ԳլխավորՄի կտոր գիրք

Թե փողեդ շահ չունի Հայաստան, թըքել ենք քու ալ, փողիդ ալ վըրան. Ռափայել Պատկանյան

Ռափայել Պատկանյան

Ներկայացնում ենք հայ գրող Ռափայել Պատկանյանի (Գամառ Քաթիփա, 8 (20) նոյեմբերի, 1830 – 22 օգոստոսի (3 սեպտեմբերի) ստեղծագործություններից։

Հայերուս թուքը

Դուն խելոք, հաշվով վաճառական ես,
Մյուլք, փող ու ապրանք, կասեն, շատ ունես. —
Բայց թե փողեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, փողիդ ալ վըրան։

Քաջ ես, լըսել ենք, ինքըդ մեծավոր,
Անուն հաղթողի ունես փառավոր.
Բայց թե թըրեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, թըրիդ ալ վըրան։

Ի վերուստ քանքար քեզի տված է,
Հեղինակ անունըդ աշխարհ փըռված է.
Բայց թե գըրչեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, գըրչիդ ալ վըրան։

Հեռատես մըտքով դուն զարդարեցար,
Հըզոր իշխանի սիրելին դարձար.
Բայց թե մըտքեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, մըտքիդ ալ վըրան։

Բանուկ ու ճարտար դուն ունիս ձեռքեր,
Շատ կըհորինես թանկագին բաներ.
Բայց թե ձեռքեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, ձեռքիդ ալ վըրան։

Երկինք շնորհեցին քեզ լեզու ճարտար,
Քարոզչի ստացար հըռչակ ու հանճար.
Բայց թե լեզվեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, լեզվիդ ալ վըրան:

Մեծ ուսում առիր, եղար գիտնական,
Գովքովըդ լըցված է մարդոց բերան.
Թե ուսումեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, ուսմանդ ալ վըրան:

Կուտամ քեզ պատիվ, կունենաս դու հարգ,
Ու կըդընեմ քեզ ազնիվ մարդոց կարգ,
Երբ օրորանեդ մինչև գերեզման
Միակ ձըգտմունքըդ լինի Հայաստան։

Էգուց

Ինձ մի՛ տանջիլ, մի՛ չարչարիլ, սիրական,
Լոկ խոստումնքըդ իմ սըրտին չեն բավական,
Բոց աչերըդ ու շուրթերըդ վարդանման
Երջանկություն խոստանում են հավիտյան։

Քեզ տեսնելիս, ա՜խ, մոլորվում է միտըս,
Ուժգին–ուժգին թափ է տալիս վառ սիրտըս,
Մեկ ջերմաջերմ, մեկ սառ վազում է սիրտըս.
Զորությունս հատավ ինձնից, սիրական։

«Էգուց, էգուց»,—լսում եմ քու բերանից,
Հույսըս հատավ, հատավ էնքան խաբվելից,
Քունըս փախավ, փախավ իսպառ ինձանից.
Դև՞ ես դու չար, թե՞ հրեշտակ ես աննըման։

Էլ մի՛ խաբիլ ու մի՛ խաբվիլ, անձկալիս,
Էգուցները միշտ նըման չեն ետ գալիս.
Վա՜յ թե էգուց աղի արտասուք թափելիս՝
Դու ինձ ճամփես դեպի մըթին գերեզման։

Արաքսի արտասուքը

Մայր Արաքսի ափերով
Քայլամոլոր գընում եմ,
Հին-հին դարուց հիշատակ
Ալյաց մեջը պըտրում եմ։

Բայց նոքա միշտ հեղհեղուկ,
Պըղտոր ջըրով եզերքին
Դարիվ-դարիվ խըփելով
Փախչում էին լալագին։

Արա՛քս, ինչո՞ւ ձըկանց հետ
Պար չես բռնում մանկական,
Դու դեռ ծովը չի հասած
Սըգավոր ես ինձ նըման։

Ինչո՞ւ արցունք ցայտում են
Քու սեգ, հըպարտ աչերից,
Ինչո՞ւ արագ փախչում ես
Այդ հարազատ ափերից։

Մի՛ պըղտորիլ հատակըդ,
Հանդարտ հոսե՛ խայտալով,
Մանկությունը քու կարճ է՝
Շուտ կհասնիս դեպի ծով։

Վարդի թըփեր թո՛ղ բուսնին
Քու հյուրընկալ ափի մոտ,
Սոխակները նոցա մեջ
Երգեն մինչև առավոտ։

Մըշտադալար ուռիներ
Սառ ծոցի մեջ քու ջըրին,
Ճկուն ոստըն ու տերև
Թող թաց անեն տապ օրին։

Ափերիդ մոտ երգելու
Հովիվք թո՛ղ գան համարձակ,
Գառն ու ուլը քու վըճիտ
Ջուրը մըտնին միշտ արձակ։

Մեջքը ուռցուց Արաքսը,
Փրփուր հանեց իր տակից,
Ամպի նըման գոռալով,
Էսպես խոսեց հատակից.

