ԳլխավորՄի կտոր գիրք

«Կոմս Մոնտե — Քրիստո». Ալեքսանդր Դյումայի ծննդյան օրն է

Ֆրանսիացի գրող, դրամատուրգ և լրագրող Ալեքսանդր Դյումայի (24 հուլիսի, 1802 – 5 դեկտեմբերի, 1870) ծննդյան օրն է։ Ներկայացնում ենք հատվածներ նար «Կոմս Մոնտե — Քրիստո» վեպից։

***

Մի գեղեցիկ դեռատի աղջիկ, ձյութի պես սև մազերով, գազելի թավշյա աչքերով, կանգնած էր միջնորմին հենված և իր նուրբ, կարծես անտիկ արձանագործի ձեռքով հղկած մատների մեջ փետտում էր հավամրգու անմեղ մի ոստ. պոկված ծաղիկներն ու տերևներն արդեն ծածկել էին հատակը։ Նրա արևառ, բայց կարծես Առլի Վեներայի բազուկներից ընդօրինակված թևերը, որ մինչև արմունկները մերկ էին, դողում էին հուզմունքից, իսկ իր գողտրիկ ոտիկով նա անհամբեր տկտկացնում էր հատակը, այնպես, որ կարելի էր տեսնել բարեկազմ գեղեցիկ սրնքամասերը, որ պրկված էին գորշ ու կապույտ սլաքներ ունեցող կարմիր գուլպաների մեջ։

Նրանից երեք քայլ հեռու, աթոռի վրա ճոճվելով, արմունկը հին կոմոդին հենած, մի քսան-քսաներկու տարեկան վայելչակազմ կտրիճ անհանգիստ ու վրդովված նրան էր նայում։ Երիտասարդի աչքերը հիացմունք էին արտահայտում, սակայն աղջկա վճռական ու անհողդողդ հայացքը սաստում էր զրուցակցին։

— Լսիր, Մերսեդես, շուտով զատկի տոնն է, հարսանիքի իսկական ժամանակը… Դե՛հ, պատասխան տուր ինձ։

— Ես արդեն հարյուր անգամ քեզ պատասխանել եմ, Ֆերնան, և դու ինքդ քո թշնամին ես, եթե նորից ես ինձ հարցնում։

— Որ այդպես է, նորից կրկնիր, խնդրում եմ, նորից կրկնիր, որ հավատամ։ Հարյուրերորդ անգամ ասա, թե մերժում ես իմ սերը, որ մայրդ օրհնել է։ Ստիպիր ինձ հասկանալ, որ խաղ ես անում իմ երջանկության հետ, որ իմ կյանքը կամ մահը քեզ համար ոչինչ է։ Աստվա՜ծ իմ, տասը տարի երազեմ քո ամուսինը դառնալ, Մերսեդես, և հանկարծ կորցնե՜մ այն հույսը, որ կյանքիս միակ նպատակն է եղել։

— Համենայնդեպս, ես չեմ քեզ հուսադրել,— պատասխանեց Մերսեդեսը,— դու ինձ չես կարող կշտամբել, թե երբևէ գայթակղել եմ քեզ։ Ես միշտ ասել եմ, որ քեզ սիրում եմ եղբոր պես։ Ինձնից մի պահանջիր ոչինչ, բացի այդ եղբայրական մտերմությունից, որովհետև իմ սիրտը ուրիշին է տրված։ Մի՞թե ես այդ չեմ ասել, Ֆերնան։

— Գիտե՛մ, գիտե՛մ, Մերսեդես,— ընդհատեց երիտասարդը։— Այո՛, դու միշտ էլ իմ նկատմամբ դաժան լինելու չափ անկեղծ ես եղել, բայց մոռանում ես, որ կատալանցիների համար սրբազան օրենք է միայն կատալանցու հետ ամուսնանալը։

— Սխալվում ես, Ֆերնան, դա օրենք չէ, այլ պարզապես սովորություն և, հավատա ինձ, դու հարկ չունես այդ սովորությունը վկայակոչելու։ Դու վիճակ ես հանել, Ֆերնան։ Եթե հիմա դեռ ազատ ես, ապա վաղը կարող են քեզ զենքի կոչել։ Իսկ երբ զինվոր գնաս, ի՞նչ պիտի անես խեղճ աղջկան, թշվառ ու անփորձ որբուհուն, որը չունի ոչինչ, բացի իր փլվող խրճիթից, ուր կախված են մի քանի հին ուռկաններ, ողորմելի մի ժառանգություն, որ հայրս թողել է մորս, մայրս էլ՝ ինձ։ Ահա մի տարի է, ինչ մայրս մեռել է, և մտածիր, Ֆերնան, չէ՞ որ ես գրեթե ողորմությամբ եմ ապրում։

Երբեմն դու այնպես ես ցույց տալիս, որ իբր թե քեզ օգնում եմ, և դա նրա համար, որ իրավունք ունենաս ձկան որսիցդ ինձ բաժին հանելու։ Եվ ես դա ընդունում եմ, որովհետև հայրդ հորեղբայրս է եղել, որովհետև մենք միասին ենք մեծացել, և մանավանդ այն պատճառով, որ մերժումս քեզ շատ կվշտացներ։ Սակայն ես զգում եմ, որ քո տված ձկան վաճառքից ստացածս փողը, որով մանելու վուշ եմ առնում, պարզապես ողորմություն է։

— Մի՞թե ինձ համար մեկ չէ, Մերսեդես։ Դու, որ աղքատ ես ու միայնակ, ինձ համար ավելի թանկ ես, քան Մարսելի ամենագոռոզ նավատիրոջ կամ բանկիրի աղջիկը։ Աղքատներիս ի՞նչ է հարկավոր, եթե ոչ ազնիվ կին ու լավ տնտեսուհի։ Իսկ քեզանից լավը ո՞րտեղից կգտնեմ։

— Ֆերնան,— պատասխանեց Մերսեդեսը, գլուխը շարժելով,— կինը կարող է վատ տնտեսուհի դառնալ և չի կարող ասել, թե անհավատարիմ կլինի, եթե սիրում է ոչ թե ամուսնուն, այլ ուրիշի։ Բավականացիր բարեկամությամբ, որովհետև, նորից եմ ասում, դա բոլորն է, որ կարող եմ քեզ խոստանալ, իսկ ես խոստանում եմ միայն այն, ինչ կարող եմ անպայման անել։

— Հասկանում եմ,— ասաց Ֆերնանը,— դու քո աղքատությունը համբերությամբ տանում ես, բայց իմինից վախենում ես։ Դե, ուրեմն, իմացած եղիր, Մերսեդես, եթե դու ինձ սիրես, ես կսկսեմ բախտս փորձել։ Դու ինձ հաջողություն կբերես, և ես կհարստանամ։ Ես ձկնորս չեմ մնա, կարող եմ գրասենյակային ծառայող դառնալ, ես էլ կարող եմ առևտրով զբաղվել…

— Ոչ մի այդպիսի բան չես կարող անել։ Դու զինվոր ես, և եթե հիմա գտնվում ես Կատալանիում, ապա միայն այն պատճառով, որ պատերազմ չկա։ Շարունակիր մնալ ձկնորս, մի կառուցիր օդային ամրոցներ, որոնցից հետո իրականությունը քեզ ավելի ծանր կթվա և բավականացիր իմ բարեկամությամբ։ Ուրիշ ոչ մի բան քեզ տալ չեմ կարող։

— Այո, դու իրավացի ես, Մերսեդես, ես նավաստի կդառնամ։ Պապենական հագուստիս փոխարեն, որը դու արհամարհում ես, կգնեմ լաքած գլխարկ, կհագնեմ զոլավոր մայկա և խարսխազարդ կոճակներով կապույտ բաճկոնակ։ Չէ՞ որ այդպես պետք է հագնված լինի նա, ով ցանկանում է քեզ դուր գալ։

— Ի՞նչ ես ուզում ասել,— հարցրեց Մերսեդեսը, հպարտ արհամարհանքով նայելով նրան։— Ի՞նչ ես ուզում ասել, քեզ չեմ հասկանում։

— Ուզում եմ ասել, Մերսեդես, որ դու իմ նկատմամբ այդքան խիստ ու դաժան ես միայն այն պատճառով, որ սպասում ես մի մարդու, որ հագնված է ասածիս պես։ Բայց նա, ում դու սպասում ես, գուցե և անկայուն է, և եթե ոչ ինքը, ապա ծովն է անկայուն նրա համար։

— Ֆերնան,— գոչեց Մերսեդեսը,— կարծում էի, թե դու բարի ես, բայց սխալվել եմ։ Դու չար ես, եթե խանդիդ համար օգնության ես կանչում աստծո զայրույթը։ Այո, չեմ թաքցնում։ Ես սպասում ու սիրում եմ նրան, ում մասին խոսում ես, և եթե նա չվերադառնա, ես նրան չեմ մեղադրի անկայունության մեջ, այլ կասեմ, որ ինձ սիրելով է մեռել։

Կատալանցին կատաղաբար սեղմեց բռունցքները։

— Ես քեզ հասկացա, Ֆերնան, դու ուզում ես նրանից վրեժ առնել այն բանի համար, որ քեզ չեմ սիրում։ Դու ուզում ես խաչաձևել կատալանյան դանակը նրա դաշույնի հետ։ Հետո՞ ինչ։ Կզրկվես բարեկամությունից, եթե հաղթվես, իսկ եթե հաղթես՝ բարեկամությունը կփոխվի ատելության։ Հավատա ինձ, որևէ մեկի հետ կռվելու առիթ փնտրելը վատ միջոց է նրան սիրող կնոջը դուր գալու համար։ Ո՛չ, Ֆերնան, դու անձնատուր չես լինի վատ մտքերի։ Քանի որ ես չեմ կարող կինդ լինել, դու կսովորես ինձ նայել իբրև բարեկամի, իբրև քրոջ։ Իսկ բացի դրանից,— ավելացրեց նա արցունքներից թացացած,— աչքերով մի՛ շտապիր, Ֆերնան։ Հենց նոր դու ինքդ ասացիր, թե ծովը նենգ է, և ահա չորս ամիս է, որ նա գնացել է, իսկ չորս ամսվա մեջ ես շատ փոթորիկներ եմ համրել։

Ֆերնանը մնաց անտարբեր, չջանաց սրբել Մերսեդեսի այտի վրայով հոսող արցունքները, մինչդեռ պատրաստ էր նրա ամեն արցունքի համար մի բաժակ արյուն տալ։ Այդ արցունքները թափվում էին ուրիշի համար։

***

Այդ ջահերի լույսով Դանտեսը տեսավ, թե ինչպես էին փայլում չորս ժանդարմի հրացաններն ու թրադաշույնները։ Նա ուզում էր առաջ նետվել, բայց տեսնելով այդ ուժեղացված պահակախումբն՝ իսկույն կանգ առավ։

— Եկել եք ինձ տանելո՞ւ։

— Այո,— պատասխանեց ժանդարմներից մեկը։

— Թագավորական դատախազի օգնականի՞ հրամանով։

— Իհարկե։

— Լավ,— ասաց Դանտեսը,— ես պատրաստ եմ ձեզ հետևելու։

Այն համոզումը, թե իրեն եկել են տանելու դը Վիլֆորի անունից, միանգամայն փարատեց խեղճ պատանու երկյուղը։ Հանգիստ ու համարձակ նա դուրս եկավ և ինքը տեղ գրավեց ժանդարմների մեջտեղում։ Բանտի դռան առաջ մի կառեթ էր կանգնած։ Նստիքին նստած էր կառապանը, սրա կողքին՝ մի կատարածու ոստիկան։

— Այս կառեթն ի՞նձ համար է,— հարցրեց Դանտեսը։

— Ձեզ համար է,— պատասխանեց ժանդարմներից մեկը։— Նստեք։

Դանտեսը ցանկացավ առարկել, բայց դռնակը բացվեց, և նրան ներս հրեցին։ Նա չէր կարող և չէր էլ ուզում դիմադրել։ Մի ակնթարթում նա իրեն գտավ հետևի նստարանի վրա, երկու ժանդարմի արանքում։ Մյուս երկու ժանդարմները նստեցին նրա դիմաց, և ծանր կառեթը առաջ շարժվեց չարագուշակ դղրդոցով։ Կալանավորը նայեց կառեթի լուսամուտներին, որոնք պատած էին երկաթյա ճաղերով։ Նա միայն փոխել էր բանտը։ Նոր բանտանիվներ ուներ և շարժվում էր անհայտ ուղղությամբ։ Խիտ երկաթաճաղերի արանքից, որտեղից ձեռքը հազիվ կարող էր մտնել Դանտեսն այնուհանդերձ կարողացավ տեսնել ու հասկանալ, որ իրեն տանում են Կեսրի փողոցով, իսկ այնուհետև Սեն Լորան ու Տարամիս փողոցներով սկսեցին իջնել դեպի ծովափը։

Շատ չանցած, լուսամուտի ճաղերի և այն հուշարձանի ցանկապատի արանքից, որի մոտով անցնում էին, նա տեսավ նավահանգստյան վարչության ճրագները։ Կառեթը կանգ առավ, կատարածու ոստիկանը ցած իջավ նստիքից ու մոտեցավ պահականոցին։ Այդտեղից դուրս եկան տասի չափ զինվորներ և կանգնեցին երկու շարք կազմած։ Նրանց հրացանները փայլփլում էին ծովեզերքին վառվող լապտերների լույսի տակ։ «Մի՞թե այդ ամենը ինձ համար է»,— մտածեց Դանտեսը։ Բանալիով բացելով դռնակը, կատարածուն լռելյայն պատասխանեց այդ հարցին, քանզի Դանտեսը զինվորների երկու շարքերի արանքում տեսավ իր համար թողնված նեղլիկ ճանապարհը՝ կառեթից մինչև ծովեզերք։ Առջևի նստարանին նստած երկու ժանդարմներն առաջինը դուրս եկան կառեթից, նրանց հետևից իջան Դանտեսը, իսկ այնուհետև մնացած երկուսը, որ նստած էին նրա կողքին։ Բոլորը դիմեցին դեպի նավակ, որ մաքսատան մի ծառայող շղթայով կապել էր ափին։ Զինվորները բութ հետաքրքրությամբ նայում էին Դանտեսին։ Նրան անմիջապես նստեցրին ղեկի մոտ, չորս ժանդարմի մեջտեղում, իսկ կատարածուն նստեց ցռկամասում։ Մի ուժգին հրում նավակը հեռացրեց ափից։ Չորս թիավարներ սկսեցին արագ թիավարել Պիլոնի ուղղությամբ։ Նավակից ձայն տվին, որից հետո նավահանգիստը գոցող շղթան ցած իջավ և Դանտեսը հայտնվեց Ֆրիուլե կոչված տեղում, այսինքն՝ նավահանգստից դուրս։

Թարմ օդի դուրս գալուց հետո կալանավորի առաջին զգացածն ուրախությունն էր։ Օդը գրեթե ազատություն է։ Դանտեսը լիաթոք շնչեց կենարար զեփյուռը, որն իր թևերին առած՝ բերում էր գիշերվա ու ծովի բույրերը։ Սակայն շատ չանցած նա դառնորեն հառաչեց, քանզի անցնում էր «Ռեզերվի» մոտով, ուր դեռևս առավոտյան, ձերբակալվելուց մի րոպե առաջ, այնքան երջանիկ էր, պայծառորեն լուսավորված լուսամուտների միջով նրա ականջին էին հասնում պարեղանակների ուրախ հնչյունները։ Դանտեսը ձեռքերը խաչեց, աչքերն ուղղեց երկնքին ու սկսեց աղոթել։

Նավակը շարունակում էր իր ճանապարհը։ Նա անցավ Մեռյալ Գլխի մոտով, հասավ Ֆարո ծովախորշին ու սկսեց շրջանցել մարտկոցը։ Դանտեսը ոչինչ չէր հասկանում։

— Ո՞ւր են տանում ինձ,— հարցրեց նա ժանդարմներից մեկին։

— Հիմա կիմանաք։

— Սակայն…

— Մեզ արգելված է ձեզ հետ խոսել։

Դանտեսը կիսով չափ զինվոր էր, ուստի անմտություն համարեց հարցուփորձ անել ժանդարմներին, որոնց արգելված էր պատասխանել, ու լռեց։ Այնժամ նրա գլխում խռնվեցին խիստ օտարոտի մտքեր, խարխուլ նավակով հնարավոր չէր հեռու գնալ, շուրջը ոչ մի խարսխված նավ չկար, նա մտածեց, որ երևի իրեն կհասցնեն ծովափին գտնվող որևէ հեռավոր վայր և այնտեղ կասեն, թե ազատ է։ Նրան չէին կապել, ձեռնակապեր դնելու փորձ չէին արել, այդ ամենը նրան լավ նախանշան էր թվում։ Բացի դրանից, չէ՞ որ դատախազի օգնականը, որ այնքան բարի էր ու սիրալիր, նրան ասել էր, որ եթե միայն չտա Նուարտիե ճակատագրական անունը, վախենալու պատճառ չպիտի ունենա։ Չէ՞ որ իր աչքի առաջ Վիլֆորն այրեց վտանգավոր նամակը, այն միակ ապացույցը, որ կար նրա դեմ։

Նա անխոս սպասում էր, թե ինչով կվերջանա այդ ամենը, և ծովայինի աչքերով, որ սովոր են խավարի մեջ չափել տարածությունը, ջանում էր տեսնել շրջապատը։ Ռատոննո կղզին, որի վրա փարոս էր վառվում, մնացել էր նրանց աջ կողմը, և նավակը, ափի մոտով լողալով, մոտեցավ Կատալանի ծովածոցին։ Կալանավորի տեսողությունը ավելի սրվեց. այստեղ էր գտնվում Մերսեդեսը, և ամեն վայրկյան նրան թվում էր, թե խավար ծովափին մի կանացի աղոտ սիլուետ է գծագրվում։ Ինչպես նախազգացումը չշշնջաց Մերսեդեսի ականջին, թե նրա սիրածը երեք հարյուր քայլ է հեռու նրանից։ Ամբողջ Կատալանում միայն մի լուսամուտից էր ճրագի լույս երևում։

Ուշադիր նայելով՝ Դանտեսը համոզվեց, որ դա իր սիրեցյալի սենյակն է։ Միայն Մերսեդեսն էր, որ քնած չէր ամբողջ գյուղում։ Եթե Դանտեսը գոռար, ձայնը կհասներ նրա ականջին։ Բայց կեղծ ամոթը զսպեց նրան։ Ի՞նչ կասեն ժանդարմները, եթե նա մոլեգնածի պես գոռար։ Ուստի բերանը չբացեց և անցավ գյուղի մոտով, աչքը չկտրելով ճրագի լույսից։ Այդ միջոցին նավակը շարունակում էր առաջ շարժվել։ Բայց կալանավորի հոգը նավակը չէր. նա մտածում էր Մերսեդեսի մասին։ Վերջապես լուսավորված պատուհանը ծածկվեց մի ելուստավոր ժայռի հետևում։ Մինչ նա այդպես կլանված էր իր մտքերով, թիերը փոխարինել էին առագաստներով, և նավակը շարժվում էր քամու զորությամբ։ Թեև Դանտեսը չէր ուզում նորից հարցուփորձ անել ժանդարմին, այնուամենայնիվ, նստած տեղը մոտեցավ նրան և ձեռքը բռնելով ասաց.

— Ընկերներ, ապավինելով ձեր խղճին ու զինվորի կոչումին, թախանձում եմ, գթացեք ինձ ու պատասխանեք։ Ես նավապետ Դանտեսն եմ, բարի ու ազնիվ մի ֆրանսիացի, թեև ինձ մեղադրում են ինչ-որ դավաճանության մեջ։ Ո՞ւր եք տանում ինձ։ Ասացեք, ես ծովայինի ազնիվ խոսք եմ տալիս, որ կկատարեմ իմ պարտքը և կհնազանդվեմ ճակատագրիս։

Ժանդարմը քորեց ծոծրակը և իր ընկերոջը նայեց։ Սա մի շարժում արեց, որ երևի պիտի նշանակեր. «Հիմա կարծեմ կարելի է ասել», և ժանդարմը շրջվեց դեպի Դանտեսի կողմը.

— Դուք մարսելցի և ծովային լինելով հանդերձ դեռ հարցնո՞ւմ եք, թե ուր ենք գնում։

— Այո, երդվում եմ պատվովս, որ չգիտեմ։

— Գլխի չե՞ք ընկնում։

— Ոչ։

— Չի կարող պատահել։

— Երդվում եմ աշխարհիս բոլոր սրբություններով։ Ասացեք, ի սեր աստծո։

— Իսկ հրամա՞նը։

— Հրամանը ձեզ չի արգելում ասել այն, ինչ ես, միևնույն է, իմանալու եմ տասը րոպե, կես ժամ կամ մեկ ժամ հետո։ Միայն թե ազատեք ինձ հավիտենական տարակուսանքներից։ Խնդրում եմ ձեզ որպես բարեկամի։ Տեսեք, ես չեմ պատրաստվում ոչ դիմադրելու, ոչ փախչելու։ Եվ առանց այն էլ դա անհնար է։ Ո՞ւր ենք գնում։

— Կամ դուք կուրացել եք կամ երբեք դուրս չեք եկել Մարսելի նավահանգստից, այլապես չեք կարող չկռահել, թե ձեզ ուր են տանում։

— Չեմ կարող։

— Որ այդպես է, ձեր շուրջը նայեք։

Դանտեսը ոտքի կանգնեց, նայեց այն կողմը, դեպի ուր ընթանում էր նավակը, և իր դիմաց, հարյուր սաժենի չափ հեռու, տեսավ մի ուղղաբերձ ժայռ, որի վրա ցցված էր մռայլատեսիլ Իֆ ամրոցը։

***

Եվ Վիլֆորը շտապելով դուրս եկավ։ Բայց հասնելով դռանը՝ նա մտածեց, որ եթե թագավորական դատախազի օգնականին տեսնեն աճապարանոք քայլելիս, ապա դա կարող է վրդովել ամբողջ քաղաքի անդորրը, ուստի սկսեց առաջանալ իր սովորական քայլվածքով։ Հասնելով իր տանը՝ նա խավարի մեջ մի սպիտակ ուրվական տեսավ, որ անշարժ կանգնած նրան էր սպասում։ Սպասողը Մերսեդեսն էր, որը Էդմոնի մասին ոչ մի լուր առած չլինելով, որոշել էր ինքն իմանալ նրան ձերբակալելու պատճառը։ Նկատելով Վիլֆորին՝ նա հեռացավ տան պատից ու կտրեց նրա ճանապարհը։

Դանտեսը Վիլֆորին պատմել էր իր հարսնացուի մասին, ուստի Մերսեդեսը հարկ չուներ իր անունը տալու. Վիլֆորն առանց այդ էլ ճանաչեց նրան։ Դատախազի օգնականին զարմանք պատճառեցին աղջկա գեղեցկությունն ու ազնվական կեցվածքը, և երբ Մերսեդեսը նրան հարցրեց իր փեսացուի մասին, նրան թվաց, թե մեղադրյալն ինքն է, իսկ դատավորը՝ նա։

— Ձեր ասած մարդը ծանր հանցանք է գործել,— պատասխանեց Վիլֆորը,— և ես նրա համար ոչինչ չեմ կարող անել։

Մերսեդեսը հեկեկաց։

Վիլֆորը ցանկացավ հեռանալ, բայց նա կանգնեցրեց նրան։

— Գոնե ասացեք, ո՞ւր է նա,— ասաց Մերսեդեսը,— որպեսզի իմանամ, ո՞ղջ է թե մեռած։

— Չգիտեմ։ Նա այլևս իմ տրամադրության տակ չէ,— պատասխանեց Վիլֆորը։

Մերսեդեսի խորաթափանց հայացքն ու աղաչական ժեստը ճնշող ազդեցություն ունեցան նրա վրա. նա մի կողմ հրեց նրան, մտավ տուն և հետևից դուռը շրխկալով փակեց, կարծես ցանկանալով անջրպետվել այդ աղջկա վշտից։ Բայց վիշտը վանելն այնքան էլ հեշտ չէ։ Վշտից խոցվածը վիշտը իր հետ ման է ածում մահաբեր նետի պես, ինչպես ասում է Վիրգիլիոսը։

Վիլֆորը կողպեց դուռը, բարձրացավ հյուրասենյակ, բայց այստեղ նրա ծնկները ծալվեցին, կրծքից դուրս պրծավ հեկեկանք հիշեցնող մի հառաչանք, և նա ընկավ բազկաթոռի վրա։ Այնժամ այդ հիվանդ հոգում ի հայտ եկան մահացու ախտի առաջին նշանները։ Այն մարդը, որին նա զոհ էր բերել իր փառամոլությանը, ոչ մի մեղք չունեցող այն պատանին, որ տուժել էր նրա հոր մեղքի համար, կանգնեց նրա աչքի առաջ՝ գունատ ու ահարկու, բռնած իր նույնպես գունատ հարսնացուի ձեռքը, խղճի խայթ պատճառելով նրան, ոչ այն խայթը, որից հիվանդը վեր է թռչում, ասես հինավուրց ճակատագրից հալածված, այլ այն խուլ, տանջալից բախյունը, որ ժամանակ առ ժամանակ մարդու սիրտը ծվատում է իր արածի հիշողությամբ և մինչև մահվան դուռը ավելի ու ավելի խորը կրծում նրա խիղճը։

Վիլֆորն ապրեց վարանման ևս մեկ, վերջին րոպե։ Արդեն շատ անգամ, պայքարի պատճառած հուզմունքից բացի ոչինչ չզգալով, նա մահապատիժ էր պահանջել մեղադրյալների համար։ Եվ այդ մահապատիժները, որ ի կատար էին ածվել երդվյալներին կամ դատավորներին հրապուրած նրա շանթարձակ պերճախոսության շնորհիվ, ոչ մի ամպով չէին մռայլել նրա ճակատը, քանզի այդ մեղադրյալները մեղավոր էին կամ, համենայնդեպս, Վիլֆորը նրանց համարել էր մեղավոր։ Բայց այս անգամ բոլորովին այլ բան էր. նա ցմահ բանտարկության էր դատապարտել մի անմեղի, մի անմեղի, որին երջանկություն էր սպասում։ Նա խլել էր նրանից ոչ միայն նրա ազատությունը, այլև երջանկությունը։ Այս անգամ արդեն նա եղել էր ոչ թե դատավոր, այլ դահիճ։ Եվ, մտածելով այդ մասին, նա զգում էր այն տանջալից հարվածները, որ մինչ այդ չէր զգացել. դրանք հնչում էին նրա կրծքում և սիրտը լցնում բնազդական սարսափով։

Ճիշտ այդպես անտանելի ցավը նախազգուշացնում է վիրավորին, և նա երբեք առանց սարսռալու մատը չի դիպցնում թաց ու արյունալի վերքին, քանի դեռ այն չի փակվել։ Սակայն Վիլֆորի վերքն այն վերքերից էր, որ չեն փակվում կամ փակվում են միայն նրա համար, որ նորից բացվեն, պատճառելով առաջվանից ավելի մեծ տանջանքներ։ Եթե այդ րոպեին հնչեր Ռենեի քնքուշ ձայնը, աղերսելով գթալ նրան, եթե չքնաղ Մերսեդեսը ներս մտներ ու ասեր. «Հանուն աստծո, որ տեսնում ու դատում է մեզ, հանուն աստծո աղաչում եմ՝ տվեք ինձ իմ փեսացուին», Վիլֆորը, անխուսափելիությունից գրեթե արդեն պարտված, վերջնականապես կհպատակվեր վերջինիս և իր սառն ձեռքով, ուշադրություն չդարձնելով այն բոլոր վտանգներին, որ կարող էին իրեն սպառնալ, թերևս ստորագրեր Դանտեսին ազատելու հրամանը։ Սակայն ոչ մի ձայն չհնչեց լռության մեջ. և դուռը բացվեց միայն սպասավորին ներս թողնելու համար, որը եկել էր Վիլֆորին զեկուցելու, թե փոստի ձիերը լծված են կառքին։

Վիլֆորը վեր կացավ կամ, ավելի ճիշտ, վեր թռավ ներքին պայքարի մեջ հաղթանակած մարդու պես, վազելով մոտեցավ գրասեղանին, գզրոցներից մեկում պահված բոլոր ոսկիները լցրեց գրպանը, մի անգամ էլ պտույտ գործեց սենյակի մեջ, շփոթված շփելով ճակատը և անկապ խոսքեր քրթմնջալով։ Վերջապես, զգալով, որ սպասավորը թիկնոցը գցեց իր ուսերին, նա դուրս եկավ, ցատկեց կառքի մեջ և կցկտուր հրամայեց գնալ Գրան-Կուր փողոցը, մարքիզ դը Սեն-Մերանի տունը։ Տարաբախտ Դանտեսը դատապարտված էր անդառնալիորեն։

Ինչպես մարքիզ դը Սեն-Մերանը խոստացել էր, Վիլֆորը նրա առանձնասենյակում տեսավ նրա կնոջն ու աղջկան։ Ռենեին տեսնելով՝ երիտասարդը ցնցվեց. նա վախենում էր, որ օրիորդը նորից կսկսի խնդրել Դանտեսի համար։ Բայց, ավաղ, ի նախատինք մեր եսասիրության, պետք է խոստովանել, որ դեռատի աղջկա միտքը զբաղված էր միայն մի բանով՝ իր փեսացուի մեկնումով։ Նա սիրում էր Վիլֆորին, որը մեկնում էր նրանց հարսանիքի նախօրյակին։ Վիլֆորն ինքն էլ չգիտեր, թե երբ կվերադառնա, և Ռենեն, Դանտեսին խղճալու փոխարեն, նզովում էր այն մարդուն, որի հանցագործությունը իրեն բաժանում էր իր փեսացուից, իսկ ինչ էր Մերսեդեսի վիճակը։

Դե-լա-լոժ փողոցի անկյունում նրան սպասում էր Ֆերնանը, որը դուրս էր եկել նրա հետևից։ Մերսեդեսը վերադարձավ Կատալանի և, կիսամեռ ու հուսահատ, ընկավ մահճի վրա։ Այդ մահճի առաջ Ֆերնանը ծունկ չոքեց և, բռնելով նրա սառը ձեռքը, որը Մերսեդեսը ետ չքաշեց, ծածկեց ջերմագին համբույրներով, բայց Մերսեդեսը դրանք չէր էլ զգում։ Այդպես անցավ գիշերը։ Երբ ձեթը վերջացավ, ճրագը մարեց։ Բայց Մերսեդեսը չէր նկատում խավարը, ինչպես չէր նկատել և լույսը, և երբ արշալույսը սկսեց ծագել, նա այդ էլ չնկատեց։ Վիշտը շղարշել էր նրա աչքերը, և նա տեսնում էր միայն Էդմոնին։

— Դու այստե՞ղ ես,— վերջապես հարցրեց նա Ֆերնանին։

— Երեկվանից մոտիցդ չեմ հեռացել,— պատասխանեց Ֆերնանը ցավագին հառաչանքով։