Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

ԵՊՀ ուսանող Խաչիկ Պողոսյանը ծննդյան 21-ամյակը տոնեց երկնքում

Խաչիկ Պողոսյանի գրքի շնորհանդեսը ԵՊՀ-ում

«Մարտական ծառայության» մեդալակիր, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, ԵՊՀ ուսանող Խաչիկ Պողոսյանը ծննդյան 21-ամյակը տոնեց երկնքում, իսկ երկրի վրա ապրող նրա հարազատները, բարեկամներն ու ընկերները հավաքվեցին ԵՊՀ-ում՝ նշելու անմահ հրետանավորի ծնունդը, որի ընթացքում տեղի ունեցավ նրա մասին պատմող «Հրետանավորը» գրքի շնորհանդեսը, և սկիզբ դրվեց «Խաչիկ Պողոսյան» բարեգործական հիմնադրամի գործունեությանը: Այս մասին տեղեկացնում են ԵՊՀ-ից։

Միջոցառմանը ներկայացվեցին հերոսի կենսագրությունն ու անցած ուղին, հնչեցին նաև երաժշտական կատարումներ: Հանդես եկան դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը և բելգիաբնակ թավջութակահար Սևակ Ավանեսյանը՝ կատարելով նաև Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը, որը Սևակ Ավանեսյանը պատերազմի ընթացքում նվագել էր Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում, երբ այն երկու անգամ ենթարկվել էր հրետակոծման:

Երգիչ, երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանն էլ, որի որդին՝ ԵՊՀ ուսանող Վարդան Ամալյանը, նույնպես հերոսացել ու անմահացել է Արցախյան 44-օրյա պատերազմում, երկու երգ կատարեց՝ դրանք նվիրելով պատերազմի բոլոր մասնակիցներին և այսօր էլ խրամատներում կանգնած բոլոր զինվորներին:

Միջոցառմանը ներկայացվեց «Հրետանավորը» գիրքը, որում անդրադարձ է կատարվում Խաչիկ Պողոսյանի կյանքին ու հերոսական սխրանքներին։

Ysu.am-ի հետ զրույցում Խաչիկի մայրը՝ ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ Նարինե Հարությունյանը, ասաց, որ միշտ ցանկացել է՝ Խաչիկի մասին պատմող գիրք լինի՝ որպես նրա կերպարը ներկայացնող մնայուն արժեք, սակայն չգիտեր, թե ինչ ձևաչափով ու ինչ ձևով պետք է այն լիներ. «Սամվել Բիշարյանը, որը Խաչիկի մասին բանաստեղծություններ էր գրել, առաջարկեց նրա մասին պատմող ու նրան նվիրված բոլոր նյութերը հավաքագրել և դարձնել գիրք: Ես այդպես էլ վարվեցի, և այսօր ունենք Խաչիկի նման սիրուն գիրք»:

«Հրետանավորը» գիրքը կազմել է հենց Նարինե Հարությունյանը, խմբագրել՝ ԵՊՀ դասախոս, բան. գիտ. թեկնածու Մերի Հովհաննիսյանը, համակարգչային ձևավորումն էլ իրականացրել է ԵՊՀ հրատարակչության աշխատակից Կարինե Չալաբյանը:

Միջոցառմանը սկիզբ դրվեց նաև «Խաչիկ Պողոսյան» բարեգործական հիմնադրամի գործունեությանը, որի միջոցները, ինչպես մեզ հետ զրույցում ասաց Նարինե Հարությունյանը, կուղղորդվեն բարեգործության. «Հիմնադրամի շահառուները լինելու են աշակերտներ, ուսանողներ, հետազոտողներ, որոնց գաղափարները կնպաստեն ռազմարդյունաբերության զարգացմանը և պետականության պահպանմանն ու ամրապնդմանը»:

Խաչիկ Մարտիրոսի Պողոսյանը ծնվել է 2000 թ. հոկտեմբերի 28-ին Երևան քաղաքում։ Դպրոցական ուսում­նառությանը զուգահեռ զբաղվել է տարբեր սպորտաձևերով՝ շախմատ, լող, կարատե, ջրի գնդակ, բասկետբոլ, վինգ չուն: Մասնակցել է բազմաթիվ հանրապետական մրցում­ների, պարգևատրվել պատվոգրերով ու մեդալներով:

2017 թ. ընդունվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ։

Երկրորդ կուրսի երկրորդ կիսամյակից Խաչիկը զորակոչվել է ՀՀ զինված ուժեր 2019 թ. հունվարի 17 -ին: Ծառայության 6 ամիսն անցել է Լուսակերտի ուսում­նական զորամասում: Ստացել է կրտսեր սերժանտի կոչում: Հաջորդ վեց ամիսը նա ծառայել է Կարճաղբյուրի զորամասում, իսկ 2020 թ. հունվարից իրականացրել է մարտական ծառայություն Քարվաճառի շրջանում:

Սեպտեմբերի 27-ի լուսաբացից Խաչիկ Պողոսյանն իր զինակից ընկերների հետ մասնակցել է Արցախյան քառասունչորսօրյա պատերազմին: Պատերազմական գործողությունների ողջ ընթացքում ցուցաբերել է բացառիկ խիզախություն, անձնական արիություն և անձնուրացություն։ Իրականացրել է իր հաշվարկի գործողությունների հմուտ ղեկավարում, գրագետ և ճշգրիտ կրակի ապահովում, որի արդյունքում հաշվարկը խոցել է հակառակորդի բազմաթիվ զրահատեխնիկա, հրետանային միջոցներ և կենդանի ո­ւժ։ Կրակով պատսպարել է յուրային ստորաբաժանումների մարտական դիրքերը՝ կանխելով հակառակորդի գրոհային խմբերի ներթափանցումը թիկունք։

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, Քարվաճառի «Սուսուզլուկ» տարածքում գտնվող կրակային դիրքի շրջանում իր մարտկոցի կազմով մարտական խնդիրն ավարտելուց հետո, հակառակորդի կրակից ստացել է մահացու բեկորային վիրավորում։

Comment here