ԳլխավորԼուր

«Ներառումը արվեստի միջոցով». ԵՊՀ-ում մեկնարկել է միջազգային եռօրյա գիտաժողովը

«Ներառումը արվեստի միջոցով» խորագրով գիտաժողով ԵՊՀ-ում

«Ներառումը արվեստի միջոցով» խորագրով գիտաժողովը կազմակերպվել է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի, «ShareMusic & Performing Arts», «Գլոբալ կամպուս Կովկաս», «Մարդու իրավունքների գլոբալ կամպուս» և «Right Livelihood» կազմակերպությունների համագործակցության շրջանակում։

Գիտաժողովն անցկացվում է «Կատարողական արվեստի փոխանակում-2» նախագծի շրջանակում, որի նպատակն է ստեղծել մարդու իրավունքներն արվեստի միջոցով ուսումնասիրող միջոլորտային կայուն համագործակցություն։ Նախագիծը համատեղ իրականացնում են Երևանի պետական համալսարանը, «ShareMusic & Performing Arts» գեղարվեստական զարգացման ու ներառականության գիտելիքների շվեդական և Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնները։

«Ներառումը արվեստի միջոցով» խորագրով գիտաժողով ԵՊՀ-ում
«Ներառումը արվեստի միջոցով» խորագրով գիտաժողով ԵՊՀ-ում

Բացի հիմնական հիմնական ելույթներ ներկայացնելուց՝ գիտաժողովի ժամանակ անցկացվել են նաև պանելային քննարկումներ և սեմինար-դասընթաց, որի շրջանակում բանախոսներն անդրադարձել են այնպիսի հարցերի, ինչպիսիք են հաշմանդամության ու ներառման քաղաքականությունը, մարդու իրավունքների պաշտպանության ներկայիս վիճակը, տեսլականներն ու զարգացումները:

ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Մարտիրոսյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ գիտաժողովի նպատակները արվեստի միջոցով տեսական և գործնական հիմնահարցերի վերհանումն ու քննարկումն են:

«Արվեստի դերը կարևորվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Այս ծրագիրը կյանքի է կոչվել մեր գործընկեր «Գլոբալ կամպուսի» հետ երկարամյա համագործակցության շնորհիվ, որն ընդգրկում է կրթությունը, մարդու իրավունքները և հասարակական կյանքի կարևոր այլ բնագավառներ: Ուրախ ենք, որ ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում իրականացվող «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում Կովկասում» կրթական ծրագիրը՝ Գլոբալ կամպուսի տարածաշրջանային մագիստրոսական 8 ծրագրերից մեկը, հաջողությամբ իրականացվում է համալսարանում»,- նշեց Վ. Մարտիրոսյանը՝ հույս հայտնելով, որ այս համագործակցությունը կլինի շարունակական:

Նա հիշեցրեց, որ «Մարդու իրավունքների գլոբալ կամպուս» և «Right Livelihood» կամակերպություններն սկսել են համագործակցել 2019 թվականից, երբ կատարել են համատեղ հետազոտություն, որի նպատակն էր երեխաների ներառումը ակադեմիական ծրագրերում։ Իսկ այս գիտաժողովը համագործակցության արդյունքների և գրանցած հաջողությունների վառ օրինակներից է:

Մարդու իրավունքների գլոբալ կամպուսի գլխավոր քարտուղար Մանֆրեդ Նովակը, խոսելով մարդու իրավունքներին առնչվող թեմաներից, նշեց, որ կազմակերպությունը կենտրոնանում է մարդկանց կյանքի որակի, իրավունքների վրա։

«Ներառումը արվեստի միջոցով» խորագրով գիտաժողով ԵՊՀ-ում
«Ներառումը արվեստի միջոցով» խորագրով գիտաժողով ԵՊՀ-ում

