ԳլխավորՄի կտոր գիրք

Ալֆոնս Դոդե. «Տարասկոնցի Տարտարենը» (հատվածներ)

Ալֆոնս Դոդե. «Տարասկոնցի Տարտարենը»

Ներկայացնում ենք հատվածներ ֆրանսիացի գրող Ալֆոնս Դոդեի (13 մայիսի, 1840 – 16 դեկտեմբերի, 1897) «Տարասկոնցի Տարտարենը» վիպակից։

***

Ամենից առաջ պետք է լավ իմացած լինեք, որ բոլոր տարասկոնցիները՝ մեծից փոքր, բոլորն էլ որսորդներ են։ Որսորդությունը տարասկոնցիների սիրտն ու հոգին է՝ սկսած այն առասպելական ժամանակներից, երբ Տարասկ անունով հրեշն ավերածություններ էր գործում այդ քաղաքի ճահճուտներում, և երբ տարասկոնցիները ստիպված էին անընդհատ արշավանքի դուրս գալ նրա դեմ։ Ինչպես տեսնում եք, այս պատմությունը շատ հին է։

Այսպես, ուրեմն, ամեն կիրակի առավոտ ամբողջ Տարասկոնը զենք էր վերցնում և դուրս գալիս քաղաքից՝ հրացանն ուսին, պարկը մեջքին, որսորդական փողերի և որսորդական շների հաչոցների աղմկալի ընկերակցությամբ։ Գեղեցիկ և սքանչելի էր այդ տեսարանը… Միայն, դժբախտաբար, Տարասկոնում որսի ոչ մի կենդանի չկար, նմուշի համար մի հատ էլ չէիք կարող գտնել։

Ինչքան էլ որ անխելք լինեն կենդանիները, վերջ ի վերջո նրանք էլ են խելոքանում։

Ամբողջ Տարասկոնի հինգ մղոն տարածությամբ շրջակայքում կենդանիների որջերը դատարկ են, թռչունների բները՝ լքված։ Ոչ մի լոր, ոչ մի կեռնեխ, ոչ մի ճագարիկ, ոչ էլ նույնիսկ ծիտ…

— Շատ լավ, կասեք դուք, եթե որսի կենդանիներ չկան, հապա էլ ի՞նչ են անում Տարասկոնի որսորդները ամեն կիրակի։

Ինչ են անո՞ւմ։

Ահա թե ինչ են անում։ Դուրս են գալիս դաշտ, քաղաքից երկու-երեք մղոն հեռու, բաժանվելով փոքրիկ խմբերի՝ հինգ հոգի այստեղ, վեց հոգի այնտեղ, նստում կամ թիկն են տալիս մի որևէ ջրհորի, քանդված պատի կամ ձիթենու շվաքի տակ, բաց են անում իրենց որսորդական պայուսակները, հանում են մի-մի կտոր լավ տապակած եզան միս, մի քանի գլուխ սոխ, երշիկ, երբեմն էլ տեսակ-տեսակ փոքրիկ ձկներ և սկսում են մի անվերջանալի նախաճաշ։ Ռոնայի հրաշալի գինին էլ, իհարկե, անպակաս է, մեկն այն գինիներից, որ ուրախացնում է մարդու սիրտը և երգել տալիս։ Վերջապես լավ կազդուրվելուց հետո վեր են կենում, շներին կանչում են, հրացանները լցնում, և սկսվում է որսը։ Այսինքն այդ պարոններից ամեն մեկն իր գլխարկը վերցնում է, ամբողջ ուժով նետում է վեր և օդի մեջ կրակում՝ հինգ, վեց կամ երկու կալիբրի մանր գնդակներով, նայած պայմանին։ Ով քիչ վրիպի, նա էլ ընտրվում է որսի թագավոր և երեկոյան հաղթական մտնում է Տարասկոն՝ շների հաչոցով և փողերի աղաղակով, ծակծկված գլխարկը հրացանի ծայրին ցցած։

