ԳլխավորՄի կտոր գիրք

«Մշկո Մշկոյանի արկածները». Աբել Միքայելյան

«Մշկո Մշկոյանի արկածները» գրքի շնորհանդեսը. 3.02.2022

Փետրվարի 3-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական թատրոնում կայացավ Աբել Միքայելյանի «Մշկո Մշկոյանի արկածները» գրքի («Դարան» հրատարակչատուն) շնորհանդեսը, որն ուղեկցվեց Վարդան Հակոբյանի գեղանկարների ցուցահանդեսով և Արիկ Գրիգորյանի համերգով։

1000 օրինակով տպագրված գրքի խմբագիրը Վարդան Օնանյանն է:

Ներկայացնում ենք հատվածներ գրքից։

***

Ես նախ հետաքրքրվեցի Բեռլինում ապրող ու աշխատող իմ հայենակից բժշկից, թե ինչպես է նա հայտնվել այստեղ։

— Այստեղ շատ հայ երիտասարդ բժիշկներ կան,-կարծես արդարացավ նա,-ոչ միայն Բեռլինում, այլեւ ողջ Գերմանիայում։ Խոսքը հարյուրավորների մասին է։

— Հարյուրավորների՞,- զարմացա ես։

— Այո։

— Եվ ինչպե՞ս է դա ստացվում։

— Ամեն ինչ շատ պարզ է։ Կա ընդամենը մեկ բացատրություն՝ բոլորը ուզում են լավ բժիշկ դառնալ, իսկ Գերմանիան տալիս է այդ հնարավորությունը։

— Իսկ Հայաստանում չի՞ կարելի լավ բժիշկ դառնալ։

— Հասկանո՞ւմ եք, դա մի քիչ դժվար է բացատրել,- Արտաշեսը խնդրեց, որ սուրճը լցնեն ստվարաթղթե բաժակների մեջ,- բժշկությունը համակարգ է։ Վաղուց անցել են անհատ՝ լավ, տաղանդավոր, անգամ՝ հանճարեղ բժիշկների ժամանակները։ Լավ բժիշկը կարող է լավ բժշկել միայն լավ, կայացած համակարգում։

— Եվ Հայաստանում այդ համակարգը կայացած չէ՞։

— Իհարկե կայացած չէ։

— Իսկ գուցե դա այդպես է, որովհետեւ հեռանում են լավագույն մասնագետնե՞րը։

— Իսկ գուցե նրանք հեռանում են, որովհետեւ համակա՞րգը չի կայանում։

Ես զգում էի, որ այս երիտասարդը խոսում էր ցավով, առանց մեծամտության ու ավելորդ ինքնավստահության։ Ու դրա համար էլ հարցրեցի.

— Իսկ ի՞նչ է սպասվում այդ դեպքում։

— Ոչ մի լավ բան, եկեք դուրս գանք ծխենք։

Մենք վերցրինք սուրճի ստվարաթղթե բաժակները եւ դուրս եկանք՝ մաքուր օդին ծխելու։

— Հասկանո՞ւմ եք,- շարունակեց Արտաշեսը,- այսօր Երեւանի բժշկական համալսարանի հարյուր շրջանավարտից իննսունը ուղիներ է փնտրում օրդինատուրան դրսում անցկացնելու համար։ Նրանցից կեսը գտնում է այդ հնարավորությունը։ Իսկ դրանք լավագույն ուսանողներն են, որովհետեւ վատերին դրսում չեն վերցնի։ Դե, հիմա պատկերացրեք, թե ինչ է ստացվում։

— Ես կարծում եմ, որ Դուք չափազանցնում եք։

— Եթե անգամ ես չափազանցնում եմ կիսով չափ, թեպետ դա այդպես չէ, միեւնույն է՝ իրականությունը ավելի լավը չի դառնում։

— Իսկ նրա՞նք, որոնք ուղիներ չեն փնտրում դուրս գնալու համար։

— Նրանք հիմնականում ապահովված ընտանիքներից են եւ կարող են մի քանի տարի աշխատել նույնիսկ անվճար։

— Այսինքն, հիմնական խնդիրը փո՞ղն է։

— Իհարկե, նաեւ։ Պատկերացրեք ինձ նմանների վիճակը. ես Տավուշից եմ, իմ ծնողները հասարակ գյուղացիներ են։ Նրանք մի կերպ հոգացին իմ ուսման ծախսերը, բայց այլեւս չէին կարող։ Ես սիրում եմ ծնողներիս, սիրում եմ ժողովրդիս ու իմ հայրենիքը, բայց ես նաեւ պետք է փող աշխատեմ, ու, որ կարեւորն է, ես ուզում եմ լավ բժիշկ դառնալ։

***

Այս գրքում ես առիթ ունեցել եմ խոսելու այն մասին, թե ո՞րն է կայացած պետությունը։ Ըստ իս, դա այն պետությունն է, որտեղ քաղաքացիների, հատկապես երիտասարդների մասնակցությունը քաղաքական կյանքին սահմանափակվում է ընտրություններին նրանց մասնակցությամբ։ Չորս կամ հինգ տարին մեկ նրանք ընտրում են իրենց նախընտրած քաղաքական ուժին, իհարկե՝ ցանկալի է, նախապես ծանրութեթեւ անելով իրենց ընտրությունը, ու քաշվում են մի կողմ՝ մինչեւ հաջորդ ընտրություններ։

Եթե այդ չորս կամ հինգ տարիների ընթացքում հասկանում են, որ իրենց ընտրությունը սխալ է եղել, ապա այն շտկում են հաջորդ ընտրությունների ժամանակ, իսկ եթե ոչ, ապա՝ ոչ։ Այսքանը։ Մնացած ժամանակ քաղաքացիները զբաղվում են իրենց գործով՝ օրենքների ընդունումը եւ պետության կառավարումը թողնելով նրանց, ում ընտրել են։

Սա է կայացած պետության մոդելը, որը, ավա~ղ, մեծ տոկոս չի կազմում աշխարհում։ Պետությունները, որոնք հասել են սրան, անշուշտ դժվարին, երկար ու ձիգ ճանապարհ են անցել, շատ պետություններ դեռ ճանապարհի կեսին են, շատերը՝ սկզբին, որոշներն էլ դեռ ճամփա չեն ընկել։ Բայց բոլոր այդ պետություններում ապրում են ժողովուրդներ, ովքեր իրենք են տնօրինում իրենց ու իրենց պետության ճակատագիրը։ Իհարկե ամբողջության մեջ, ոչ՝ առանձին-առանձին։ Իսկ առանձին-առանձին իրենց եւ իրենց պետության ճակատագիրը պետք է տնօրինեն մարդիկ՝ քաղաքացիներ, որոնցից հատկապես երիտասարդները ոչ մի դեպքում իրավունք չունեն անտարբեր լինելու ու մի կողմ քաշվելու։

***

Դե ինչ, մտածեցի, մնում է հուսալ, որ սեւուկ այս աղջնակը հաջողությամբ կավարտի ուսումը, կդառնա հրաշալի կառավարիչ եւ շատ չի հիասթափվի, երբ հասկանա, որ այն, ինչ մտածում է հիմա, երբեւէ հնարավոր չի լինելու կյանքի կոչել։ Կամ գուցե ես սխալվո՞ւմ էի, գուցե նրան եւ նրա նման երիտասարդների հաջողվի՞ աշխարհի կեղտոտ փողերն ուղղել մաքուր նպատակների։

— Իսկ դո՞ւ ինչ կասես,-դիմեցի շիկահեր տղային՝ հայելու մեջ նայելով նրան։

— Ինձ համար կարեւորն ազատությունն է։

— Ո՞ւմ ազատությունը։

— Իմ եւ բոլորի։ Բայց ես կարծում եմ, որ յուրաքանչյուրն ինքը պիտի մտածի իր ազատության մասին։

— Իսկ ո՞րն է այդ ազատությունը։

— Ես նկատի չունեմ ձեռնաշղթաները։ Այսինքն՝ ֆիզիկական ազատությունը։ Ինձ թվում է, որ պակաս կարեւոր չէ մարդու մտքի եւ հոգու ազատությունը։

— Եվ ինչպե՞ս է դրսեւորվում եւ ո՞ւր է տանում այդ ազատությունը։

— Ես չեմ մտածում այդ մասին։ Ու հենց դա է ազատությունը։ Ես պարզապես ապրում եմ ազատ, անում եմ այն, ինչ ուզում եմ, մտածում եմ այնպես, ինչպես ուզում եմ, գնում եմ այնտեղ, ուր ուզում եմ։ Բայց միաժամանակ հարգում եմ մյուսների ազատությունը…