ԳլխավորԼուր

Երևանի պետական համալսարանը 102 տարեկան է. Գեղամ Գևորգյանի ուղերձը

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով՝ դիմելով բոլոր համալսարանականներին։

«Սիրելի՛ համալսարանականներ,

Այսօր բոլորս նշում ենք Երևանի պետական համալսարանի 102-ամյակը։ Սա տոնական օր է ոչ միայն համալսարանականների՝ ներկա ու նախկին ուսանողների, դասախոսների և գիտնականների համար, այլև ողջ Հայաստանի, որովհետև Մայր բուհը Հայաստանի ամենակարևոր խորհրդանիշներից է, և պատահական չէ, որ համալսարանի տարիքը գրեթե համընկնում է նոր շրջանի Հայաստանի պետականության տարիքի հետ։

Այսօր մենք բոլորս ապրում ենք բախտորոշ և ծանր ժամանակաշրջանում, բայց համալսարանին չես զարմացնի դրանով. սկսած հիմնադրման օրվանից՝ Երևանի պետական համալսարանը վերապրել է Հայաստանի բոլոր բախտորոշ ժամանակաշրջանները՝ մշտապես դառնալով նրանց հաղթահարման առաջամարտիկը։

Այդպես եղել է միշտ. Ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդն իր մեջքն ուղղել է կրթությամբ, գիտությամբ ու մշակույթով, երեսունականների մղձավանջի և Հայրենական պատերազմի հետևանքների հաղթահարումը, վաթսունականների վերածնունդը, յոթանասունականների ծաղկումը, ութսունականների ազատության ոգին, Արցախյան առաջին պատերազմի հաղթանակը և հետպատերազմյան տարիների հաղթահարումը Հայաստանում հնարավոր չէ պատկերացնել՝ առանց Երևանի պետական համալսարանի մասնակցության։

Այսօր մեր երկիրը գտնվում է ծանր իրավիճակում. դեռևս չեն հաղթահարվել 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները, և անամոք է զոհված ու անհետ կորած համալսարանականների կորուստը։ Երբեք համալսարանը ոչինչ չի խնայել և չի խնայի Հայաստանի անվտանգության համար։ Դրա վկայությունը հերոսացած համալսարանականներն են, որոնք անցած հարյուր տարում իրենց կյանքը նվիրել են հայրենիքին, և որոնց հիշատակի առջև մենք մշտապես խոնարհվելու ենք։

Սակայն պետք է գիտակցել նաև, որ ծանր ժամանակաշրջաններն ինքնըստինքյան չեն հաղթահարվում, այլ միշտ անհրաժեշտ են լինում ամենօրյա տքնաջան աշխատանք, կարգապահություն, անձնվիրություն։ Առաջիկայում Երևանի պետական համալսարանն իր աշխատանքով կրկին ապացուցելու է իր նվիրվածությունը պետականությանը և ազգային արժեքներին։

Սիրելի՛ համալսարանականներ, մաղթում եմ բոլորիս տոկունություն և կամք՝ առաջիկա ծանր ու տքնաջան աշխատանքի համար, և փառք բոլոր հերոսներին»։

Հավելենք, որ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեղամ Գևորգյանը ավելի վաղ հրաժարական էր ներկայացրել՝ խնդրելով ազատել իրեն ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականություներից մայիսի 17-ին։

Comment here