― Խիզա՜խ, անմի՛տ պատանի,
Նիրհըս ինչո՞ւ դարևոր
Վրդովում ես, նորոգում
Իմ ցավերը բյուրավոր։

Սիրելիի մահից հետ
Ե՞րբ ես տեսել, որ այրին
Ոտից գըլուխ պըճնվի
Իր զարդերով թանկագին։

Որի՞ համար զարդարվիմ,
Որի՞ աչքը հրապուրեմ,
Շատերն ինձ են ատելի,
Շատերին՝ ես օտար եմ․․․

Կար ժամանակ, որ ես էլ,
Շըքեղազարդ հարսի պես,
Հազար ու բյուր պըչրանքով
Փախչում էի ափերես։

Հատակըս պարզ ու վըճիտ,
Կոհակներըս ոլորուն,
Լուսաբերը մինչև այգ
Ջըրիս միջին էր լողում։

Ի՞նչըս մընաց էն օրից,
Ո՞ր ջըրամոտ գեղերըս,
Ո՞րը իմ շեն քաղաքից,
Ո՞ր բերկրալի տեղերըս։

Տուրքը ջըրի ամեն օր
Իր սուրբ ծոցեն Արարատ
Մայրախընամ ինձ սընունդ
Պարգևում է լիառատ։

Բայց ես այն սուրբ ջըրերով,
Սուրբ Ակոբի աղբյուրին,
Պիտի ցողեմ արտորա՞յք
Իմ ատելի օտարին․․․

Մինչ իմ որդիք,― ո՞վ գիտե―
Ծարավ, նոթի, անտերունչ
Օտար աշխարհ հածում են
Թույլ ոտքերով կիսաշունչ․․․

Հեռո՜ւ, հեռո՜ւ քըշեցին
Բընիկ ազգըն իմ Հայկյան,
Նորա տեղը ինձ տըվին
Ազգ անկըրոն, մոլեկան։

Դոցա՞ համար զարդարեմ
Իմ հյուրընկալ ափերը,
Եվ կամ՝ դոցա՞ հրապուրեմ
Ճըպռոտ, պըլշած աչերը։

Քանի որ իմ զավակունք
Այսպես կու մընան պանդուխտ՝
Ինձ միշտ սըգվոր կը տեսնեք,―
Այս է անխաբ իմ սուրբ ուխտ․․․

Էլ չի խոսեց Արաքսը,
Հորձանք տվեց ահագին,
Օղակ-օղակ օձի պես
Առաջ սողաց մոլեգին։

***

Գընա՛, իմ որդյակ, աշխարհքըս անցի՛ր․
Պանծալի անո՛ւն Մեծի դու ստացի՛ր։

Ու գընաց որդին, շատ քըրտինք թափեց,
Մեծ հարըստություն, մեծ գանձ ժողովեց,
Ու դարձավ հորը, ասաց պարծանքով․
— Հա՛յր իմ, այժըմ Մեծ չե՞մ քու կարծիքով։

— Չէ՛, չէ՛․ թեև դու բորսայի ես զարդ,
Բայց քեզ չեմ ասիլ տակավին մեծ մարդ։

Նա գընաց մըտավ իմաստնոց տաճար,
Եղավ խորիմաստ գիտուն ու հանճար,
Ու դարձավ հորը, ասաց պարծանքով․
— Հա՛յր իմ, այժըմ Մեծ չե՞մ քու կարծիքով։

— Չէ՛, չէ՛․ թեև դու գիտությանց ես զարդ,
Բայց քեզ տակավին չեմ ասիլ մեծ մարդ։

Պահով, աղոթքով մըտավ անապատ,
Քուր[1]ձ հագավ մարմնուն, հրաշքներ գործեց շատ,
Ու դարձավ հորը, ասաց պարծանքով․
— Հա՛յր իմ, այժըմ Մեծ չե՞մ քու կարծիքով։

— Եդեմա[2] դրախտին էլ լինիս դու զարդ,
Ես քեզ տակավին չեմ ասիլ մեծ մարդ։

Ու գընաց որդին, դարձավ զորավար,
Խելքով, քաջությամբ տիրեց շատ աշխարհ,
Ու դարձավ հորը, ասաց պարծանքով․
— Հա՛յր իմ, այժըմ Մեծ չե՞մ քու կարծիքով։

— Չէ՛, չէ՛․ թեև դու գոռ դաշտին ես զարդ,
Բայց քեզ տակավին չեմ ասիլ տակավին մեծ մարդ։

Ու գընաց որդին մի երկիր օտար,
Հրեշք ու ցավերե մաքրեց այն աշխարհ,
Ու դարձավ հորը, ասաց պարծանքով․
— Հա՛յր իմ, այժըմ Մեծ չե՞մ քու կարծիքով։

— Օտար աշխարհի թեև եղար զարդ,
Բայց քեզ չեմ ասիլ տակավին մեծ մարդ։

Ու գընաց որդին․․․ Հա՜, սարն էր գլորման․․․
Դեմ տըվեց ուսը, չը թողեց անկման․․․
Ու դարձավ հորը, ասաց պարծանքով․
— Հա՛յր իմ, այժըմ Մեծ չե՞մ քու կարծիքով։

— Դյուցազների մեջն էլ լինիս դու զարդ,
Բայց քա՜վ ինձ ասել քեզ համար մեծ մարդ։

Ու գնաց որդին գըլխակոր, տըրտում,
Հոգին վըրդոված, ցավ ու դարդ սըրտում,
Մաշվում էր խեղճը, զոռ տալով խելքին`
Հե՞ր չարժանացավ հոր գովասանքին․․․

Նորա եղբայրը գերի էր տարած,
Թըշնամու ձեռքով տունը ավերած․
Ճիգ արավ, գլուխը վըտանգի ձըգեց․․․
Ազատեց եղբորն ու տունը կանգնեց․․․

Հանկարծ․․․ սար ու ձոր, ծով դըղըրդեցան,
Բյուրք բյուրոց բերնով գոչեց ազգ մարդկան․
«Մեծ Մարդու անուն դու ա՛յժմ ըստացար,
Եղբորդ հիշեցիր ու քեզ մոռացար»։