Ներկայացնում ենք հատվածներ բանաստեղծ, արձակագիր Եղիշե Չարենցի (Եղիշե Սողոմոնյան, 13 (25) մարտի, 1897 27 նոյեմբերի, 1937) «Երկիր Նաիրի» ստեղծագործությունից։
***
Վաղո՜ւց, վաղո՜ւց մտորում է իմ մեջ մի անհուն ցանկություն: Վաղո՜ւց ելք է փնտրում կուտակված մի կարոտ: Մթի մեջ, գիշերի կեսին, կամ ցերեկը, երբ ես զբաղված եմ լինում առօրյա հոգսերով, կամ անգամ երբ ես տարված եմ լինում գինու կամ կնոջ հմայիչ հաճույքով,-ներսը, սրտիս խորքում, գողի պես զգույշ, կամացուկ շարժվում է նա:
Ինչպես վաղուց տրված մի խոստում, կամ ինչպես ժամանակին չվճարած պարտամուրհակ -ծանրանում է սրտիս, անողոք -ուտում է սիրտս:
Հաճախ պատկերանում է նա ինձ որպես մի վաղեմի բարեկամ. վաղեմի ծանոթի մի նման, որին ես շատ առաջ եմ հանդիպել, բայց կորցրել եմ հետո -օրերի մշուշից ելնում է նա հաճախ, օրերի մշուշից նայում է ինձ: Երկա՜ր-երկա՜ր նայում է աչքերիս: Ասում է՝ չե՞ս ճանաչում: Մոռացե՞լ ես,-ասում է նա:-Ու սահում է էլի, թաղվում է օրերի մշուշում -կորչում է օրերում:
Հազա՜ր-հազա՜ր տեսքով ու կերպարանքով պատկերանում է նա ինձ: Լինում է, որ ես թերթ եմ կարդում կամ, ասենք, գնում եմ շուկա փայտ գնելու: Փայտ ծախողն է, ասենք, մի սովորական գյուղացի. մի սայլ փայտ է բերել շուկայում ծախելու: Հարցնում եմ՝ ի՞նչ արժե, բարեկամ, փայտդ:-Այսքան կամ այսքան:-Ու մի պահ, հարցական, նայում է ինձ: Եվ, երևակայո՞ւմ եք,-հանկարծ, այդ ամենասովորական գյուղացու աչքերից -աչքերի մշուշից -սահում է, ինձ է նայում -նա: Նայում է երկա՜ր-երկար: Ասում է՝ չե՞ս ճանաչում:-Մոռացե՞լ ես,-հարցնում է նա: Եվ ես, փայտ գնելու փոխարեն անողոք մորմոքը սրտիս -վերադառնում եմ տուն:
Երբեմն էլ ես տեսնում եմ նրան… հորս՝ Աբգար աղայի դեղնած, դեղնափայլ… մազերում: Հորս՝ Աբգար աղայի դեղնափայլ մազերից ելնում է նա, հազարամյա -նայում է ինձ: Հազար-հազար տեսքով ու կերպարանքով պատկերանում է նա: Ապրում է, աներևույթ մեր ամեն ինչում:
Բայց ո՞վ է կամ ի՞նչ է նա -ահա ամենաէականը: Գուցե մեծ լինի զարմանքդ, սիրելի ընթերցող, եթե ասեմ, որ ե՛ս էլ չգիտեմ: Գիտեմ, որ նա -կա, եղել է և հին է, որպես իմ արյունն է -հին: Կա,- զգում եմ, շոշափում եմ սրտով, տեսնում եմ,- բայց հենց որ ուզում եմ բռնեմ, տեսնեմ մարմնավոր, կանգնեցնեմ հաստատ,-կորչում է, դառնում է աներևույթ, ցնդում է, որպես ծուխ կամ ցնորք:
Գորշ, ամենօրյա, առօրյա մեր կյանքում, կենցաղում, մորմոքում է նա մութ, աներևույթ, կանչում է -ո՞ւր… Երբ, իրիկնադեմին, մեղմ, հատ-հատ ղողանջում է զանգը հին, խարխուլ զանգակատնից -կանչում է նա: Ո՞վ է լսում: Ով էլ որ լսում է -շա՞տ բան է հասկանում: Ես էլ, որ մանկությունից լսել եմ նրա կանչը -շա՞տ բան եմ հասկացել: Բայց էլ ինչո՞ւ է խեղդում ինձ, ինչո՞ւ է կարոտը խեղդում: Ինչո՞ւ է կանչում-մտերիմ, կանչում -անվերջ: Եվ ես ինչո՞ւ եմ ուզում, ինչո՞ւ եմ կամենում փնտրել, գտնել նրան, խոսել նրա հետ-սրտով, սիրել նրան:
Սիրելի ընթերցո՛ղ: Ների՛ր, որ այս հարցերի պատասխանը չես գտնի այս գրքում: Այս հարցերի պատասխանը քո սրտում, քո հոգում պիտի գտնես: Պիտի ցանկություն զգաս գտնելու: Ուրիշ ոչինչ: Այո:-Ուրիշ ոչինչ…
-Ինչքա՜ն, ինչքա՜ն անգամ հարցրել եմ ես ինձ, թե ի՞նչ է, վերջապես -Նաիրին: Գուցե քեզ տարօրինակ թվա այս հարցը, սիրելի ընթերցող: Բայց դա նույնքան է բնական, որքան այն հարցը, թե ո՞վ ենք մենք, վերջապես-նաիրցիներս: Ի՞նչ ենք մենք և ո՞ւր ենք գնում: Ի՞նչ ենք եղել երեկ և ի՞նչ պիտի լինենք վաղը:
Ամեն, ամեն անգամ, երբ նման հարցերը կերել են սիրտս,-մեկը, մի ուրիշը կարծես, ուրվականի նման ելնելով օրերից, օրերի մշուշից, տվել է ուղեղիս չարախինդ մի հարց.-«Չէ՞ր կարելի արդյոք տեսնել մարմնավոր, պատկերացնել հաստատ երկիրը Նաիրի: Նու, թեկուզ հենց իրենց՝ նաիրցիների կյանքում, կենցաղում: Շոշափել այդ երևույթը -նաիրյանը -սրտով, շոշափել մարմնավոր, պատկերել երկրային… Գուցե սուտ է Նաիրին, Նաիրին -չկա… Գուցե -հուշ է միայն,-ֆիկցիա, միֆ:-Ուղեղային մորմոք. սրտի հիվանդություն…»:
***
Ահա՛ թե ինչ է իրենից ներկայացնում Առաքելոց եկեղեցին… Եվ դեռ ես այն էլ մոռացա ասեմ, որ բացի վերոհիշյալ հրաշքներից՝ նաիրյան արքանե՛ր կան թաղված Առաքելոց եկեղեցում եւ երբ, եկեղեցին գրավելուց հետո, սոխերը քանդել են եկեղեցու հատակը -վեմքարի ներքեւում գտել են անթիվ— անհամար գանձեր ու անգնություններ… Էհ, հին ու մութ պատմություն է, ընթերցո՛ղ,- ո՞րը թվեմ: Գիտուն, խորամանկ, հարուստ ու հպարտ են եղել նաիրյան արքաները. այդպիսի արքաներ հիմա չկան: Գիտուն, խորամանկ, հարուստ ու հպարտ են եղել, բայց, դժբախտաբար, եսական ու անմիաբան. եթե ոչ… ինչո՞ւ պիտի կորչեր արքայությունը նրանց եւ ավերակի վերածվեր երկիրը Նաիրի… Ո՞ւր են հրաշագործ նաիրցիները հիմա -ո՞ւր է հազարամյա Նաիրին… Չկա, ոչինչ չկա հիմա: Անգամ հնուց մնացած այդպիսի զարմանք -հրաշալիքներ ունեցող նաիրյան այդ քաղաքը, որ առաջ արքայանիստ է եղել, մայր-քաղաք, հնամենի կենտրոն -այդ քաղաքն անգամ դարձել է հիմա սոխերի տիրապետության օրով -գավառական հետամնաց մի որջ, ուր պատժվելու համար մայրաքաղաքներից աքսոր են ուղարկվում զանազան զեղծումների մեջ բռնված ավազակ պաշտոնյաներ…
***
Այն միանգամայն ճշմարիտ ակսիոման, որ տիեզերքում ամեն մի կետ կարող է կենտրոն համարվել -ամենայն հեշտությամբ հերքվում է այս դեպքում, ինչպես եւ բոլոր նման դեպքերում, երբ խոսքը վերաբերում է վարչական եւ ոչ թե աստղային համակարգություններին: Այդ հինգհարկանի շենքն է, այո, քաղաքի կենտրոնը եւ միակ կենտրոնը -եւ նա, այդ քաղաքը, միեւնույն ժամանակ ուրիշ ո՛չ մի կենտրոն չի կարող ունենալ: Թող որքան կուզե ծխական դպրոցի ուսուցիչ ընկեր Վառոդյանը համոզե օրիորդներին, որ տիեզերքի նկատմամբ կենտրոն կարող է համարվել Բոչկա Նիկոլայի պանդոկը անգամ -թող ինչ ուզում է ընկ. Վառոդյանն ասե -մենք չենք փոխի մեր կարծիքը եւ հաստատ կպնդենք, որ հինգհարկանի այդ տունն է, այո, միակ կենտրոնը նաիրյան այդ քաղաքի եւ ամբողջ գավառի եւ այնտեղից է, այո, որ ելնում են, էլեկտրական կապույտ կայծերի նման եւ տարածվում ամեն ուղղությամբ -վճիռներ ու ճակատագրեր:
Ընկ. Վառոդյանն այդ բանը, իհարկե, մեզանից լավ գիտե, բայց նա օրիորդներին հաճելի, հանդուգն, խիզախ երեւալու համար սոփեստություններ է անում: Եվ ինչպե՞ս կարող է ընկ. Վառոդյանն այդ չիմանալ, երբ իր կաշվի վրա է զգացել այդ ամենակարող կենտրոնի անմիջական ազդեցությունը: Հարկավոր է ասել, որ «Կաշվի վրա» դարձվածքը պետք է բառացի հասկանալ. ամենքին լավ հայտնի սրճարանատեր Տելեֆոն Սեթոն -նա, որ սրճարան ունի Լորիս-Մելիքյան կոչվող փողոցի վրա,- երդվում է Հիսուսի անունով, որ բաղանիքում պատահմամբ տեսել է ընկեր Վառոդյանի կռնակի վրա… հետաքրքիր հետքեր: Որտե՞ղ, ասացեք խնդրեմ, եթե ոչ այդ ամենակարող կենտրոնում, կարող էր ընկ. Վառոդյանի կռնակն այդպիսի հետաքրքիր դրոշմներ ստանալ՝ կապո՜ւյտ- կապո՜ւյտ գծեր: Իսկ եթե ընկ. Վառոդյանն այդ էլ չի ընդունում եւ խորհրդավոր կերպով ակնարկում է իր «Ընկերության» անդամ լինելու հանգամանքը… դժվար է այդ դեպքում որեւէ հակաճառություն անել ընկ. Վառոդյանին: Նույնիսկ երեխաները գիտեն, որ «Ընկերությունը» կենտրոն է, մի ավելի ամենակարող եւ ահռելի կենտրոն, որ սուլթաններ, շահեր եւ կայսրեր պիտ տապալե -այդ անգո, ավելի լավ է ասել՝ մաթեմատիկական այդ «Կենտրոնը»… Ասում ենք «մաթեմատիկական», որովհետեւ ընկ. Վառոդյանի ասելով՝ ի նկատի ունենալով այն միանգամայն անհերքելի հանգամանքը, որ հինգհարկանի «Կենտրոնը» կառուցված է վախի, բըռնության, արյան ու թյուրիմացության վրա,-«Ընկերության» կենտրոնը քարե՛ է, գրանիտե՝ կառուցված գիտական սոցիալիզմի անհողդողդ հիմունքների վրա…
***
Սիրելի ընթերցո՛ղ: Ես չեմ հնարել այդ անունը եւ պարզապես չգիտեմ, թե ի՞նչ է նա նշանակում: Գուցե «Նաիրի» նշանակում է ցնորք. ո՞վ իմանա: Գուցե նշանակում է՝ «անքաշ պանիր»- աստված ինքը գիտե: Կամ, գուցե, «Նաիրի» այն գարին է նշանակում, որ տեսել է երկարականջ քեռին իր այն նշանավոր երազում: Չգիտեմ: Եվ ի՞նչ նշանակություն ունի վերջապես, թե ի՞նչ է նշանակում «Նաիրի»: «Նաիրին» Նաիրի է- պրծավ գնաց: Պայմանավորվենք միայն, որ դա, մի շարք այլ բաներ նշանակելուց բացի, մի երկրի անուն է, ինչպես Սողոմոնը- մարդու եւ… Եվ նորից- խոչընդոտ, սիրելի ընթերցող:- Ո՞րտեղ է, ո՞րն է այդ երկիրը- կարող ես հարցնել դու հիմա,- եւ ես նորից կարող եմ մնալ քիթս կախ, այսինքն՝ շվարած: Շվարած ո՛չ թե այն պատճառով, որ չգիտեմ այդ երկրի տեղը, այլ այն հասարակ պատճառով, որ իմ հավաքած պատմական եւ աշխարհագրական ստույգ տեղեկությանց նայելով- այդ երկիրը շատ քիչ է նման գոյություն ունեցող այլ երկրներին, ասենք- Արգենտինային, Չիլիին, Տաճկաստանին, Ռուսաստանին, կամ թեկուզ Հաբեշստանին կամ Ալբանիային…
