ԳլխավորՄի կտոր գիրք

«Հոգուն վրա հասավ». Նար-Դոս

…Այժմ նա տուն էր դառնում հույսը բոլորովին կտրած և խիստ չարացած ամենքի և ամեն բանի վրա։ Ու որ մտածում էր, թե վաղն էլ, մյուս օրն էլ, երրորդ, օրն էլ — ո՞վ գիտե դարձյալ քանի՜ օրեր — նույն անհաջողությունը պիտի ունենար, ինչ որ այսօր, քիչ էր մնում իսկապես խենթանար։ Մատներով անդադար պրպտում էր արխալուղի գրպանները, հուսալով թե մի գուցե տասը կամ տասնհինգ կոպեկանոց մի դրամ խցկված լինի կարկատանների արանքը, ինչպես շատ անգամ էր պատահել փող ունեցած ժամանակ, բայց մատների ծայրերը միայն շոշափում էին գզգզված գրպանների մազանման մճճված կեղտը։

Քամու դեմ կռվելով, նա մտավ իրենց նեղ ու ծուռ փողոցը, որի երկայնքով այս ու այն կողմը իրար հենված էին, կարծես չթափվելու համար, խղճուկ տնակներ ցածր, հողածածկ կտուրներով, ծուռտիկ-մուռտիկ պատուհաններով, փտած դռներով, ո′րը գետնի մեջ խրված, ո′րը գետնից բարձր։

Դավիթը կանգ առավ այդ դռներից մեկի առջև, որի ծակոտիներից և ճեղքերից ճրագի լույս էր երևում։ Փոխանակ ծեծելու, նա ոտը բարձրացրեց և մի պինդ հարված տվեց դռանը։ Դուռը ճռճռաց, քիչ մնաց տեղահան լիներ, բայց չբացվեց, ներսից փակ էր։ Այդ բանն ավելի կատաղեցրեք Դավթին, և նա կրկնեց հարվածն առաջվանից ավելի պինդ։

— Մեռել ե՞ք, սատկել ե՞ք,- գոռաց նա սարսափելի հայհոյանքներ թափելով։

Ներսից լսվեց դռան փականքի շրխկոցը։ Ոտաբոբիկ, պատառոտուն հագուստով, խճճված մազերով մի փոքրիկ աղջիկ դուռը բաց արավ և, ցրտից սարսռալով, մի կողմ քաշվեց, որ հայրը ներս մտնի։

Դավիթը մտավ արյուն կտրած աչքերով։

Աղջիկը սովալլուկ հայացքով աչքի տակից նայեց հոր դատարկ ձեռներին, և այն միջոցին, երբ փակում էր դուռը, մի ծանր հարված զգաց գլխին։ Նա ձայն չհանեց, այլ ձեռքերը դրեց գագաթին և տեղն ու տեղը պպզեց տապ-տապ արած հավի պես։ Ըստ երևույթին սպասում էր, թե հարվածը պիտի կրկնվի և իր մանկական սովալլուկ մարմնի ֆիզիկական ամբողջ ուժը ոսկրացած ձեռքերի մեջ հավաքած աշխատում էր պաշտպանել գլուխը՝ շեքերի մեջ կոխած։

Սակայն հայրը բավականացավ մի հարվածով միայն և անմիջապես դարձավ կնոջը, որ թախտի վրա նստած կար էր անում լամպի լուսով.

— Հա՞ա, մեռել ե՞ք, սատկել ե՞ք։ Տո, դուռն էսքան կոտրատում եմ, չեք իմանո՞ւմ։ Այ խլանաք դուք, խլանաք։ Պինդ էլ կողպել եք, թե ի՞նչ։ Գիտամ, էնքան բան-ման ունես անտեր տանդ, որ վախենում ես նի չթափվեն, չթալանեն։ Վայ ձեր ծնունդը չորանա, ձեր ծնունդը։ Դուք խո ինձ հմար կնիկ ու որդիք չեք, ցավ ու կրակ եք ինձ հմար, ցավ ու կրակ գա ձեր գլխին։ Էլ ջըբումս բարաքաթ չմնաց, ինչ դու էդ կոտրած ոտդ տուն դրիր ըստեղ…

Դավթի արտասանած ամեն մի պարբերությունը համեմված էր ամենաընտիր և երբեմն շատ ինքնուրույն հայհոյանքներով։

Կինն ամենևին ձայն չհանեց, նույնիսկ գլուխը չբարձրացրեց կարի վրայից։ Ամուսնու գոռգոռոցն ու հայհոյանքն այնքան սովորական բան էին դարձել նրա համար, որ միանգամայն կորցրել էին իրենց բոլոր նշանակությունն ու ազդեցությունը, և վաղուց էր արդեն, որ Մային այլևս չէր պատասխանում, մի անգամ առ միշտ համոզվելով, որ այդ ոչ միայն անօգուտ, այլ նույնիսկ վտանգավոր է, որովհետև խոսքը խոսք էր բերում, և Դավիթը վերջիվերջո խոսքից անցնում էր «գործի»։ Կնոջ միակ պատասխանը լռությունն ու անտարբերությունն էր լինում։ Շունը հաչեր, թե Դավիթը — այդ միևնույն էր նրա համար։ Պատահում էր, որ Դավիթն ամբողջ ժամերով գոռում-գոռգոռում, հայհոյում էր ամենազզվելի ածականներով, բայց Մային գլուխը կախ մնում էր իր բանին, քարի պես լուռ ու անտարբեր։

Ծանր, շատ ծանր էին խեղճ կնոջ քաշած օրերն արբեցող ամուսնու ձեռքին։ Ինչ Մային ոտ էր դրել ամուսնու տունը, ոչ մի լավ օր չէր տեսել, միշտ ծեծ ու հայհոյանք, միշտ հայհոյանք ու ծեծ։ Ծեծն ու հայհոյանքն էլի վնաս չունի, — այդ բանին այսպես թե այնպես դեռ կարելի էր դիմանալ, — բայց գոնե տան և երեխաների հոգսը քաշեր․ այդ էլ չկար։ Ինչ վաստակում էր, իր փորն էր ածում։ Ուրեմն էլ ինչացո՞ւ էր. ավելի լավ չէ՞ր լինի, որ իսկի չլիներ, խեղճ կինը գոնե հանգիստ իր բանին կկենար, գոնե գիշերները չէր սպասի ահ ու դողով, թե ահա որտեղ որ է պիտի գա իր դահիճը արբած-տրաքած, երեխաներին լեղաճաք անի, ամբողջ թաղը հավաքի գլխին։ Տունը ինքն էր պահում, երեխաներին ինքն էր հագցնում, կերակրում իր ձեռքի աշխատանքով, ուրեմն էլ ինչացո՞ւ էր այդ միշտ արբած մարդը, էլ ի՞նչ սրտով էր բղավում, հայհոյում, ծեծում, ինչո՞ւ և ի՞նչ իրավունքով։

Մային աշխատում էր, գիշեր-ցերեկ աշխատում — կար էր անում, լվացք էր անում, հաց էր թխում, թոկ էր գզում, բարդաններ էր կարում, հինած էր հինում, պարսիկ վաճառականների համար նուշ, ընկույզ, տխիլ էր կոտրում․ կարիքը ստիպել էր նրան վարժվելու ամեն տեսակ աշխատանքի, և ոչ մի օր նրա ձեռքը դադար չէր առնում։ Հարատև աշխատանքը, զրկանքներն ու հոգսերը և ամուսնու պատճառած ֆիզիկական ու բարոյական տանջանքները հալումաշ էին արել խեղճին։ Նրա կյանքը դարձել էր մի տեսակ անասնական․ չէր իմանում ի′նչ օր է լուսանում, ի′նչ օր մթնում․ մի բան էր միայն իմանում — երեխաները քաղցած են՝ պետք է աշխատել, երեխաները տկլոր են՝ պետք է աշխատել, տանտերը պահանջում է վարձը՝ պետք է աշխատել։

Ահա այս գիշեր էլ, չնայելով շաբաթ գիշեր է, կիրակշտեք է, երբ ամեն աշխատանք դադար է առնում, նա դարձյալ աշխատում է․ կարում է ամբողջ օրը՝ վաղ առավոտից նստած, որպեսզի վերջացնի, տանի տա տիրոջը, մի քանի կոպեկ փող ստանա՝ գեթ վաղը մի քիչ հաց առնելու։ Առանց այն էլ երեխաները այսօր ամբողջ օրը սովից վնգստում էին։

Նար-Դոս (01.03.1867-13.07.1933)

Հատված «Հոգուն վրա հասավ» պատմվածքից

Comment here