ԳլխավորԼուր

«Տեղ չկա, որ ի՞նչ եք եկել». ահազանգ` ԵՊՀ «Ռոմանո»-ում արցախցիների հանդեպ խտրականության մասին

Usanogh.am-ը Արցախից բռնի տեղահանված ուսանողից ստացել է ահազանգ այն մասին, որ Երևանի պետական համալսարանում արցախցի ուսանողների նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսևորումներ են եղել որոշ ուսանողների կողմից:

«Օրինակ` եղել են դեպքեր, երբ լսարաններում տեղ չի եղել, Արցախից եկած ուսանողներին ասել են. «Առանց այն էլ շատ ենք, դուք էլ եկել-լցվել եք, ավելի ենք շատացել, տեղ չկա, որ ի՞նչ եք եկել»: Կոնկրետ ԵՊՀ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում Արցախից բռնի տեղահանված ուսանողների հասցեին հնչել է այսպիսի արտահայտություն. «Ղարաբաղի բոմժերն են եկել»: Իրենց նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, իրենց հասցեին հնչած վիրավորական արտահայտությունների պատճառով որոշ ուսանողներ նույնիսկ լքել են ԵՊՀ-ն և տեղափոխվել են այլ բուհեր»-հայտնեց մեզ մեր աղբյուրը` նախընտրելով մնալ անանուն:

Usanogh.amի հետ զրույցում ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը մեկնաբանեց, որ ստեղծված իրադրության առաջին իսկ օրերից Երևանի պետական համալսարանում, կանխատեսելով` ինչ իրավիճակ է սպասվում, սկսվել են նախապատրաստական աշխատանքներ արցախցի ուսանողներին հնարավորինս լավ դիմավորելու, նրանց ուսումնառության հետ կապված գործընթացը հնարավորինս մեղմ, արդյունավետ իրականացնելու ուղղությամբ.

«Մինչև այժմ ԵՊՀ-ում բոլոր դասախոսները, մյուս աշխատակիցները լծված են այն գործին, որ արցախցի ուսանողների ուսումնառությունն այստեղ հնարավորինս արդյունավետ իրականացվի, բայց նաև քաջ գիտակցում ենք, որ ԵՊՀ-ն շատ մեծ կառույց է, որտեղ սովորում է ավելի քան 14 հազար ուսանող, և նման բախումներն անխուսափելու են լինելու, ու ողջ պրոցեսը վերահսկել հնարավոր չէ: Վերջերս էլ քննաշրջան անցկացվեց, դասախոսների մեջ ներքին պայմանավորվածություն կար արցախցի ուսանողների նկատմամբ մեղմ մոտեցում ցուցաբերելու»,-եզրափակեց նա:

Usanogh.am-ն ավելի վաղ ներկայացրել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի գրառումը` բուհերում արցախցիների նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին մտահոգիչ ահազանգերի առնչությամբ:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