ԳլխավորՄի կտոր գիրք

Նրանք ունեն սոսկ այն, ինչին արժանի են. Ալբեր Քամյու («Օրագրություններ»)

Ալբեր Քամյու

Ներկայացնում ենք հատվածներ ֆրանսիացի փիլիսոփա, գրող և լրագրող Ալբեր Քամյուի (նոյեմբերի 7, 1913 — հունվարի 4, 1960) «Օրագրություններ»-ից։

***

13 փետրվարի, 36:

Ես մարդկանցից ավելին եմ պահանջում, քան նրանք կարող են ինձ տալ: Ունայնորեն պնդել հակառակը: Բայց ինչ մոլորություն և ինչ հուսահատություն: Եվ ես ինքս, հնարավոր է …

Շփումներ փնտրել: Ցանկացած շփումներ: Եթե ես ուզում եմ գրել մարդկանց մասին, ինչպե՞ս պոկվեմ բնապատկերից: Իսկ եթե ինձ հրապուրում են երկինքն ու լույսը, մի՞թե կմոռանամ աչքերն ու ձայները նրանց, որոնց սիրել եմ: Ամեն անգամ ինձ նվիրում են ընկերության մասնիկները, զգացմուքնների պատառիկները, և երբեք ամբողջ զգացմունքները, ամբողջ ընկերությունը:

Այցելության եմ գնում ինձնից տարիքով ընկերոջը, որպեսզի ամեն ինչ պատմեմ: Ծայրահեղ դեպքում այն մասին, ինչը շնչահեղձ է անում: Բայց նա շտապում է: Խոսակցություն ամեն ինչի և ոչնչի մասին: Ժամանակն անցնում է: Եվ ահա ես՝ ավելի միայնակ ու ավելի դատարկ: Այս հիվանդոտ իմաստնությունը, որը ես փորձում եմ կառուցել, կարող է ցիրուցա՛ն լինել շտապող ընկերոջ հպանցիկ ասված ցանկացած բառից. «Non ridere, non lugere»… և կասկածանքներն ինքս իմ և ուրիշների վերաբերյալ:

Մարտ։

Օրը՝ ամպերով և արևով հատանցված:  Ցուրտը՝ դեղին փայլփլուքներով: Ես պետք է ժամանակի ամեն օրվա օրագիր պահեմ: Այս գեղեցիկ երեկվա թափանցիկ արևը: Ծովախորշը թրթռուն լույսի՝ հանց թաց շուրթեր: Եվ ես աշխատել եմ ամբողջ օրը:

Խորագիրը՝ Աշխարհի հույսը:

Գրենյեն կոմունիզմի մասին. «Ամբողջ հարցը սա է. արդարության գաղափարի համար պե՞տք է բաժնեգրվել հիմարություններին»: Կարող ենք պատասխանել «Այո». դա գեղեցիկ է: «Ոչ». դա ազնիվ է:

Հավասար պայմաններում. քրիստոնեության հիմնախնդիրը: Մտահոգո՞ւմ են արդյոք հավատացյալին ավետարանների հակասությունները և Եկեղեցու անզսպությունը: Հավատալ նշանակում է ընդունե՞լ Նոյյան Տապանը, նշանակում է պաշտպանե՞լ Ինկվիզիցիան կամ դատարանը, որը դատապարտեց Գալիլեյին:

Բայց, մյուս կողմից, ինչպե՞ս հաշտեցնել կոմունիզմը և զզվանքը: Եթե ես փորձում եմ ծայրահեղ դրսևորումները՝ մինչ անհեթեթություն և անպիտանություն, ես ժխտում եմ կոմունիզմը: Եվ այս կրոնական մտահոգությունը…

Մահը, որը խաղին և հերոսականությանն իրենց իսկական իմաստն է տալիս:

Երեկ: Արևը կառամատույցի վրա, արաբ լարախաղացները և նավահանգիստը՝ լույսից վեր ցատկող: Թվում է, թե վերջին ձմռանը, որն անցկացնում եմ այստեղ, այս երկիրը շռայլում է ու ծաղկում: Ցրտի ու արևի ամբողջովին պայծառ այս եզակի ձմեռը: Կապույտ սառնամանիքով:

Սթափ գինովությունն ու ժպտացող աղքատություն — հուսահատություն առնական համաձայնության մեջ հունական քարակոթողների: Ինչո՞ւ պետք է գրեմ կամ արարեմ, սիրեմ կամ տառապեմ:   Այն, ինչը կորցրել եմ իմ կյանքում, ըստ էության, ամենակարևորը չէ: Ամեն ինչ անիմաստ է դառնում:

Ո՛չ հուսահատությունը, ո՛չ էլ ուրախությունները, կարծում եմ, հիմնավորված չեն այս երկնքի և նրանից իջնող տոթ պայծառության առջև:

16 մարտի:

Երկարատև զբոսանք: Բլուրներ ծովի հետնախորքին: Եվ նուրբ արև: Մացառներում ամենուր մասրենու սպիտակ ծաղիկներ: Խոշոր հյութեղ ծաղիկներ՝ մանուշակագույն տերևներով: Եվ վերադարձը, կանացի հեզահամբույր ընկերությունը: Երիտասարդ կանանց լուրջ և ժպտացող դեմքերը: Ժպիտներ, կատակներ և ծրագրեր: Մտնում ենք խաղի մեջ: Եվ, չհավատալով դրան, ողջ աշխարհը ժպտում է արտաքուստ և ձևացնում, թե հպատակվել է: Ոչ մի կեղծ նոտա: Ես աշխարհին կապված եմ իմ բոլոր շարժումներով, մարդկանց՝ ողջ իմ երախտագիտությամբ [2]: Բլուրների բարձրությունից տեսանելի են արևի ճնշման ներքո վերհառնող մշուշները՝ վերջին անձրևներից մնացած: Անգամ անտառի միջով իջնող, ինձ այդ խծուծի մեջ ընկղմող, վերևից տեսնվող արևն ու այս զարմանալի օրը, որի մեջ ուրվագծվել են ծառերը: Վստահություն և ընկերություն, արև և սպիտակ տներ, նրբերանգներ՝ հազիվ տարբերակելի, օ՜, իմ անեղծ երջանկություն, որն արդեն մեկնել է, և որն ինձ այլևս չի ազատում երեկոյան մելամաղձությունից, ինչպես երիտասարդ կնոջ ժպիտը կամ ինտելեկտուալ հայացքն ընկերության, որը գիտի հասկանալ:

***

Ժամանակն արագ է հոսում, քանի որ չի տարածվում կողմնորոշիչներով: Այդպես էլ լուսինը զենիթում և հորիզոնին: Ահա թե ինչու պատանեկության տարիներն այդքան երկարատև են, քանի որ դրանք լեփ-լեցուն են, իսկ ծերության տարիներն՝ այդքան կարճատև, քանի որ արդեն որոշարկված են: Օրինակ՝ նկատենք, որ գրեթե անհնար է դիտել սլաքի շրջապտույտը թվացույցի վրա հինգ րոպե ՝ այնքան տևական բան է դա ու զայրացնող:

Մարտ:

Գորշ երկինք: Բայց լույսը ներթափանցում է: Հենց նոր՝ ջրի մի քանի կաթիլ: Այնտեղ, ներքևում,  ծովախորշն արդեն մթագնել է: Լույսերը բոցավառվում են: Երջանկությունը և նրանք, ովքեր երջանիկ են: Նրանք ունեն սոսկ այն, ինչին արժանի են: