ԳլխավորՄարս VS ՎեներաՄի կտոր գիրք

Մինչ մենք կյանքը հետաձգում ենք վաղվան, այն անցնում է. Անդրե Մորուա

Կին, տղամարդ

Ներկայացնում ենք ֆրանսիացի գրող Անդրե Մորուայի (26 հուլիսի, 1885 — 9 հոկտեմբերի, 1967) աֆորիզմ դարձած մտքերից՝ նրա տարբեր ստեղծագործություններից։

***

Ոչինչ ավելի շատ չի նյարդայնացնում երիտասարդ տղային, քան այն աղջկա պահանջները, ում հանդեպ նա անտարբեր է:

Սիրահարված կնոջն ամոթ բան չէ կոկետուհի ձևանալ, որպեսզի չկորցնի տղամարդու սերը, այնպես ինչպես հիվանդի շահերից ելնելով, գթության քույրը երբեմն ստիպված է անողոք լինել։ Ներարկումը ցավոտ է, բայց բուժիչ։ Խանդը տանջող է, բայց ամրապնդում է զգացմունքը։

Ձեր միակ դժբախտությունն այն է, որ դուք ձեզ դժբախտ եք կարծում և ձգտում եք նրան, ինչը չունեք` ձեր ունեցածից հաճույք ստանալու փոխարեն:

Կոկետությունը երկսայրի զենք է. այն կվիրավորի նրան, ով, ձեռքն առնելով, անշնորհք շարժում կկատարի։

Եթե մենք բոլորս իմանայինք այն ամենը, ինչ ասվում է բոլորիս մասին, ոչ ոք ոչ ոքի հետ չէր խոսի:

Ներում են կնոջ շատախոսությունը, նրա իրավացիությունը չեն ներում։

Սիրահարված տղամարդուն իր ընտրյալից չես կտրի՝ վերջինիս վատաբանելով։ Նա տղամարդուն հմայիչ է թվում, եթե դուք ասեք, որ դա այդպես չէ, նա կորոշի, որ ոչ թե ինքն է խաբվում, այլ դուք չեք կարողանում ճշմարտության աչքերին նայել, իսկ գլխավորը՝ չեք ուզում դա անել, որովհետև սաստիկ խանդում եք։

Եթե դու դադարես ամուսնուդ համար գաղտնիք լինել, նա կսկսի որոնել այն ուրիշ տեղում։

Պատմությունը մեզ հուշում է, որ ամենից շատ սիրել են այն կանանց, ում հազվադեպ են տեսել:

Եթե դուք հենց նոր եք կորցրել ձեր սիրուհուն, անմիջապես մի նստեք վեպ գրելու։ Վերքը դեռևս արյունահոսում է, այն պետք է վիրակապել, այլ ոչ թե փորփրել։ Երբ այն կփակվի, դուք դառը հաճույք կզգաք նրան հպվելով։ Ցավն այնքան ուժեղ չի լինի, որ ձեզանից տնքոց կորզի, սակայն ձեզ երգել տալու համար վերքը դեռ երկար կմրմռա։

Ոչ ոք ի վիճակի չէ ամբողջ օրը, իսկ առավել ևս շաբաթներ կամ տարիներ շարունակ ապրել քնքուշ կրքի մթնոլորտում։ Ամեն ինչ հոգնեցնում է, նույնիսկ այն, որ քեզ սիրում են:

Մարդկային ցեղի շատ ներկայացուցիչներ ստեղծված են այնպես, որ հեշտությամբ են ընտելանում սիրված լինելուն և թանկ չեն գնահատում այն զգացմունքը, որում չափազանց վստահ են:

Հարմար առիթը հազվագյուտ է երկու անգամ ներկայանում:

Մինչ մենք կյանքը հետաձգում ենք վաղվան, այն անցնում է: