ԳլխավորԼուր

Երիտասարդությունը և ազատությունը. դասախոսություն-քննարկում ԵՊՀ-ում

«Երիտասարդությունը և ազատությունը ուշխորհրդային Հայաստանում» խորագրով դասախոսության ժամանակ

Երևանի պետական համալսարանի և Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի գործակցության շրջանակում ԵՊՀ պրոֆեսոր Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում անցկացվեց «Երիտասարդությունը և ազատությունը ուշխորհրդային Հայաստանում» խորագրով դասախոսություն։

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը և մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը դասախոսության շրջանակում ներկայացրին Խորհրդային Հայաստանի երիտասարդների դերակատարումը հասարակական և քաղաքական գործընթացներում։

Պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանն իր դասախոսության ընթացքում ընդգծեց, որ երիտասարդները մեծ դեր և ազդեցություն են ունեցել 1960-80-ական թվականների («Խրուշչովյան հալոցք» կամ «Ձնհալի տարիներ») Խորհրդային Հայաստանում: Նա նշեց, որ այդ տարիներին սկսվել էր մտքի ազատականացման գործընթացը, ինչի արդյունքում ակտիվացան ազատական շարժումները (հիպպիզմ, այլախոհություն), փոփոխվեցին երաժշտական ճաշակը և հագուկապը, նոր թափ ստացավ արգելված գրականության ընթերցանությունը, ակտիվացավ սրճարանային մշակույթը։ Ըստ Դավիթ Հովհաննիսյանի՝ բոլոր այս փոփոխությունները կատարվեցին օրեցօր ակտիվացող երիտասարդների շնորհիվ, որոնք ցանկանում էին ազատվել Խորհրդային Միության սահմանափակված կյանքից։ Խորհրդային Հայաստանի ազատականացման հիմնական կենտրոնը ԵՊՀ-ն էր։

«Ամբողջատիրությունը մարդուն զրկում է սեփական մտածողությունից, իսկ Խորհրդային Միությունը տիպիկ ամբողջատիրական պետություն էր։ Ազատականացումն սկսվեց, երբ Խորհրդային Միության տոտալիտար համակարգը փլուզվեց 1950-ականներին»,- ասաց Դավիթ Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ մարդկանց տարբերվելու ձգտումը հանգեցրեց ազատականացման։

«Ջինսը, կոկա-կոլան, ռոքը, ջազը ազատության խորհրդանիշներ էին մարդկանց համար, այդ իսկ պատճառով նրանք ձգտում էին հասնել այդ ամենին։ Դա մարդկանց համար վառ կյանքի խորհրդանիշ էր»,- հավելեց պրոֆեսորը։

Այս համատեքստում մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը մատնանշեց, որ այսօր մարդկանց համար, օրինակ, սովորական երևույթ է գունավոր ու ծաղկավոր հագուստ կրելը, մինչդեռ խորհրդային տարիներին մարդկանց հագուստի ձևը որոշվում էր Խորհրդային Միության կոմունիստական կուսակցությանը կից գործող Գեղագիտական խորհրդի կողմից։

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը և մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը և մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը

«Գեղագիտական խորհրդում նախ գծագրում էին հագուստի 1-2 ձև, որոշում էին կտորի տեսակը և ուղարկում Խորհրդային Միության կարի արտադրամասեր (ընդ որում՝ դրանք բոլորը պետական էին), և այնտեղ կարում էին այդ ձևած հագուստը։ Կարված հագուստը վաճառվում էր պետական հանրախանութներում, քանի որ մասնավոր հանրախանութներ չկային։ Իսկ արտասահմանյան հագուստ հագնելը համարվում էր հակախորհրդային արարք»,- պատմեց Աղասի Թադևոսյանը։

Դավիթ Հովհաննիսյանը, խոսելով խորհրդային ամբողջատիրական համակարգի փլուզումից, փաստեց, որ նույնիսկ Խորհրդային միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամների երեխաներն էին ձգտում ապրել Նյու Յորքում, ոչ թե Մոսկվայում. սա արդեն վկայում էր ամբողջատիրական պետության արժեքային համակարգի քայքայման մասին։

««Երկաթե վարագույրը» ճեղքվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ մեծ թվով մարդիկ եկան և սկսեցին պատմել, օրինակ, Ավստրիայի գյուղերի բարեկիրթ կյանքի մասին։ Այդ մարդիկ իրենց հետ բերում էին գեղեցիկ ապրանքներ։ Տեսնելով ու լսելով այդ ամենը՝ ժողովուրդը հասկացավ, որ աշխարհը շատ ավելի գունագեղ է»,- մատնանշեց Դ. Հովհաննիսյանը։

Անդրադառնալով տնտեսության ոլորտում պահանջարկի մեծ դերին և այդ պահանջարկի ազդեցությամբ առաջ եկած շարժումներին՝ պրոֆեսորը շեշտեց. «Նոր շարժման կողմնակիցները զարտուղի ճանապարհներով ստեղծում էին արտադրություններ, որտեղ արտադրում էին այն, ինչը անհրաժեշտ էր մարդկանց։ Հենց այդ ժամանակաշրջանից ամբողջատիրական համակարգը տնտեսական առումով սկսեց փլուզվել»։

Դասախոսության ավարտին մասնակիցները բանախոսներին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը։