ԳլխավորԽճանկար

«Երբ քո երկրում չես, սովորում ես ճիշտ կառավարել ժամանակդ»

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող Գայանե Դավթյանը «էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում կրթությունը շարունակում է Չեխիայի Հրադեց Կրալովեի համալսարանում:

Ysu.am-ի հետ զրույցում Գայանեն պատմել է Չեխիայում սովորելու, մասնագիտական հաջողություններում ԵՊՀ-ի ունեցած դերի մասին:

Հասարակական հիմնախնդիրները, երևույթներն ու փոփոխություններն իմ ամենօրյա հետաքրքրությունների շրջանակն են կազմում:

Դեռ վաղ տարիքում ցանկացած որոշում մեծ դժվարությամբ էի կայացնում։ Մասնագիտության ընտրությունը ևս բացառություն չէր։ Մասնագիտական կողմնորոշման եռօրյա դասընթացի մասնակցելուց հետո միայն կարողացա գտնել ինձ համար կարևոր առաջնահերթությունները՝ ընտրելով սոցիոլոգի մասնագիտությունը։ Ընդունելության թերթիկում նշել էի միայն ԵՊՀ-ի սոցիոլոգիայի բաժինը՝ վստահ լինելով, որ կընդունվեմ և… ընդունվեցի։

Եվրոպական կրթությանը ծանոթանալու մասին երազում էի դեռ 17 տարեկանից:

Կար ժամանակ, երբ արտասահմանում կրթություն ստանալը անհասանելի մի բան էր թվում։ Երբեմն համարձակվում էի երազել, սակայն մինչև վերջերս էլ լուրջ քայլեր անել չէի համարձակվում։

ԵՊՀ-ն մասնագիտական շրջանակն ընդլայնելու հնարավորություն է տալիս:

ԵՊՀ կայքէջում պարբերաբար հայտարարություններ են տեղադրվում արտերկրում ուսումը շարունակելու վերաբերյալ։ Ուսանողին միայն մնում է հասկանալ՝ ինչպես ճիշտ օգտվել ընձեռված հնարավորություններից։

Երբ քո երկրում չես, սովորում ես ճիշտ կառավարել ժամանակդ և գումարդ: Հաղորդակցման հմտությունը մեր օրերի ամենակարևոր ոչ մասնագիտական հմտությունն է, որ ցանկացած գործատու պահանջում է։ Այդ հմտությունն էլ լավագույնս զարգանում է, որովհետև դուրս ես գալիս քո «հարմարավետության գոտուց»՝ շփվելով անծանոթ ու օտարազգի մարդկանց հետ։

Աշխարհի տարբեր երկրներից ձեռք եմ բերել նոր ընկերներ՝ սկսած Բրազիլիայից մինչև Հոնկոնգ։

Չեխիայում անցկացրած ամիսներն ինձ տվեցին ինքնակազմակերպման, հաղորդակցման հմտություններս զարգացնելու, արտերկրի մշակույթին ծանոթանալու և նոր ընկերներ ձեռք բերելու հնարավորություն։

Էրազմուսյան փորձն ունեցածս լավագույն հնարավորությունն է։

Սա այն հնարավորությունն է, որը չօգտագործելով՝ կարելի է զրկվել շատ այլ հնարավորություններից։ Այն ամենը, ինչ ես ստացա և շարունակում եմ ստանալ արտերկրում, մի անձնական վիճակ է, որը մեկ բառով կարող եմ անվանել «երջանկություն»։