«21-րդ դարում մենք բախվում ենք այնպիսի սպառնալիքների (կլիմայի փոփոխությանը, մոլորակին, արհեստական բանականությանը, թվայնացմանն առնչվող խնդիրներ), որոնք համընդհանուր են, սակայն առաջին հերթին այդ մարտահրավերներն ազդում են երեխաների վրա: Ուստի, մենք աջակցում ենք երեխաներին, ապահովում նրանց իրավունքների պաշտպանությունը, քանի որ, օրինակ, 50 տարի հետո հենց նրանք են ապրելու ստեղծված պայմաններում: Այս համատեքստում մենք բազմաթիվ աշխատանքներ ենք կատարել՝ աջակցելով պատերազմների պատճառով հոգեբանական տրավմաներ ստացած բազմաթիվ երեխաների: Անչափ հուզիչ էր այն, թե ինչպես են երեխաներն արվեստի միջոցով ցույց տալիս իրենց տրավմատիկ փորձառությունը, որը ձեռք էին բերել մարդու իրավունքների խախտման արդյունքում»,- ասաց Մանֆրեդ Նովակը:

«ShareMusic & Perfromin Arts»-ի գործադիր տնօրեն Սոֆյա Ալեքսանդերշոն, անդրադառնալով կազմակերպության գործունեությանը, շեշտեց, որ իրենք աշխատում են հաշմանդամություն ունեցող մարդկանց խմբերի հետ և իրենց մոտեցումն է, որ բոլորն ունենան հավասար իրավունքներ և ակտիվ լինեն արվեստում:

«Երբ խոսում ենք ներառական մոտեցման մասին, մեզ հետաքրքրում է՝ ինչպես անել, որ բոլորն էլ ունենան հավասար իրավունքներ հասարակության մեջ: Երբեմն երեխաները կամ չափահասները չեն կարողանում խոսել, սակայն նրանք կարող են «խոսել» ու «արտահայտվել» արվեստի միջոցով: Ուստի, մենք մշակում ենք մեր աշխատանքային մեթոդներն այնպես, որ կարողանանք ներառել նաև հաշմանդամություն ունեցող անձանց և ընդլայնել նրանց մասնակցությունը հասարակության մեջ»,- ընդգծեց Սոֆյա Ալեքսանդերշոն:

Նշենք, որ ծրագրի շրջանակում բեմադրվել է «Իմ կոնվենցիան» միջազգային ներկայացումը, մշակվել «Ներառումը արվեստի միջոցով» երեխաների իրավունքների ուսուցման ձեռնարկը, որը նախատեսված է հանրակրթական դպրոցների ուսուցիչների, ինչպես նաև թեմայով հետաքրքրված այլ մասնագետների համար:

«Ներառումը արվեստի միջոցով» խորագրով գիտաժողով ԵՊՀ-ում
«Ներառումը արվեստի միջոցով» խորագրով գիտաժողով ԵՊՀ-ում

«Ձեռնարկը ստեղծվել է հայ և արտասահմանյան հեղինակների հետ համատեղ՝ հիմնվելով ներառականություն, երեխաների իրավունքներ և արվեստ հասկացությունների վրա: Ձեռնարկում կան երեխայի իրավունքներին առնչվող տեսական և գործնական նյութեր, առաջադրանքներ: Այն հնարավորություն է տալիս «Արվեստ» առարկայի ուսուցիչներին տարբեր գործնական աշխատանքների միջոցով ստանալու առարկայական ցանկալի վերջնարդյունք»,- նշեց Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի փոխտնօրեն, «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում Կովկասում» մագիստրոսական կրթական ծրագրի ադմինիստրատիվ համակարգող Լիլիթ Միրզոյանը:

Գիտաժողովի ժամանակ հիմնական ելույթներով են հանդես եկել «Right Livelihood»-ի դափնեկիր, մարդու իրավունքների ոլորտի մասնագետ Մարտ Ուանդուն և «ShareMusic & Perfromin Arts»-ի գործադիր տնօրեն, ռեժիսոր Նայջել Օսբորնը:

Գիտաժողովին մասնակցել են նաև երեխա-խոսնակներ, որոնք իրենց տեսանկյունից մեկնաբանել են ներառմանն առնչվող գաղափարները:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, ինչպես նաև պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, հետազոտողներ, փորձագետներ:

Հավելենք, որ գիտաժողովը կշարունակվի նաև ս.թ. մարտի 7-ին և 8-ին։