Քիչ է նման ո՛չ թե իր աշխարհագրական դիրքով, բնակիչների կազմով, պետական սիստեմով եւ այլն, այլ… Հենց այս «այլումն» է բանը, սիրելի ընթերցող: Այս «այլն» է ահա, որ ձեռնթափ է անում ինձ, քարից քար խփում, խայտառակում: Բանն այն է, որ այդ «երկիրը», այդ չարաբաստիկ «Նաիրին», ինչպես բանաստեղծներն են հաճախ ասում իրենց գերերկրային սիրուհիների մասին- «եւ կա, եւ չկա»: Կա, իհարկե, կա, եթե ոչ ինչպե՞ս պիտի ապրեին «չեղյալ» այդ երկրում մի շարք այնպիսի պատկառելի մարդիկ, ինչպիսիք են նույն Գեներալ Ալոշը, Օսեփ Նարիմանովը, Քոռ Արութը, պ. Մարուքեն,- ո՞րը թվեմ: Մարդիկ, որոնց երկրային գոյությունը, ինչպես տեսնում եք, ոչ մի դեպքում չի կարելի, իհարկե, կասկածի ենթարկել: Եվ, միեւնույն ժամանակ, չկա, որովհետեւ… եթե նա լիներ- ապա ուրեմն ինչո՞ւ նա պիտի անվանվեր «Նաիրի»- այսինքն՝ կրեր մի անուն, որ դուք չեք գտնի այսօր եւ ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա: Փորձեցե՛ք մի նամակ գրել եւ հասցեագրել այսպես՝
«Երկիր Նաիրի- Գեներալ Ալոշին» — տեսեք ո՞ւր կհասնի.- Կարծո՞ւմ եք՝ մեր նկարագրած քաղա՞քը: Սխալվո՛ւմ եք: Ուրեմն ճանապարհի՞ն կմնա:- Երեւակայեցեք, որ ո՛չ: Եվ այստեղ է ահա հարցի ամբողջ գաղտնիքը, սիրելի ընթերցող: Ձեր այդպես հասցեագրած նամակը կգա եւ կընկնի ուղիղ- ի՞նչ եք կարծում՝ Կա՞րս, Երեւա՞ն, Դիարբեքի՞ր, Շապին-Գարահիսա՞ր… Իհարկե, ոչ:
Այդ նամակը կգա ու կընկնի ուղիղ մեր ամենածանոթ Համո Համբարձումովիչ Ասատուրովի- Մազութի Համոյի… ուղեղը… Ահա՛ եւ ամբողջը: Եվ ահա՛ թե ինչու, վեպի շարունակությանն անցնելով, մենք պետք է դիմենք հնում մանավանդ շատ ընդունված գրական մի պրիոմի, որից այնքան խուսափում են արդի հեղինակները: Ռենտգենյան ճառագայթի նման մենք պիտի ձգտենք թափանցել սույն այս վեպի կենտրոնական անձնավորությանց ուղեղները,- առաջին հերթին, իհարկե, Համո Համբարձումովիչ Ասատուրովի- Մազութի Համոյի ուղեղը: Այո՛:- Ամենից առաջ Մազութի Համոյի, որովհետեւ նա էր (ուղեղը եւ ոչ թե Մազութի Համոն), որ, տարիներ շարունակ բոլոր համանման ուղեղների կատարյալ կատարելատիպը լինելով՝ որպես առասպելական այն ցուլը, կրում էր իր ուղեղե եղջյուրների վրա… երկիրը Նաիրի: Նրան, այո՛- Համո Համբարձումովիչ Ասատուրովի- Մազութի Համոյի ուղեղին մենք պիտի դիմենք, եթե ուզում ենք իսկական աղբյուրից հանել մեր այնքան ցանկացյալ ջուրը,- եթե ուզում ենք իսկական ակունքից խմել կենարար հեղուկը մեր հավաքական, կամ իրա՝ Մազութի Համոյի տերմինոլոգիայով ասած՝ «ազգային գոյության»:
