ԳլխավորՄի կտոր գիրք

Վիլյամ Սարոյան. «Իմ անուշ փոքրիկ»

Ամերիկահայ արձակագիր Վիլյամ Սարոյանի (31.0.1908-18.05.1981) ծննդյան օրն է։

Ներկայացնում ենք հատվածներ նրա «Իմ անուշ փոքրիկ» պատմվածքից։

***

Հիշեց իրենց՝ անթիվ սենյակներից մեկում, երբ երկուսով էին լինում. նրա ներկայությունը առաջին լավ ու սիրուն բանն էր իր կյանքում։ Հիշեց նրա քաղցր շուրթերի համը ու նրա սրտի մեղմ տրոփյունը, որ հանկարծ փոխվում էր ասես հեծկլտոցի ու իր հոգում բուռն քնքշանքի պոռթկում արթնացնում, մի մոլեգին քնքշանք, որ ինքը միշտ զսպել էր՝ չէր գտել մեկնումեկին, թե բաժին հաներ։

Քայլում էր մութ սենյակում ու միտքը բերում, թե նրա հետ ինչքան դաժան վարվեց, երբ իրիկունը տուն գալով՝ տեսավ ձայնապնակը լսելիս։ Մատը տնկեց նվագարկիչի վրա ու ասաց. «Սա՞ որտեղից ծլեց»։

Հիշեց, թե ինչպես վազեվազ եկավ, փաթաթվեց իրեն, իսկ ինքը մի կողմ հրեց նրան։ Հիշեց, թե ինչպես նա հեռու քաշվեց, ասաց. «Փողը լրիվ չեմ տվել, ապառիկով է։ Չես ուզում՝ թող գան հետ տանեն։ Կարծում էի սրտովդ կլինի»։ Ձայնապնակը նվագում էր, ու չնայած ինքը գիտեր, որ այդ երաժշտությունը սրտովն է, չնայած ինքն էլ զգում էր դրա կարիքը ու վաղուց-վաղուց պիտի լսած լիներ, էլի շարունակում էր իրեն կոշտուկոպիտ պահել։ Նա լացակումել էր ու չէր իմանում՝ ուր գնա, ինչ անի։ Երկչոտ քայլերով մոտեցավ նվագարկիչին, ուզում էր անջատել, բայց ինքը գոռաց, որ չանջատի։ Նա հապճեպ, համարյա վազելով՝ ընկավ մյուս սենյակը, իսկ ինքը առանց գլխարկը հանելու կանգնեց նվագարկիչի առաջ ու ձայնապնակը մինչեւ վերջ լսեց։ Հետո նվագարկիչն անջատեց, դուրս եկավ տանից ու վերադարձավ միայն առավոտվա հինգին։ Նրան քնած գտավ։ Գլուխը չէր մտնում, թե ինքը ինչ իրավունք ունի ճանաչելու նրան, խոսելու հետը, նույն տանն ապրելու, դիպչելու նրան։ Կռացավ, կամացուկ համբուրեց շուրթերը ու տեսավ, թե աչքերն ինչպես բացվեցին։ «Խնդրում եմ, ներիր»,-ասաց։

Նա ժպտալով նստեց ու գրկեց իրեն, իսկ ինքը համբուրում էր նրա շուրթերը, քիթը, աչքերը, ականջները, ճակատը, վիզը, ուսերը, ձեռքերը, մատները, համբուրում էր ու շշնջում. «Միշտ հիշիր, փոքրիկս։ Ինչ էլ որ ասեմ, ես քեզ սիրում եմ։ Մեկ-մեկ կարող է խելքս կորցնեմ, բայց մի մոռացիր, որ քեզ սիրում եմ։ Հիշիր, խնդրում եմ»։

Հանվեց, մտավ անկողին ու քնեց։ Հենց որ նա պառկեց կողքին, արթնացավ ու նրան գիրկն առավ ծիծաղելով, իսկ նա շշնջում էր իր անունը այնպես տխուր ու լուրջ, ինչպես միշտ, երբ գիտեր, որ ինքը լավ է զգում իրեն։

***

Լաձձերին ուրախությունից խելքը թռցրել էր, բայց գլխի չէր ընկնում, թե ինչն ինչոց է։ Պարզ էր, որ Ջոն հոյակապ խաղ էր ցույց տվել, նրա խաղաոճը այս մարտի համար ուղղակի անթերի էր։ Բայց եւ այնպես, Լաձձերին հասկանում էր, որ ինչ-որ բան կարգին չի։

-Ջո, ասաց նա տաքսիում,-հիմա դու չեմպիոն ես։ Էդ ի՞նչ որդ է սիրտդ կրծում։
-Մի երեք-չորս ամիս շունչ կքաշեմ, չէ՞,-ասաց ինքը։
-Ոնց էլ լինի, երկու-երեք ամիսը կա ու կա,-ասաց Լաձերին։ -Ինչո՞ւ։
-Էնքան փող ունենք հիմա, որ առաջ երբեք չենք ունեցել, չէ՞։
-Ամենաքիչը մի երկու տարի երկուսիսի կհերիքի,-ասաց Լաձձերին։ -Բայց ինչո՞ւ ես հարցնում։ Ի՞նչ է մտքինդ։
-Հեչ,-ասաց ինքը։ («Իմ անուշ փոքրիկ»,-շշնջում էր սիրտը)։-Իմ կարծիքով իրավունք ունեմ հաղթանակս մի թեթեւ նշելու։
-Բա ո՞նց,-ասաց Լաձձերին։ -Իսկի կթողնե՞մ, որ թթվես։ Ուզածդ ի՞նչ է։
-Ուրախանալ եմ ուզում,-ասաց ինքը։- Ես բարձրանամ սենյակս։ Դու մի երկու աղջիկ ճարիր։ Վիսկի էլ կբերես։ Ուրախանալ եմ ուզում։
-Աչքիս վրա,-ասաց Լաձձերին։- Աչքիս վրա, Ջո։ Մի պուճուր քեֆ կսարքենք։ Տնաշեն, էնպես լեղաճաք արիր, որ էսքան բանից հետո ինձ էլ է ուրախանալ պետք։

Սենյակ մտնելուն պես՝ նա բոլոր լույսերը վառեց, ձայնապնակը վերցրեց նվագարկիչի վրայից ու մի պահ մտքով անցավ, թե ջարդուփշուր չանի՞։ Բայց ձեռքը չգնաց։ Ասես աչքից կորցնելու համար ձայնապնակը մտցրեց մահճակալի տակ։ Այնքան հետ ու առաջ արեց սենյակում, որ կարոտը նորից սիրտը մորմոքեց, միայն թե հիմա ցավն անտանելի էր, եւ նա նստեց մահճակալին ու սկսեց լալ։

Եբր Լաձձերին երկու աղջիկներին առած ներս մտավ, սենյակում մութ էր, ընդամենը լույսի մի բարակ շերտ էր լոգարանից ընկնում։ Ձայնապնակը նվագում էր, իսկ բռնցքամարտիկը, գլուխը ձեռքերի մեջ առած, նստել էր մահճակալին ու լաց էր լինում։

-Կորեք գրողի ծոցը,-ասաց նա կամացուկ։

Լաձձերին առանց ծպտուն հանելու աղջիկներին դուրս տարավ սենյակից։
-Վերջը լավ կլինի,-ասաց։

-Իմ անուշ փոքրիկ,-մրմնջում էր բռնցքամարտիկը նորից ու նորից։

Comment here