ԳլխավորՄի կտոր գիրք

Ձմռան գիշերն Է մեղմորեն ընկնում… Վահան Տերյան

Ձմեռ. 6 հունվարի, 2021, Երեւան

Ձմռան գիշերն Է մեղմորեն ընկնում
Եվ մեծ քաղաքի դեմքը մշուշում.-
Ես դուրս եմ գալիս, փողոց եմ գնում
Եվ երկա՜ր, երկա՜ր մայթերն եմ մաշում։

Բարձր տների պատուհաններում
Պայծառ լույսերը հանգչում են մեկ-մեկ.
Ես արդեն ոչինչ չեմ մտաբերում,
Ւնձ համար չկա այսօր ու երեկ։

Կես գիշերն անցավ… Ես տուն չեմ գնում.
Երկար, անդադար մայթերն եմ մաշում.
Շրջում եմ անվերջ, երբեք չեմ հոգնում,
Ոչինչ չեմ հիշում, ոչինչ չեմ հիշում…

Լապտերը միգում մաղում է պաղ բոց,
Ես աննպատակ շրջում եմ անվերջ.
Ես լուռ անցնում եմ փողոցից փողոց
Ու մեղմ լալիս եմ ցուրտ մշուշի մեջ։

***

Սև գիշերն է գրկել ինձ, մութն է պատել իմ ուղին,
Քեզ եմ կանչում ես նորից, իմ հեռավո՛ր, իմ անգին…

Ես մոլորված մի կրակ, ես անհաստատ մի հոսանք,
Վիհե՜ր, վիհե՜ր անհատակ — տրտմություն ու ափսոսանք։

Օտար, երկիր, օտար հող, թախիծով լի երազներ,
Անրջանքներ մեղմ մարող, անվերադարձ հիացքներ։

Քաղցր է մութը քո գրկում, լույսը սև է առանց քեզ.
Այնպե՜ս մեղմ ես դու գգվում, դու լուսեղեն ես այնպե՜ս։

Դու իջնում ես որպես հուշ, որպես ուրիշ կյանքի լույս,
Քո հայացքում կա անուշ մեղմություն ու արշալույս։

Սև գիշերն է գրկել ինձ, մութն է պատել իմ ուղին,
Քեզ եմ կանչում ես նորից, իմ հեռավո՛ր, իմ .անգին…

***

Դուրսը ցուրտ է հիմա
Եվ խավար և մրրիկ,
Այսօր մի՛ հեռանա,
Մոլորվա՛ծ իմ քույրիկ։

Մոլորվա՛ծ իմ քույրիկ,
Հոգնած ու մենավոր,
Դուրսը՝ չար փոթորիկ,
Դուրսը մութ է այսօր։

Ձմեռ. 6 հունվարի, 2021, Երեւան

Թող ցոլա՛ մեղմորեն
Այս հուրը տխրաբոց,
Թո՛ղ, որ մեղմ օրորեմ
Քո հոգին ալեկոծ։

Լուսեղեն այն խոսքով,
Որ այսօր ես գիտեմ,
Այն անուշ հրաշքով
Քո սիրտը կըդյութեմ։

Մի կրակ լուսատու
Քո սրտին կընետեմ,
Որ հզոր լինես դու
Կյանքի և մահու դեմ։

Հեռավոր մի փարոս
Կըվառեմ քո հոգում,
Սև կյանքի ալեկոծ
Խավարում ու մեգում։

Դուրսը ցուրտ է հիմա
Եվ խավար, և մրրիկ,
Այսօր մի՛ հեռանա,
Մոլորված իմ քույրի՛կ։

***

Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
Կըգնամ իմ դժկամ ցավի հետ։

Ւմ ճամփան՝անվախճան մի գիշեր,
Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.-
Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…

Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,
Ւմ վերև թող արև չըխնդա.
Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…

***

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.-
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…

***

Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին,
Անաղմուկ խոսքերիդ դաշնակները հիվանդ,
Կուսական ամոթխած փայփայանքըդ, որ իմ
Սև օրերն է օրրում խնդությամբ հնազանդ։

Խոսքերըդ կարկաչող, որպես նուրբ մի զգեստ,
Ստվերում են սրտիդ գաղտնիքները սիրուն,-
Քո հոգին չի սիրում մերկություն անհամեստ,-
Դու այնպես ես սիրում, կարծես թե չես սիրում։

Հեռավոր երկրի պես հմայող է հոգիդ,
Անուշ են խոսքերըդ, ժպիտներդ աղջկա,-
Մանկական անպաճույճ երգի պես միամիտ,
Դյութական, որպես այն, որ չըկա, որ չըկա…

Վահան Տերյան (հունվարի 28 (փետրվարի 9), 1885 — հունվարի 7, 1920 )

Comment here