Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի դահլիճում Եղիշե Չարենցի տուն-թանգարանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել Եղիշե Չարենցի «Երկերի ժողովածուի» ակադեմիական նոր՝ 13 հատորյա հրատարակության 1-ին հատորի շնորհանդեսը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Շնորհանդեսին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Միջոցառումը մեկնարկել է «ԱՐԱՐ» երգչախմբի կատարումներով (Եղիշե Չարենց` «Ես իմ անուշ Հայաստանի», երաժշտությունը՝ Տիգրան Մանսուրյանի): Ցուցադրվել է «Երկերի ժողովածուի» ակադեմիական հրատարակության 1-ին հատորի ստեղծագործական աշխատանքների մասին պատմող ֆիլմը:
Միջոցառման ընթացքում շնորհավորական և գնահատանքի խոսքով հանդես են եկել Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրականագետ, բ.գ.թ. Արքմենիկ Նիկողոսյանը, բ.գ.դ., պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը: