ԳլխավորԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

ԵՊՀ-ում բակալավրական նոր ծրագիր է գործարկվում

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնը 2020 թ. սեպտեմբերից գործարկելու է «Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ» բակալավրական կրթական նոր ծրագիրը, որի անհրաժեշտության և հեռանկարների վերաբերյալ Քնար Միսակյանը զրուցել է ամբիոնի վարիչ, ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Արշակ Վարդանյանի հետ:

— Պարո՛ն Վարդանյան, ինչո՞ւ և ինչպե՞ս որոշվեց ստեղծել կրթական այս նոր ծրագիրը:

— Բակալավրական կրթական այս ծրագրի ստեղծմանը մենք վաղուց ենք նախապատրաստվել: Ծրագրի իրականացման հիմնական խթանն այն փաստն է, որ աշխարհում այսօր նյութական, մտավոր և ֆինանսական հսկայական ռեսուրսներ են ներառվում նանոգիտության և նանոտեխնոլոգիաների բնագավառներ, քանի որ կիրառական ձեռքբերումները մարդկային կյանքի բոլոր ոլորտներում հսկայական են և խոստանում են գայթակղիչ նոր հեռանկարներ:

Կրթական ծրագրի ստեղծումը մեզ հեշտությամբ չի տրվել, սակայն պետք է փաստել, որ դրա իրականացումը խոշոր հրամայական է մեր երկրի համար, ինչի վկայությունն է նաև զարգացած երկրների փորձը: Այս առումով նշեմ թեկուզև հետևյալ փաստը. դեռևս 1995 թ. ԱՄՆ պաշտպանության նախարարին ուղղված զեկուցման մեջ ասվում է, որ ուսումնասիրելով առաջատար գիտական հետազոտությունների լաբորատորիայի ներկայացրած տվյալները՝ կարելի է կատարյալ համոզվածությամբ պնդել, որ նանոտեխնոլոգիաներն ի վիճակի են արմատապես փոխելու ուժերի հարաբերակցությունն ավելի մեծ չափով, քան միջուկային զենքը:

Աշխարհի առաջատար երկրներն արդեն հսկայական միջոցներ են ներդրել այս ուղղությամբ կրթության և գիտական հետազոտությունների իրականացման համար: Մեր ամբիոնը և գիտահետազոտական լաբորատորիան ևս հիմնականում աշխատում են այդ բնագավառում: Մեր գործունեության երկու հիմնական ուղղություններն են նանոֆիզիկան և նյութագիտությունը՝ ռենտգենյան մեթոդների օգտագործմամբ…

…Մենք կարծում ենք, որ կրթական այս ծրագրի օգնությամբ իրապես կարող ենք մեր ուսանողներին ընդհուպ մոտեցնել հիմնարար գիտության և ճարտարագիտության այսօրվա հետազոտությունների առաջնագծին:

— Ի՞նչ հնարավորություններ է այն ընձեռելու ուսանողներին:

— Կրթական այս ծրագիրը ճանապարհ է դեպի մտավոր գործունեության և հաջողակ գործարարության ոլորտներ: Այն ապահովում է մուտք դեպի նանոգիտության և նանոտեխնոլոգիաների բնագավառ­ներ, որոնց նվաճումները 21-րդ դարում բարձր տեխնոլոգիական արդյունաբերու­թյան, էներգետիկայի, բժշկության, բնապահպանության, արհեստական բանականու­թյան և քվանտային նոր տեխնոլոգիաների ոլորտներում արդեն արմատապես փոխում են մարդկության կյանքը:

…Կրթական այս ծրագրի շրջանավարտները հեշտությամբ կարողանալու են գործունեություն ծավալել և դառնալ լավագույն մասնագետներ նմանատիպ շատ ոլորտներում: Վստահ ենք, որ այսպիսի մասնագետների պահանջարկը մեր երկրում շատ մեծ է լինելու, ինչպես ամբողջ աշխարհում…

— Ե՞րբ է գործարկվելու ծրագիրը:

— Ծրագիրը գործարկվելու է 2020 թ. սեպտեմբերից: Ընդունելության համար հատկացված տեղերը, իմ կարծիքով, քիչ են: Հատկացվել են 5 անվճար և 15 վճարովի տեղեր, բայց վստահ եմ, որ «Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ» կրթական ծրագրի պահանջվածությունը հետագայում մեծանալու է:

Ամբողջությամբ՝ այստեղ։

Comment here