Ներկայացնում ենք բանաստեղծ, արձակագիր Ավետիք Իսահակյանի (1875-1957) մի քանի բանաստեղծություն
Մայրիկիս
Հայրենիքես հեռացել եմ,
Խեղճ պանդուխտ եմ, տուն չունիմ,
Ազիզ մորես բաժանվել եմ,
Տըխուր-տըրտում, քուն չունիմ:
Սարեն կուգաք, նախշուն հավքե՛ր,
Ա՜խ, իմ մորս տեսել չե՞ք.
Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր,
Ախըր բարև բերել չե՞ք:
Հավք ու հովեր եկան կըշտիս,
Անձեն դիպան ու անցան.
Պապակ-սրտիս, փափագ-սրտիս
Անխոս դիպան ու անցա՜ն:
Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվին
Կարոտցել եմ, մայրի՛կ ջան.
Երնե՜կ, երնե՜կ, երազ լինիմ,
Թըռնիմ մոտըդ, մայրի՜կ ջան:
Երբ քունըդ գա, լուռ գիշերով
Հոգիդ գըրկեմ, համբույր տամ.
Սըրտիդ կըպնիմ վառ կարոտով,
Լա՛մ ու խընդա՛մ, մայրի՜կ ջան։
***
Օտա՜ր, ամայի՜ ճամփեքի վրա
Իմ քարավանըս մեղմ կըղողանջե.
Կանգնի՛ր, քարավանս, ինձի կըթվա,
Թե հայրենիքես ինձ մարդ կըկանչե:
Բայց լուռ է շուրջըս ու շըշուկ չըկա
Արևա՛ռ, անդո՛րր այս անապատում.
Ա՜խ, հայրենիքըս ինձ խորթ է հիմա,
Ու քնքուշ սերըս ուրիշի գրկում:
Կընոջ համբույրին է՛լ չեմ հավատա,
Շուտ կըմոռանա նա վառ արցունքներ.
Շարժվի՛ր, քարավանս, ինձ ո՞վ ձայն կըտա,
Գիտցի՛ր, լուսնի տակ չըկա ուխտ ևսեր:
Գընա՛, քարավանս, ինձ հետդ քա՜շ տուր
Օտար, ամայի ճամփեքի վրա.
Ուրտեղ կհոգնիս` գըլուխըս վար դիր
Ժեռ-քարերի մեջ, փըշերի վըրա…
Ասում են
Ասում են, թե՝ դու այնպես
Մոռացել ես ինձ այնպես,
Որ երբ անունս են տալիս,
Հազիվ միտքդ եմ գալիս:
Բայց, նազելիս, ձեր բակում
Այն լորին է դեռ ծաղկում,
Որի քնքուշ բույրի մեջ
Քեզ գրկեցի սիրատենչ:
Ու գրկիս մեջ այսօր դեռ
Կիզող կրակ է վառվել,
Իսկ երբ անունդ են տալիս,
Սիրտս արյուն է լալիս:
Ա՜խ, իրա՞վ է՝ դու այնպես
Մոռացել ես ինձ այնպես,
Որ երբ անունս են տալիս,
Հազիվ միտքդ եմ գալիս…
***
Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամրջին,
Հորդ մազերը— գետ գիշերվա,
Եվ հակինթներ՝ ականջին:
Աչքերը սև— արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարվում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:
Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխս կախեցի,
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական, կանացի:
Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.—
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։