Այդ հանճարեղագույն ուղեղն ուներ հանճարեղագույն հատկություններ:- Ամենից առաջ՝ մի՞թե հանճարեղագույն հատկություն չպիտի համարել այն զարմանալի հանգամանքը, որ նա, այդ ուղեղը, Մազութի Համոյի այդ տարօրինակ ուղեղը տարիներ, դարեր շարունակ, հնամենի հնուց, կրում էր իր վերոհիշյալ եղջյուրների վրա մի ամբողջ երկիր, եւ այն էլ այնպիսի մի տիեզերական երկիր, ինչպիսին էր երկիրը Նաիրի: Հասկանո՞ւմ եք՝ նրա, այդ «Լույսի» կառավարիչ Համո Համբարձումովիչի այդ գերերկրային ուղեղում, ինչպես մեր եղկ երկրագնդի որեւէ հատվածի վրա, տեղավորված կային- գյուղեր ու քաղաքներ. ապրում էին մարդիկ այդ գյուղերում ու քաղաքներում. ապրում էին- ամենից առաջ հենց ինքը՝ Մազութի Համոն, ապա Գեներալ Ալոշը, բժիշկը, Օսեփ Նարիմանովը, Անգինա Բարսեղովնան եւ հազար-հազարավոր ուրիշ-ուրիշները. ազատ, քայլում էին ուղեղային քաղաքներում, գնում էին գործի եւ վերադառնում էին գործից, ուտում էին եւ արտաքնոց էին գնում.- մի խոսքով՝ անում էին այն ամենը, ինչ որ կապված է մարդկային կյանքին, ինչով որ կենդանի է այդ կյանքը: Այդ նրանց թվում էր միայն, որ իրենք, ասենք, քայլում են Լորիս-Մելիքյանով. էապես նրանք ոչ այլ ինչ էին անում, քան եթերային տատանումներ առաջ բերելը Մազութի Համոյի տիեզերապարփակ ուղեղում. կամ Մազութի Համոյի ուղեղից սահած դեպի Լորիս-Մելիքյանը՝ մրսում էին այնտեղ դարերի խայտառակությանը գամած, ստվերային մի կյանք:
Եվ ո՛չ միայն նրանք, այլեւ հազար-հազարավոր ուրիշ-ուրիշները. պ. Աբոմարշը, մանրավաճառ Կոլոպոտյանը, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, Կլուբի Մեյմունը, Քոռ Արութը, բոլորը, բոլորը,- եւ ամենից առաջ մեր սույն այս վեպում այնքան մանրամասն նկարագրած բոլոր քաղաքացիք, նրանց կենցաղը, գործնական եռուզեռը, առտնին առօրյան. մի խոսքով ասած՝ ամենքը եւ ամեն ինչ նաիրյան այդ քաղաքում ոչ այլ ինչ էր գուցե, եթե ոչ Մազութի Համոյի տիեզերապարփակ ուղեղի եղկ արտացոլումը, ուղեղային մորմոքը միայն- ուղեղային խաղը: Եվ մի՞թե նրա, Մազութի Համոյի հանճարեղագույն ուղեղը չէ՞ր ծնել այդ քաղաքն իր բոլոր հրաշքներով եւ հրաշալիքներով, ինչպես ելել էր հնում հունական Զեւսի աստվածային գլխից իմաստության ու գեղեցկության գերագույն դիցուհին՝ Աթենաս-Պալլասը: Այո՛: Այլապես ո՞նց, որտեղի՞ց պիտի ելնեին եւ քարակերտ վեհությամբ ապրեին դարեր- թեկուզ հենց Վարդանի կամուրջը, բերդը, Առաքելոց եկեղեցին… Այդպես էլ ես ու դո՛ւ, ընթերցող. մեզ համար քայլել ենք շարունակ փողոցից փողոց, մտել ենք վարսավիր Վասիլի վարսավիրանոցը եւ Տելեֆոն Սեթոյի սրճարան-ճաշարանը, որի ցուցանակի վրա գրված է՝ «Չայ- Ղահվե- Ճաշարան, Սեթրակ Ֆալիան»- ապրել ենք, մի խոսքով, իբր թե երկրային աշխարհաբնակ կյանքով, եւ չենք էլ իմացել, որ իլլյուզիա է այդ բոլորը, ուղեղային մորմոք,- որ այդ ամենը ոչ թե առասպելական մի ինչ-որ խղճուկ Մայայի շղարշն է մեր աչքերի վրա, այլ այդ ամենասովորական «Լույսի» կառավարիչ Մազութի Համոյի, այդ Համո Համբարձումովիչ Ասատուրովի ուղեղային մշուշը- որ մեր ամբողջ կյանքն իր «տակով-վրայով» ոչ այլ ինչ է եղել, եթե ոչ ճիշտ որ- «ուղեղային մորմոք»- սրտի հիվանդություն…