ԳլխավորԼուր

Գերմանական «ASIIN» գործակալության փորձագիտական խումբն այցելել է ԵՊՀ

Գերմանական «ASIIN» գործակալության փորձագիտական խումբն այցելել է ԵՊՀ

ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի բակալավրիատական և մագիստրոսական 6 կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրմանն ուղղված գործընթացի շրջանակում գերմանական «ASIIN» գործակալության ձևավորած փորձագիտական խումբն այցելել է ԵՊՀ: Խմբի անդամները ծանոթացել են ԵՊՀ կրթական ծրագրերին, ակադեմիական միջավայրին։

Այդ կրթական ծրագրերն են՝ «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա», «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն», «Մաթեմատիկա» (բակալավրիատական), «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն», «Մաթեմատիկա և կիրառություններ», «Ֆինանսական մաթեմատիկա» (մագիստրոսական)։

Հավատարմագրման գործընթացում ներառված կրթական ծրագրերի ընտրությունը կատարվել է հաշվի առնելով ոչ միայն կրթական ծրագրերի հեռանկարային լինելը, այլև պահանջարկը, նյութատեխնիկական ռեսուրսների համապատասխանությունը հավատարմագրման միջազգային չափանիշներին:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը փորձագիտական խմբին ներկայացրեց ԵՊՀ գործունեությունը, առաջնահերթությունները: Խոսելով միջազգային գործակալության հետ համագործակցության մասին՝ ասաց.

«Սա գերմանական «ASIIN» գործակալության հետ մեր երկրորդ համագործակցությունն է։ Առաջին համագործակցության արդյունքում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի և Ֆարմացիայի ինստիտուտի բակալավրիատական և մագիստրոսական կրթական ծրագրերը ստացան միջազգային հավատարմագրման հավաստագրեր։ Այս գործընթացը սկսել ենք երեք տարի առաջ, և այժմ մեկնարկում ենք նոր գործընթաց՝ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի 6 կրթական ծրագրերի հավատարմագրման նպատակով։ Նախկինում շատերը չէին հասկանում, թե ինչու պետք է անցնենք այս գործընթացի միջով, քանի որ աշխատանքը ծանր էր, շատ ջանքեր պահանջող։ Գործընթացի ընթացքում, սակայն, բոլորը հասկացան, որ միջազգային հավատարմագրումը կարևոր է թե՛ համալսարանի, թե՛ ծրագրերի, թե՛ ուսանողների համար։ Այս տարիների ընթացքում Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը տվել է բազմաթիվ շրջանավարտներ, որոնք բազմաթիվ հաջողություններ են ունեցել տարբեր հաստատություններում»։

«ASIIN» գործակալության ներկայացուցիչ Մարիա Մոթես«ASIIN» գործակալության ներկայացուցիչ Մարիա Մոթեսը (Maria Mothes) գործակալության անունից շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին՝ նշելով, որ սպասում է արդյունավետ քննարկումների։

«Կարծում եմ՝ այս հավատարմագրման գործընթացներում կարևորն այն է, որ մենք աշխատում ենք մի ընդհանուր նպատակի շուրջ՝ բարելավելու բարձրագույն կրթությունը և բարձրացնելու ուսումնական ծրագրերի որակը: Այսպիսով՝ ես անհամբեր սպասում եմ դրան»,- ավելացրեց նա:

Հիշեցնենք, որ գերմանական «ASIIN» միջազգային գործակալությունը հավատարմագրել էր ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի «Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա» բակալավրիատի, «Ընդհանուր և բժշկական կենսաքիմիա» մագիստրատուրայի և Ֆարմացիայի ինստիտուտի «Ֆարմացիա» բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերը։