Ներկայացնում ենք հատված արձակագիր Հովիկ Աֆյանի նոր՝ «Ծովից ծով» վեպից։
Եթե հեռվից չերևար սև կետը, տպավորություն էր, որ աշխարհը դեռ չի ստեղծվել, ու երկինքը՝ երկրից և հատկապես ջրերը՝ ցամաքից ոչ մեկը չի բաժանել: Անշարժ չէր սև կետը: Քանի մոտենում էր, այնքան ակնհայտ էր դառնում մարդկային կերպարանքը, ինչը նշանակում էր, որ դրախտը չէ սա, այլ մի սովորական ծովափ, որտեղ ավազը, ջուրն ու երկինքը միաձուլվել՝ մի գույն են ստացել: Աշխարհի սկզբի գույնը: Կամ՝ վերջի:
Հաստատ մարդ է, ամեն դեպքում քայլում է: Ձեռքին ոչինչ չկա, բայց ոչ թե որովհետև ոչինչ չունի, այլ քանի որ ամենն իրենն է: Ծովն էլ, ավազն էլ, երկինքն էլ: Մոտակայքում նավաբեկության որևէ հետք չկա, ուրեմն որտեղի՞ց է հայտնվել այս մարդն աշխարհի այս ծայրում: Գուցե մարդ չէ՞: Ամեն դեպքում ուսերին արձակված երկար, ալեխառն մազեր ունի, նույնպիսի մորուք, սլացիկ, ամուր ոտքեր, դաշնակահարի, բայց և պատշարի ձեռքեր, աշխարհի մի ծայրից մյուսը տեսնող սրատես հայացք:
Իսկ շուրջբոլորը ոչինչ մարդկային չէ, այնքան գեղեցիկ է, այնքան չտեսնված, չտրորված, կուսական: Բայց իսկապես ո՞վ է, ինչո՞ւ է լրիվ մերկ, ինչպե՞ս է դեմքով ծեր, բայց մարմնով երիտասարդ, ինչո՞ւ է ծովը ներում նրան միջամտությունը՝ իր ու ցամաքի հավերժական հարաբերություններում, ինչպե՞ս է ստացվում, որ նա, ահա՛, քայլում է, բայց ավազին չեն մնում նրա ոտնահետքերը, որ չմատնվի նրա ներկայությունը՝ այս կողմերում, այս ծովի ափին ու այս ցամաքում: Ու ամենակարևորը, ո՞ւր է գնում, որտեղի՞ց է գալիս, ինչո՞ւ է եկել…
Շուրջբոլորը ոչ մի մեկը չկար, որ իմանար: Ոչ մի մարդկային բան չէր հուշում, որ աշխարհն արդեն վաղուց ստեղծվել է, իսկ գուցե մարդկային բացակայությունը վկայությունն էր այն բանի, որ աշխարհն արդեն վաղուց ավարտվել է: Ուրեմն ո՞վ էր երիտասարդ մարմնով ալեհերը: Մի՞թե նա, ով վերևից տեսել է համատարած ծովն ու հանկարծ որոշել ստեղծել աշխարհը՝ սարերով, տափաստաններով, նույնիսկ անապատներով, որտեղ մոլորվել, անհետ կորել է խաղաղությունը:
Հայտնի չէ՝ տղամարդի՞կ էին կանչել, թե՞ կանայք: Ամեն դեպքում եկել էր: Մեծ հույս կա՝ եկել էր հասկանալու սխալը, թե ինչու և ինչպես ստացվեց այնպես, որ ցամաքն ավելի երկարեց իր ստեղծածից ու ծովը մնաց հեռվում, շատերի դեպքում՝ անտեսանելի, անհաս հեռվում: Ինչո՞ւ ջրերի ու ցամաքի հատման կետում ծնված առաջին մարդու որդիները հանկարծ մոռացան իրենց օրորոց-ծովն ու սկսեցին ծնվել… Նույնիսկ գոմում, ու այդ ո՞վ պատվիրեց, որ գոմի ծնունդը սուրբ համարվի, ծովափինը՝ ոչ:
Հանկարծ կանգ առավ: Ինչպե՞ս չէր մտածել, այդ տեսքով ո՞ւր էր գնում, մարդկանցից ո՞վ կհավատա, որ նոր մարդ է ծնվել՝ միանգամից հասուն դեմքով ու մարմնով: Մարդիկ նույնիսկ ակնհայտ բաներին չեն հավատում, այս չտեսնվածին ինչպե՞ս կհավատան: Ուրեմն պետք է ծնվել՝ մորից ու հորից: Պիտի ապրել, ուտել, խմել, ճանապարհորդել, թագավորել, ինչպես մարդիկ են անում, կամ երազում անել:
Բայց ի՞նչ լինել. թագավո՞ր, որի հրամաններով մարդիկ ապրում ու մեռնում են, թե՞ գրող, որ հավերժության հույս ունի, բայց իրականում մարդկանց փորձում է սովորեցնել գեղեցիկ մեռնել: Ընդամենը: Գուցե մասաի տղա՞, որ սովորել է ցավն ինքնուրույն հաղթահարել ու երազում է իր կրաալը տանել դեպի աստղերը, և կամ ծերունի՞, որ փողոցի անկյունում հին ու մաշված կազմով գրքեր է վաճառում ու ապտակում նույնիսկ Նոբելյան մեդալի դափնեկիր գրողին, որը կյանքի մասին է գրում՝ մոռանալով, որ այդ կյանքում երջանկություն էլ կա:
Գուցե կուբացի ձկնո՞րս, որ ամեն երեկո ծովափրփրուրով պաելյա է պատրաստում երգչուհի կնոջ համար ու խորապես թքած ունի այս ամենի վրա…Գուցե կի՞ն: Ով ասաց, որ նա անպայման պետք է տղամարդ լինի: Ինչո՞ւ չի կարող թագուհի լինել, որ մութ անտառներում պատսպարել է անտուն, անոթի մնացած երեխաներին, կամ աթոռին նստած կին, որ պարզապես լուռ հետևում է, թե ինչ են խոսում իր որդիներն այնտեղ, որտեղ հատվում են ցամաքն ու ծովը: Ինչպե՞ս կարող է մայրը կին լինի, իսկ Աստված՝ տղամարդ:
Նա միակն էր, որ կարող էր ընտրել իր ծնունդն ու կյանքը: Ինքը նա էր, ով վերևից տեսել էր ծովն ու չգիտես ինչու՝ որոշել աշխարհ ստեղծել: Եւ հիմա քայլում է ջրերի ու ցամաքի հավերժական հանդիպման գծին ու չի հասկանում՝ այդ ի՞նչ միտք էր, որ եկավ այդ օրը, երբ ինքը որոշեց բաժանել երկինքը՝ երկրից ու ջրերը՝ ցամաքից: Ու ինչու ինքը, որ գիտեր անցյալն ու ապագան, այդ միտքն անվանեց «բարի»…
Եթե ունեք արդեն «Ծովից ծովը» կամ ուզում եք ունենալ, բայց անպայման հեղինակի մակագրությամբ, ապա դեկտեմբերի 17-ին, ժամը ճիշտ 17-ին, գնացեք Երևանի «Դարան» գրախանութ (Իսահակյան 16ա), որտեղ ոչ միայն հանրահայտ #արքոյական_զեղչեր են, այլև ձեզ այնտեղ սպասելու է Հովիկ Աֆյանը: