Մենք մտահոգված ուսանողներ ենք, ապակուսակցական, ոչ մի քաղաքական կողմնորոշում չունենք։ Մեր խնդիրն ենք համարել բարձրաձայնել այն խնդիրների մասին, որոնք կան ՀՀ-ում, Ազգային ժողովի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեցին ակցիա իրականացնող ԵՊՀ ուսանողները։
Ուսանողները ստորագրահավաք են իրականացրել, որով իշխանություններից պահանջում են կասեցնել սահմանազատման գործընթացը և գործել Սահմանադրությանը համապատասխան։
«Ստորագրահավաք ենք իրականացրել, 212 հոգի այս պահին ստորագրել է»,-լրագրողներին ասաց ԵՊՀ ուսանողուհին՝ նշելով, որ իրենց են միացել նաև Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից։
«Նույն պահանջով այս պահին մեր սրբազան հայրերից մեկը Կիրանցից երթ է սկսել և վաղն արդեն կլինի Երևանում։ Մեր պահանջն, ըստ էության, նույնն է։ Դիմում ենք ԱԺ-ին, որ կասեցնեն այդ գործընթացը»,-ասաց ուսանողուհին։
Մայիսի 4-ին Տավուշի մարզի Կիրանց գյուղից դեպի Երևան մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը, որը առաջնորդում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
«Իրենց (ՀՀ իշխանությունների) գործը միակողմանի սահմանազատում անելն էր, իսկ մեր գործը`այդ ընթացը կասեցնելն է։ Մենք կարևոր թեզ ունենք` հոգին հաղթելու է «դուխին», եռագույնն էլ հաղթելու է սևին և սպիտակին»,– մեկնարկից առաջ հայտարարեց Բագրատ սրբազանը։
Երթի մասնակիցները Երևան կհասնեն մայիսի 9-ին, որտեղ ժամը 16-ին նախատեսում են համազգային հանրահավաք անցկացնել։