոցեն,
Եվ թախիծը խոր հուշս կողողե:

Եվ գուցե միայն սենյակում մի խուլ,
Գլուխը թեքած պատկերիս վրա`
Կնայի մի կին աչքերիս տխուր,
Եվ կարցունքոտվեն աչքերը նրա:

Եղիշե Չարենց (13.03.1897-27.11.1937)

Comment here