ԳլխավորՄի կտոր գիրք

 Սերգեյ Դովլաթով. «Ավելորդը»

Հայ-հրեական ծագումով ռուս գրող Սերգեյ Դովլաթովի (Դովլաթյան) (03.09.1941-24.08.1990) ծննդյան օրն է։

Ներկայացնում ենք մի հատված նրա «Ավելորդը» ստեղծագործությունից։

***

Ինչպես միշտ` խմիչքը քչություն արեց, և ինչպես միշտ` ես դա կանխատեսել էի: Այ ուտելիքի հարցում խնդիր չկար: Եվ ինչպե՞ս կարող էր լինել: Ի՞նչ խնդիրներ կարող են լինել, եթե Սևաստյանովին հաջողվում էր սովորական խնձորը բաժանել վաթսունչորս շերտի…

Հիշում եմ` երկու անգամ գնացինք «ստրելեցկի» բերելու: Հետո ինչ-որ աղջիկներ հայտնվեցին` սառցաբալետից: Շաբլինսկին մի գլուխ նայում էր աղջիկներին ու կրկնում.
— Մենք կհալացնե՜նք էդ սառույցը… Մենք կհալացնե՜նք էդ սառույցը…

Վերջապես օղու գնալու իմ հերթը հասավ: Շաբլինսկին միացավ ինձ: Երբ վերադարձանք, աղջիկներն արդեն չկային:
Շաբլինսկին ասաց.
— Կնանիք իմ կարծածից խելոք են: Կերան, խմեցին, թռան…
— Ավելի լավ, — ասաց Սևաստյանովը, — էկեք կարտոլ խաշեմ ձեր համար:
— Գուցե շիլա է՞լ առաջարկես, — ասաց Շաբլինսկին:

Խմեցինք ու ծխեցինք: Ալկոհոլն արդյունավետ չէր ազդում: Ախր կարգին խմելն էլ արվեստ է:
Նման վիճակներում աղջիկներին զանգելն անիմաստ է: Եթե հարբեցողությունը չի կայացել, ուրեմն` վերջ: Նշանակում է քեզ համատարած նվաստացումներ են սպասում: Պետք է փոխել իրադրությունը: Գլխավորը իրադրությունն է:

Հիշում եմ` Թոֆիկը պատմում էր.
— Տանը ռոյալ ունեմ, մահճախորշ, արծաթե գդալներ… Նկարները` համարյա Վերածննդի դարաշրջանի… Ու` ոչ մի սեքս: Իսկ գարաժում ամեն կարգի հնոտի է, մաշված անիվներ, բրեզենտե ծածկոց … Հենց էդ ծածկոցի վրա էլ պարի ուսումնարանի ուղիղ կեսին դրել եմ: Շատերը համոզում էին` գնանք գարաժ: Էնտեղ, իբր, իրադրությունը համահունչ է…

Շաբլինսկին վեր կացավ ու ասում է.
— Գնանք Տալլին:
— Գնացինք, — ասում եմ:
Ինձ համար մեկ էր, մանավանդ, որ աղջիկներն անհետացել էին:
Շաբլինսկին աշխատում էր «Սովետական Էստոնիա» թերթում: Մի շաբաթ հյուրընկալվել էր Լենինգրադում: Ու հիմա համընթաց մեքենայով տուն էր վերադառնում:

Սևաստյանովը ծույլ-ծույլ առաջարկեց չցրվել: Մենք հրաժեշտ տվինք ու դուրս եկանք: Մտանք խանութ: Շշերից մեր գրպաններն ուռել էին: Ես ամառային շապիկով ու մարզակոշիկներով էի: Նույնիսկ անձնագիր չկար:
Տասը րոպեից մի «Վոլգա» մոտեցավ: Ղեկին մի մռայլ մարդ էր, ում Շաբլինսկին Գրիշանյա էր ասում:
Գրիշանյան ամբողջ ճանապարհին լուռ էր: Օղի չխմեց: Ինձ նույնիսկ թվաց` Շաբլինսկին նրան առաջին անգամն էր տեսնում:

Արագ անցանք Լենինգրադի հյուսիս-արևմտյան գորշ արվարձանները: Հետևեցին միանման ավանները, աղքատիկ բուսականությունն ու դանդաղահոս գետակները: Ուղանցի մոտ Գրիշանյան արգելակեց, բացեց դուռն ու գնաց թփերի կողմը: Ընթացքում շալվարի կոճակներն էր արձակում` պայմանականություններն անտեսող մարդու վճռականությամբ:

— Ինչի՞ է էդպես մռայլ, — հարցնում եմ:
Շաբլինսկին պատասխանեց.
— Մռայլ չի: Քննության տակ է: Եթե չեմ սխալվում` կաշառքի գործով:
— Ինչ-որ մեկին կաշա՞ռք է տվել:
— Մի սրբացրու Գրիշային: Չի տվել, վերցրել է: Ընդ որում, անսահմանափակ քանակությամբ: Ու հիմա քննության տակ է: Արդեն չբացակայելու մասին ստորագրություն են վերցրել:
— Բա ո՞նց է դուրս եկել:
— Որտեղի՞ց:
— Լենինգրադից:
— Ստորագրությունը Տալլինում է տվել:
— Բա Տալլինի՞ց ոնց է հեռացել:
— Շատ պարզ: Նստել է մեքենան ու քշել: Գրիշան արդեն կորցնելու բան չունի: Շուտով կալանքի կառնեն:
— Ե՞րբ, — հարցս ավելորդ էր:
— Հենց որ հայտնվի Տալլինում:

Այստեղ Գրիշանյան դուրս եկավ թփուտից: Ընթացքում կենտրոնացած կոճկում էր շալվարը: Ուժեղ դաստակներին ինչ-որ բան պսպղաց:
«Ձեռնաշղթանե՞ր են», — մտածեցի ես:
Հետո մի զույգ ժամացույց տեսա` մետաղյա ապարանջաններով:
Շարժվեցինք առաջ: Նարվայից այն կողմ բնապատկերը փոխվեց: Բնությունը պակաս անկանոն էր թվում: Տները ավելի կոկիկ ու խստաշունչ էին:

Շաբլինսկին խմել ու ննջում էր: Իսկ ես անընդհատ մտածում էի` ինչո՞ւ: Ո՞ւր և ինչո՞ւ եմ գնում: Ի՞նչ է ինձ սպասում: Եվ ինչքա՜ն հիմար դասավորվեց կյանքը…

Վերջապես հասանք Տալլին: Անցանք անդեմ աղյուսաշեն արվարձանները: Հետո ինչ-որ տեղ առկայծեց-անցավ գոթիկան: Եվ ահա Ռատուշայի հրապարակում ենք:

Նստիքի տակ շիշ զնգաց: Գրիշանյան արգելակեց: Շաբլինսկին արթնացավ:
— Ահա և տանն ենք, — ասաց նա:
Ես դուրս եկա մեքենայից: Սալահատակն անդրադարձնում էր տարտամ նեոնային տառերը: Հարթ ճակտոնները խստադեմ դուրս էին լողում խավարից: Բնապատկերը Անդերսենի նկարազարդումներն էր հիշեցնում:

Շաբլինսկին ինձ պարզեց ձեռքը.
— Կզանգե՛ս:
Չհասկացա:
Այդ ժամանակ նա ասաց.
— Նելկան անհանգստանում է:
Այստեղ իսկապես շփոթվեցի: Հուսահատությունից նույնիսկ հարցրի.
— Ի՞նչ Նելկա:
— Կինս, — ասում է Շաբլինսկին: — Մոռացա՞ր: Առաջինը դու չանջատվեցի՞ր հարսանիքին..

Շաբլինսկին վաղուց էր աշխատում կուսակցական թերթում: Պաշտոնական դիրքը նրան այնքան էլ չէր նեղում: Մեջը նույնիսկ ինչ-որ հմայք էր մնացել:

Ընդհանրապես նկատել եմ, որ մարդկային հմայքը սպանելը բավական դժվար է: Շատ ավելի դժվար, քան` բանականությունը, սկզբունքները կամ համոզմունքները: Երբեմն անզոր են կուսակցական աշխատանքի տասնամյակներն անգամ: Պատահում է` պատիվը լիովին կորսված է, բայց հմայքը պահպանվել է: Նույնիսկ, պատկերացրեք, մի հմայիչ բանտապետի գիտեի Մորդովիայում…

Կարճ ասած, Շաբլինսկին նորմալ մարդ էր: Եթե ստորություններ անում էլ էր, ապա առանց ավելորդ ոգևորության: Համարյա ընկերներ էինք: Եվ ահա.
— Զանգի՛, — կրկնեց նա…

Տալլինում առաջ էլ էի եղել: Բայց ծառայողական գործուղումներ էին: Այսինքն` անհրաժեշտ թղթերով, փողով ու հյուրանոցով: Եվ գլխավորը` ճղճիմ, բայց բանական նպատակի զգացողությամբ:

Իսկ հիմա՞ ինչի եմ եկել: Խմբագրությունից ինձ հեռացրին: Գրպանումս` տասնվեց ռուբլի: Միակ ծանոթս շտապում է կնոջ մոտ: Նույնիսկ Գրիշանյան կալանավորվելու շեմին է…

Comment here