Ավելորդ է, անշուշտ, ձեզ ասել, որ քաղաքում գլխարկի մեծ առևտուր կա, կան նույնիսկ գլխարկավաճառներ, որոնք ծախում են նախապես ծակծկված և պատառոտված գլխարկներ՝ խակ որսորդների համար, սակայն դեղագործ Բեզյուքեն է միայն, որ, ինչպես հայտնի է, գնում է դրանցից։ Դա անպատվություն է։

***

Բանն այն է, որ պետք է խոստովանել, որ մեր հերոսի մեջ ապրում էին երկու իրարից բոլորովին տարբեր բնավորություններ։ «Ես զգում եմ իմ մեջ երկու անձնավորություն»,- ասել է եկեղեցու հայրերից չգիտեմ որ մեկը։

Նույնը կարող էր ասել նաև Տարտարենը, որ կրում էր իր մեջ երևելի ասպետ Դոն Կիխոտի ոգին՝ նույն ասպետական ձգտումները, նույն հերոսական իդեալը, նրա խելագարության հասնող վիպական նույն արկածասիրությունը։ Դժբախտաբար նա չուներ հռչակավոր հիդալգոյի նիհար ու ոսկրոտ կազմվածքը, այդ երևութական մարմինը, որի դեմ անզոր էին նյութական կյանքի հարվածները, որ կարող էր քսան գիշեր առանց զրահ հանելու պառկել չոր գետնի վրա և քառասունութ ժամ անցկացնել միայն մի բուռ բրնձով…

Տարտարենն, ընդհակառակը, բոլորովին այլ կազմվածքի տեր մարդ էր. Նրա մարմինը շատ գեր էր, շատ ծանր, շատ զգայուն, շատ փափուկ ու քնքուշ, սովոր քաղքենու պահանջներին և ախորժակներին. մի խոսքով, Սանչո-Պանսայի նման մեծ փորով և կարճլիկ ոտքերով։

Դոն Կիխոտը և Սանչո Պանսան նույն անձնավորության մեջ, կարող եք երևակայել, թե որքան դժվար պետք է լիներ նրանց համար ապրել նույն հարկի տակ։ Ի~նչ ճակատամարտեր, ինչպիսի~ երկպառակություն։ Ահա մի երկխոսություն, որ արժանի է Լուկիանոսի կամ Սենտ-Եվրեմոնի գրչին, մի խոսակցութուն, որ տեղի է ունենում Տարտարեն-Կիխոտի և Տարտարեն-Սանչոյի միջև։

Տարտարեն-Կիխոտը, ոգևորված Գուստավ Էմարի պատմություններով, գոռում էր. «Ես գնում եմ»։

Տարտարեն-Սանչոն, մտածելով միայն հոդացավի մասին, պատասխանում էր. «Ես մնում եմ»։

Տարտարեն-Կիխոտը (սաստիկ ոգևորված).- Տարտարեն, ծածկիր ճակատդ փառքի պսակով։

Տարտարեն-Սանչոն (բոլորովին հանդարտ).- Տարտարեն, ծածկվիր ֆլանելով, կմրսես։

Տարտարեն-Կիխոտը (ավելի ոգևորված).- Ի~նչ սքանչելի երկփողանի հրացաններ, լասոներ…

Տարտարեն-Սանչոն (ավելի և ավելի հանդարտ).- Ի~նչ հրաշալի բրդե բաճկոններ, ի~նչ տաք գուլպաներ, ի~նչ ապահով գլխարկներ։

Տարտարեն-Կիխոտը (բոլորովին կատաղած).- Կացի՛ն, մի կացին տվեք ինձ։

Տարտարեն-Սանչոն (աղախնին ձայն տալով).- Ժանեթ, շոկոլադս բե՛ր։

Եվ ապա ներս է մտնում Ժանեթը, բերելով սքանչելի շոկոլադ՝ տաք-տաք, անուշահոտ, հետն էլ անիսոնի կարկանդակներ, որոնց տեսքն անասելի ուրախություն է պատճառում Տարտարեն-Սանչոյին, խլացնելով Տարտարեն-Կիխոտի բողոքները։

Ահա թե ինչպես էր եղել, որ Տարասկոնցի Տարտարենը երբեք դուրս չէր եկել Տարասկոնից։